Ավստրալիայի ազգային համալսարանի մասնագետները մշակել են մի պարզ ալգորիթմ, որն օգնում է ոչ թե պարզապես անհանգստանալ, այլ սեփական անհանգստությունը դարձնել արդյունավետ:
Անհանգստանալը մեր կյանքի մասն է: Ըստ վերջերս անցկացրած հետազոտության արդյունքների, մեզանից 38%-ը ինչ-որ բանի մասին անհանգստանում է ամեն օր, ինչն, անկեղծ ասած, չեմ կարծում, որ բարձր ցուցանիշ է: Իսկ եթե որոշ շտկումներ մտցնեք, կարող եք ձեր անհանգստությունը վերածել խնդիրները լուծելու արդյունավետ միջոցի:
Դա բարդ չէ, որովհետև շատերս անհանգստանում ենք հենց նրա համար, որ կան խնդիրներ, որոնք ցանկանում ենք լուծել: Անհանգստանալն ինքնին այդ խնդիրները չի լուծում, չնայած, կարող է թույլ տալ, որ մեզ մի փոքր ավելի պատրաստված զգանք: Ավստրալիայի ազգային համալսարանի ինքնօգնության ծրագիրն առաջարկում է գործողությունների մի շարք, որն օգնում է տագնապային մարդկանց լուծել իրենց խնդիրը: Դրանք ընդհանրացված ներկայացվում են 6 հիմնական քայլերի միջոցով.
- Ստուգեք ձեր դիրքորոշումները: Ձեզ համար որոշում կայացրեք, որ պետք է փորձեք ինչ-որ բան լուծել, այլ ոչ թե նստել և խղճալ ինքներդ ձեզ:
- Որոշեք այն անհանգստությունը, որի համար պետք է լուծում գտնել: Այնուհետև հստակեցրեք, թե կոնկրետ ինչի՞ց եք վախենում, և ինչու՞ պետք է վատ լինի:
- Հարցրեք ինքներդ ձեզ ապացույցների մասին: Հիմնվա՞ծ է արդյոք այդ անհանգստությունը նախկինում տեղի ունեցածի վրա: Հիմքեր ունե՞ք ենթադրելու, որ այն իրական է: Գրի առեք դա: Նաև մտածեք, թե կա՞ն արդյոք հակառակ ապացույցներ, որ այն չի իրականանա:
- Որոշեք այն գործողությունները, որոնք կարող եք ձեռնարկել խնդիրը լուծելու համար: Դրանք կարող են լինել մեկից ավելի, այնպես որ ձեր միտքն աշխատեցրեք:
- Գրեք այդ գործողությունների բոլոր դրական և բացասական կողմերը: Դա կօգնի ձեզ հասկանալ, թե դրանցից որոնք պետք է իրականացնեք:
- Ընտրեք այդ գործողություններից մեկը և փորձեք: Այնուհետև գրի առեք, թե որքանով դա օգնեց: Դուք կարող եք օգտագործել այս քայլերը որպես հուշաթերթիկ: Մտածեք յուրաքանչյուր հարցի շուրջ և գրեք հնարավորինս շատ պատասխաններ: Ավելի ուշ կարող եք վերընթերցել դրանք, ինչը կարևոր է անել հատկապես վերջին քայլից առաջ: Եվ ժամանակի ընթացքում կսկսեք հասկանալ ոչ միայն ձեր անհանգստության իրական պատճառները, այլև կգտնեք այդ անհանգստությունը հաղթահարելու ձևերը:
Բնօրինակ