284      0

8-15 օր լավ
արձակուրդի համար

Որքա՞ն ժամանակ է պետք լավ հանգստանալու համար: Ի՞նչ են ասում այդ մասին գիտական հետազոտությունների արդյունքները: Ծանոթացեք «Businessinsider» -ում ներկայացված հոդվածին, որի հեղինակն է Shana Lebowitz-ը:

∴∴∴

Վերջերս ունեցած արձակուրդի առաջին օրն ինձ ամեն ինչ նյարդայնացնում էր: Դեռևս չէի բացել իրերս և չէի կարողանում գտնել գլխարկս: Հոգնել էի թռիչքից, բայց ոչ մի կերպ չէի կարողանում հարմարվել մահճակալին կամ բազմոցին: Եվ որ ամենավատն է, բարկանում էի ինքս ինձ վրա, որ չէի կարողանում հաճույք ստանալ իմ արձակուրդից:

Հաջորդ մի քանի օրերի ընթացքում աստիճանաբար սուզվեցի «արձակուդի առօրյայի» մեջ, քանդեցի կապկպած իրերս և գտա գլխարկս, նաև գտա հանգստանալու իդեալական դիրքը: Ցավոք, երբ արդեն ամբողջությամբ թուլացել էի, մեր յոթօրյա արձակուրդը գրեթե ավարտվեց: Իրականություն վերադառնալու ժամանակն էր:

2012 թվականին Journal of Happiness Studies ամսագրում հրատարակված հոդվածը հաստատում է, որ ես բոլորովին էլ միակ մարդը չեմ, ում ժամանակ է պետք արձակուրդին հարմարվելու համար:

Հետազոտողների կարծիքով, լիարժեք թուլանալու համար անհրաժեշտ է լրիվ 8 օր: (Հետազոտությունից մեջբերում է անում հոգեբույժ Ռիչարդ Ֆրիդմանը New York Times –ի հոդվածում):

58 մարդ, որոնց արձակուրդը տևել էր 2 շաբաթից ոչ պակաս, մասնակցել էր հետազոտությանը: Նրանց հետ հարցում էր անցկացվել արձակուրդից առաջ, հետո և մի քանի անգամ ընթացքում: Տրվել էին այսպիսի հարցեր. «Ինչպե՞ս է ձեր տրամադրությունն այսօր» և «Որքա՞ն լարված եք զգում ձեզ այսօր»:

Արդյունքները ցույց են տվել, որ լավ ինքնազգացողությունը հանգստի առաջին 4 օրերին աճում է աստիճանաբար, իսկ նշանակալիորեն մեծանում է 4-ից մինչև 8-րդ օրը՝ այդ ընթացքում հասնելով իր առավելագույնին:

Հետազոտողներն անդրադառնում են նաև այլ հոդվածների, որտեղ հաստատվում է, որ «լարված աշխատանքային շրջանից հետո որոշ ժամանակ է անհրաժեշտ թուլանալու և արձակուրդի միջավայրին ընտելանալու համար»:

Սա նման է նրան, երբ երկարատև և լարված աշխատանքից հետո վերադառնում եք տուն և չեք կարողանում քնել, որովհետև միտքը դեռ զբաղված է աշխատանքով: Որքան էլ որ ցանկանանք, ակնթարթային ռելաքսացիա չի լինում:

Գլխավոր հետևությունը հետևյալն է. արձակուրդը պլանավորեք առնվազն 8 օրվա համար: Հակառակ դեպքում, չեք հասցնի ադապտացվել և արդեն վրա կհասնի մեկնելու ժամանակը:

Բայց չարժե նաև մի ամբողջ ամիս արձակուրդ պլանավորել: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունների արդյունքները, այնպես չէ, որ երկշաբաթյա հանգիստն ավելի լավ է հիշվում, քան մեկշաբաթյան: Եթե պլանավորում եք երկարատև հանգիստ, մտածեք դրա կեսից իրավիճակը փոփոխելու մասին, որպեսզի ձեզ մոտ առավելագույն հաճելի հիշողություններ մնան:

Բնօրինակ

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

© 2019 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: