4409      0

10 խոսք, որոնք չպետք է ասել երեխային

Հոգեբան և քոուչ Քեթի Կապրինոն (Kathy Caprino) պատմում է, թե ինչպես խուսափել այն հոգեկան տրավմաներից, որոնք փոխանցվում են սերնդե-սերունդ:

Բազմաթիվ տարիներ ընտանեկան թերապևտ և անձնային աճի մարզիչ աշխատելու ընթացքում հաճախ եմ ապշել այն բանից, թե ինչ են ասում և անում որոշ ծնողներ՝ լուրջ վնաս հասցնելով իրենց երեխաներին:

Իսկ աշխատելով հազարավոր միջին տարիքի տղամարդկանց և կանանց հետ, ովքեր ձգտում են կյանքից ստանալ առավելագույնը, պարզել եմ, որ այն, ինչ ասել և արել են նրանց ծնողները շատ տարիներ առաջ, լրջորեն ազդել է նրանց ինքնագնահատականի և սեփական կյանքը կառուցել կարողանալու վրա:

Ակնհայտ է, որ տրավմայի ենթարկված ծնողներն իրենք էլ՝ գիտակցված կամ չգիտակցված, տրավմայի են ենթարկում իրենց երեխաներին:

Նարցիսիզմով տառապող մարդկանց ավագ տարիքի երեխաների հետ տարած իմ վերջին աշխատանքի գլխավոր հետևությունը հետևյալն է. այն բառերը, որոնք դուք սովորաբար արտաբերում եք, և այն գործողությունները, որոնք կատարում եք որպես ծնող, կարող են և անպայման կազդեն ձեր երեխայի մտքերի և զգացմունքների վրա հետագա ողջ կյանքի ընթացքում:

Շատ կարևոր է ծայրահեղ ուշադիր լինել այս հարցում: Օրինակ, եթե մանուկ հասակում դուք տրավմայի եք ենթարկվել, պետք է դիմեք համապատասխան օգնության, որպեսզի սովորեք կառավարել ինքներդ ձեզ, ձեր էմոցիաները, տագնապները, վախերը և «էներգիայի պակասը», որովհետև այդ բոլոր խնդիրները հետագայում կազդեն նաև ձեր երեխայի վրա:

Այլ խոսքերով, աշխատեք հնարավորինս արդյունավետ լինել ծնողական պարտականությունները կատարելիս: Ձեր երեխաները կանեն այն, ինչ դուք եք անում, այլ ոչ թե այն, ինչ ասում եք: Եթե զգոն չլինեք այն հարցում, թե ինչպես եք ձեզ պահում և շփվում, նրանք շատ ցավոտ դասեր կստանան ձեզանից, որոնք դուք չէիք ցանկանա տալ նրանց:

Հուսով եմ, որ բարյացկամ կգտնվեք ձեր երեխաների նկատմամբ և չեք վնասի նրանց այն նույն տրավմաներով ու բեռով, որով ծանրաբեռնել են ձեզ ձեր ծնողները:

Ես նույնպես մայր եմ՝ իմ սեփական մանկական վերքերով ու ապրումներով, և իհարկե, ես էլ եմ թույլ տվել շատ սխալներ և բացթողումներ: Այդ պատճառով ոչ ոքի չեմ մեղադրում, ինքս էլ շատ անգամ եմ սխալվել:

Ստորև ներկայացնում եմ 10 խոսք, որոնք, կարծում եմ, ծնողները ԵՐԲԵՔ չպետք է ասեն իրենց երեխաներին, եթե ցանկանում են, որ նրանք մեծանան առողջ, երջանիկ, հավասարակշռված, ինքնավստահ ու ինքնաբավ:

Երբեք մի ասեք.

«Քո գաղափարը (կամ դու) հիմար է»

Եթե ցանկանում եք ձեր երեխաներին ինքնուրույն մտածել սովորեցնել, երբեք չպետք է ասեք, որ նրանց գաղափարներըը «հիմար» են, կամ, որ նրանք բավարար խելացի և ունակ չեն ինքնուրույն մտածելու համար: Դրա փոխարեն պետք է օգնեք, որպեսզի նրանք կառուցեն իրենց ներքին ինքնավստահությունը, հնարավորություն ստանան և ունակ լինեն կարևոր որոշումներ կայացնել, կարողանան արդյունավետ աշխատել նոր գաղափարների հետ, որոնք նրանց կբերեն հնարավոր լավագույն կյանքի կառուցմանն ուղղված ճիշտ գործողությունների:

«Դու չես հասկանում, թե ինչի մասին ես խոսում»

Լավ դաստիարակությունն այն չէ, որ դուք մշտապես ապացուցեք ձեր իրավացի լինելը: Իրականում դա վատ դաստիարակություն է: Առողջ դաստիարակությունն օգնում է երեխային ինքնավստահ և ինքնուրույն լուծել իր կյանքում հանդիպող խնդիրները:

Եթե նրանց ասեք, որ չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում, նրանք կդառնան լուռ, չեն արտահայտի իրենց մտքերն ու կարծիքները, կսկսեն ձեր մեջ տեսնել մի մարդու, որի հետ չարժե կիսել ներքին կասկածներն ու մտքերը: Մի նվաստացրեք նրանց այն գաղափարների համար, որոնք կարող են դեռևս լիովին ձևավորված կամ կոնկրետացված չլինել:

«Դու դա չպետք է զգաս»

Հիշում եմ, թե ինչպես տարիներ առաջ իմ հարևանը բղավում էր իր փոքրիկ որդու վրա. «Այսօր դու եկեղեցի կգնաս, և դա քեզ դուր կգա»: Ինչ էլ որ ասեք, սա առողջ դաստիարակություն չէ: Իհարկե, կարող եք ցանկություն ունենալ երեխայի մոտ հավատ սերմանել, որ եկեղեցի, սինագոգ, մզկիթ այցելելը (կամ ցանկացած ավանդույթի հետևել) կարևոր է, բայց դուք իրավունք չունեք ասել, թե ինչ զգացմունքներ նա պետք է ունենա դրա հետ կապված:

Ինչպե՞ս կզգայիք ձեզ, եթե ինչ-որ մեկն ասեր, որ «դուք պետք է ուրախանաք» մի բանի համար, որը ձեզ տխրություն է պատճառում:

Երբ ծնողները պնդում են, որ իրենց երեխաները զգան կամ մտածեն որոշակի ձևով, դա բերում է միայն մի բանի. երեխաները սկսում են մտածել, որ վատ է լինել այնպիսին, ինչպիսին նրանք կան իրականում: Նրանք զգում են, որ չեն կարող լիովին անկեղծ լինել ձեզ հետ կամ ցույց տալ իրենց իրական հույզերը:

Այս դեպքում տեղի կունենա այն, որ նրանք կդադարեն ասել ճիշտը և կդադարեն զգալ, որ այս աշխարհում անվտանգ է լինել այնպիսին, ինչպիսին որ կաս: Իսկ դա ձեզ հաստատ պետք չէ: Հատկապես դեռահասային տարիքում, երբ նրանց շուրջը շատ վտանգավոր վարքեր կան, և դուք կցանկանայիք, որ նրանք ազատ ձևով քննարկեին այն, ինչն իրենց անհանգստացնում է:

«Դու երբեք չես կարող դա անել»

Եկեք անկեղծ լինենք, դուք իրականում չեք կարող ասել, թե ապագայում ինչի է ունակ հասնել ձեր երեխան, եթե նույնիսկ մտածում եք, որ գիտեք դա: Ես տեսել եմ, թե ինչպես են մարդիկ իրենց կյանքում հրաշալի, ապշեցուցիչ բաներ արել, չնայած նրան, որ ծնողները և շրջապատողներն ասել են, որ դա հնարավոր չէ: «Դու երբեք չես կարող դա անել» արտահայտությունը հարվածում է նրանց, ոտքերի տակից տանում հողը:

Ցավոք, եթե որպես ծնող այդ կերպ եք վարվում, սպանում եք երեխայի ապագա վերելքների  և ձեռքբերումների զարմանալի հնարավորությունները: Պետք չէ լինել այն ՄԵԿԸ, ով կասի, որ նրանք չեն կարող, ունակ չեն: Առանց այդ էլ շրջապատող աշխարհում կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն դա: Թողեք, որ նրանք իրենք գտնեն այն նպատակը, որին ցանկանում են հասնել և փորձեն հասկանալ, թե ինչի են ունակ:

«Դու շատ փոքր ես, որ իմանաս, թե ինչ ես ուզում»

Իմ թերապևտիկ աշխատանքից գիտեմ, որ մենք՝ մարդիկս, դեռ շատ վաղ տարիքում ճշգրիտ և խորը ճանաչում ու հասկանում ենք իրերը: Մենք գիտենք, թե ինչ ենք զգում և ուզում: Այդ պատճառով, երբ ձեր երեխային ասում եք, որ ինքը չգիտի, թե ինչ է ուզում, դուք խաթարում եք նրա՝ իր իսկ նկատմամբ ունեցած հավատը, և նա սկսում է ամեն քայլափոխի կասկածել ինքն իրեն:

Որպես ազդեցիկ ծնող, դուք պետք է վաղ տարիքից սովորեցնեք նրանց հպարտանալ այն բանով, թե ինչ են զգում և մտածում, նաև հարգել և աշխատանք տանել դրա հետ: Հետագայում, երբ նրանք բավականաչափ հասուն կլինեն, որպեսզի թողնեն տունը, նրանք շատ ավելի լավ կկարողանան ընտրել այն դրական ու արդյունավետ ուղիները, փոխհարաբերությունները, կարիերայի հնարավորությունները և այլ կարևոր իրադարձություններն ու փորձառությունները, որոնք կարող են օգտակար լինել իրենց կյանքում՝ առանց ամեն քայլափոխի ձեր և այլ մարդկանց կարիքն ունենալու:

«Ես ատում եմ քեզ»

Մենք բոլորս էլ երբեմն կորցնում ենք ինքնատիրապետումը և «դուրս ենք գալիս ափերից»: Մենք մարդիկ ենք: Բայց «ատելության» լեզուն գործածելն այն է, ինչից մենք պետք է խուսափենք: Ասելով երեխային, որ նրան ատում եք, ճնշում եք նրա սեփական արժանապատվության զգացումը: Իսկ դա սարսափելի է փոքրահասակ երեխայի, և շատ ցավալի մեծ տարիքի երեխայի համար:

Երբ ծնողը երես է թեքում երեխայից, նա սկսում է վախենալ այնպես, ինչպես «մահից», որովհետև նրան պատում է լքված լինելու բնազդային վախը, որ կա յուրաքանչյուրիս մեջ:

Եթե դուք չափազանց բարկացած եք և չեք կարողանում վերահսկել ձեզ, որպեսզի ատելությամբ լի ինչ-որ բան չասեք, պետք է դադար վերցնեք, դուրս գաք սենյակից կամ տվյալ իրավիճակից, մինչև որ կկարողանաք ձեզ հավաքել և խոսել հանգիստ, կարեկցաբար, մեղմորեն ու հարգանով: Դուք հասուն մարդ եք և պետք է ձեզ համպատասխան ձևով պահեք:

«Ինչու՞ նման չես եղբորդ/քրոջդ»

Եթե ունեցել եք քույրեր և եղբայրներ, հավանաբար գիտեք, թե ինչ են զգում, երբ նրանց համեմատում են իրար հետ: Դա բոլոր դեպքերում վատ է: Եթե դուք համեմատության մեջ հաղթող եք դուրս գալիս, ամաչում և մեղավոր եք զգում ավելի մեծ հաջողությունների, ավելի գեղեցիկ, տաղանդավոր, խելացի լինելու համար և այլն: Եթե պարտվում եք, ձեզ «ավելի վատն» ու ոչնչություն եք զգում, և դա ստիպում է ձեզ բարկանալ, վիրավորվել, տկար, չսիրված և չգնահատված զգալ:

Ամեն երեխա մի առանձին էություն ու հոգի է: Նրանց համեմատելը մի օգտագործեք որպես միջոց, որպեսզի նրանք ձեր ուզած ձևով վարվեն: Դա կոնֆլիկտ ու լարվածություն է ստեղծում, և հաճախ երեխաներին լարում միմյանց դեմ, ինչը կարող է երկար ժամանակ պահպանվել:

«Դու այդպես խոսելու (կամ մտածելու) իրավունք չունես»

Խոսքի ազատությունը քաղաքակիրթ հասարակությունում պաշտպանվող իրավունքներից է: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի մտածել և կիսվել նրանով, ինչին հավատում է, եթե նույնիսկ ձեզ դուր չի գալիս դա լսել:

Ձեր երեխան իրավունք ունի մտածել և զգալ այնպես, ինչպես նա դա անում է: Բայց, իհարկե, կան նաև հարգանքի, կարեկցանքի, հոգատարության, ապրումակցման և այլ հարցեր: Երբ զգում եք, որ ձեր երեխաները չեն հարգում ձեզ, բարձրացրեք այդ հարցը։ Բացատրեք նրանց, թե ինչու է նրանց վարքը ձեր համար հարգանքի բացակայության դրսևորում նշանակում: Հստակ ձևակերպեք, թե ինչ եք ցանկանում և ինչին եք դուք արժանի: Հստակ սահմանեք ձեր սպասումները, թե ինչպիսին եք ուզում տեսնել երեխայի հետ ձեր փոխհարաբերությունների զարգացումը:

«Անհամբեր սպասում եմ, թե երբ պետք է գնաս»

Այս արտահայտությունը հաճախ լսում եմ այն ծնողներից, ովքեր կարծում են, որ իրենց փոքրիկները և դեռահասները չափազանց  անտանելի և «դժվար» են: Ծնողները չգիտեն ինչպես գլուխ հանել խնդիրներից, որոնք առաջացնում է երեխան: Այդ պատճառով նրանք բարկանում են, հիասթափվում և ունենում անզորության զգացում: Նրանք ցանկանում են, որ այդ ցավը դադարի: Այդ պատճառով ասում են երեխային. «Անհամբեր սպասում եմ, թե երբ պետք է գնաս»:

Մտածեք այն մասին, թե ինչպես է դա ընկալվում և ապրվում երեխայի կամ դեռահասի կողմից: Դա խեղում է նրանց, որովհետև նրանք առանց այդ էլ ամեն օր անում են ամեն հնարավորը, որպեսզի այսօրվա լարված աշխարհում կողմնորոշվեն իրենց բարդ և տագնապալի խնդիրներում: Երեխայի համար սարսափելի և շատ տխուր է, եթե նրա սեփական ծնողը ցույց է տալիս, որ կուշտ է նրանից մինչև կոկորդը: Եթե նույնիսկ գտնում եք, որ ձեր երեխան «դժվար» է և արժանի է նման խոսքերի, մի արտահայտեք դրանք: Դուք ծնող եք և պետք ցույց տաք, որ կարող եք արդյունավետ գլուխ հանել այն ամենից, ինչը կյանքը մատուցում է ձեզ և ձեր ընտանիքին:

«Դու պետք է ամաչես քեզանից»

Ինչպես ասում է Բրեն Բրաունը խոցելիության և ամոթի վերաբերյալ իր աշխատանքում, ամոթը «լուռ համաճարակ է, սխալ վարքի շատ ձևերի գաղտնիքը»: Նա նշում է, որ «ամոթը շատ ցավագին զգացումն է այն բանի, որ մենք արժանի չենք սիրո և կարեկցանքի: Դա ամենապրիմիտիվ մարդկային զգացումն է, որն ապրում ենք բոլորս, և որի մասին ոչ ոք չի ցանկանում խոսել: Եթե ամոթը կյանքի քմահաճույքին թողնենք, այն կարող է կործանել կյանքը»:

Բազմաթիվ այլ ձևեր կան ասելու երեխային, որ նա պետք է վերանայի իր վարքը: Ամոթանք տալը ճիշտ ընտրություն չէ: Պատմեք, թե ինչպես է նրա կոնկրետ վարքը վնասել է ինչ-որ մեկին, որ այն չէր համապատասխանում իրավիճակին, որ նա դրանով ցույց է տվել իր անպատասխանատվությունը: Կամ էլ անդրադարձեք այնպիսի  արժեքների, որոնք կստիպեն, որ երեխան ավելի ուշադիր լինի: Բայց նրան ամոթանք մի տվեք:

Բնօրինակ

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: