Շատերի համար ֆիզիկական ակտիվությունն էներգիայի աղբյուր է և ավելորդ քաշից ազատվելու միջոց: Բայց, իմացեք, որ այն ոչ պակաս օգուտ է բերում նաև հոգեկան առողջությանը: Ներկայացնում է ընտանեկան թերապևտ Ilene Strauss Cohen-ը:
Ilene Strauss Cohen – ԱՄՆ, ընտանեկան հոգեթերապևտ: Նրա կայքը:
Շատերն են նախընտրում բառկել բազմոցին՝ զլանալով օրական ընդամենը 45 րոպե տրամադրել ֆիզիկական վարժանքներին: Եկեք մտածենք այն մասին, որ սպորտով զբաղվելով մենք ոչ միայն գտնվում ենք լավ ֆիզիկական վիճակում, այլև պայքարում ենք դեպրեսիայի և տագնապայնության դեմ:
Ահա թե ինչ է տալիս ֆիզիկական ակտիվությունը:
Երբ մենք գոհ ենք մեր մարմնից, մեզ լավ ենք զգում նաև հոգեբանորեն: Իսկ դա օգնում է պահպանել պարապմունքները շարունակելու տրամադրվածությունը, բարձրացնում ինքնավստահությունը և ինքնագնահատականը:
Եթե ուզում եք թուլացնել ծանր օրվա լարվածությունը, մի շտապեք բաժակը գինով լցնել: Ֆիզիկական ակտիվությունը շատ ավելի արդյունավետ է բարձրացնում տրամադրությունը: Ընդ որում, դրա համար երկար և ուժասպառ մարզման կարիք չկա:
Ֆիզիկական ակտիվությունը նպաստում է այն հորմոնների արտադրմանը, որոնք առաջացնում են լացքաթափվածության և հանգստի զգացում:
Ընդամենը կեսօր է, իսկ դուք արդեն հոգնե՞լ եք: Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է դիմացկունությունը, մեծացնում թթվածնի և սննդարար նյութերի թափանցումը հյուսվածքներ, լավացնում սիրտ-անոթային համակարգի աշխատանքը: Շնորհիվ այն բանի, որ սիրտն ու թոքերն ավելի արդյունավետ են աշխատում, ավելի շատ ուժ ու էներգիա եք զգում:
Ոչ մի կերպ չե՞ք կարողանում քնել: Ֆիզիկական ակտիվությունը հեշտացնում է քնելը, նպաստում է ավելի խորը և որակյալ քնին, ինչ էլ իր հերթին ազդում է տրամադրության վրա: Շատ լավ գիտենք, թե որքան խոժոռ ու մռայլ ենք լինում, երբ չի հաջողվում քունն առնել (իսկ շատերին դրա համար պետք է 8 ժամից ոչ պակաս):
Եթե ազատ ժամանակ ունենք և ոչնչով զբաղված չենք, տհաճ մտորումներ վրա կենտրոնանալու հավանականությունը մեծ է: Սպորտով զբաղվելը դրդում է դուրս գալ տնից, շեղվել տհաճ մտքերի շրջապտույտից և դրանք դրական հունի մեջ գցել:
Քիչ չեն նրանք, ովքեր հակված են կյանքի դժվարություններից առաջացած սթրեսները հաղթահարել ալկոհոլի, ուտելու, հեռուստացույցի միջոցով: Այս բոլոր միջոցները վերջին հաշվով անարդյունավետ են և հաճախ ընդամենը խորացնում են խնդիրը:
Ֆիզիկական ակտիվությունը սթրեսի, դեպրեսիայի և տագնապների դեմ պայքարելու շատ ավելի առողջ միջոց է:
Ֆիզիկական վարժությունները նպաստում են էնդորֆինների առաջացմանը, որոնք օգնում են պայքարել դեպրեսիվ վիճակի դեմ և ունեն հանգստացնող ազդեցություն:
Հաճախ դժվար է լինում առաջին քայլն անել և սպորտով կանոնավոր զբաղվելու գրաֆիկ սահմանել: Բայց եթե տառապում եք դեպրեսիայից կամ տագնապայնությունից, ուրեմն, ամենայն հավանականությամբ, պատրաստ եք փորձել այն ամենը, ինչը կօգնի ձեզ ազատվել տհաճ սիմտոմներից:
Սպորտը և ֆիզիկական ակտիվությունը ինքնազգացողությունը լավացնելու, առողջությունն ամրապնդելու և հաճույք ստանալու գերազանց միջոց են: Ցանկալի է պարապմունքներին առնվազն օրական 45 րոպե կամ շաբաթական 5 ժամ հատկացնել: Իսկ պարապմունքներն սկսելուց առաջ արժե խորհրդակցել բժշկի հետ, հատկապես այն դեպքերում, երբ առողջության հետ կապված խնդիրներ ունեք:
© 2021 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: