293      0

Իկիգայ. կյանքի իմաստը
ճապոնական ձևով

Ի՞նչ է երջանկությունը, ի՞նչն է մարդուն երջանիկ դարձնում: Այս հարցերի պատասխանների փնտրտուքները մարդկության պատմության մեջ հավանաբար երբևէ չեն դադարել: Իսկ մեր օրերում համընդհանուր տարածում է գտել նա7 տարբեր երկրների երջանկության կոնցեպցիաներն ուսումնասիրելը: Դանիական հյուգգե, շվեդական լագոմ, ճապոնական իկիգայ…

Իկիգայը ճապոնական փիլիսոփայություն է, որն օգնում է բավականություն, ուրախություն և իմաստնություն գտնել ամեն օր ու ամեն գործում: Իկիգայի շնորհիվ մարդը սովորում է կարգի բերել մտքերը, նկատել շրջապատող աշխարհի գեղեցկությունը և ուրախանալ մանրուքներից, գտնում է ներդաշնակություն և հոգեկան անդորր:

Նեյրոկենսաբան, «Икигай. Смысл жизни по-японски» («Իկիգայ: Կյանքի իմաստը ճապոնական ձևով») գրքի հեղինակ Կեն Մոգին գտնում է, որ իկիգայի արվեստին կարող է տիրապետել յուրաքանչյուրը:

Կեն Մոգի — նեյրոկենսաբան, Sony Computer Science Laboratories-ի ավագ գիտաշխատող, Տոկիոյի տեխնոլոգիական համալսարանի դասախոս, գլխուղեղի հետզոտությանը, փիլիսոփայության տեսությանը, արվեստի պատմությանը, կրթությանը, լինգվիստիկային նվիրված բազմաթիվ գրքերի ու գիտական նյութերի հեղինակ:

Ճապոներենում իկիգայ բառը բավականին հաճախ և շատ տարբեր առիթներով է գործածվում: Այն կարող է վերաբերել և ամենօրյա փոքրիկ գործերին, և նշանակալի ձեռքբերումներին: Բառացիորեն «իկիգայը» կարելի է թարգմանել որպես կյանքի իմաստ: Այն բաղկացած է երկու բառից՝ «իկի» (ապրել) և «գայ» (պատճառ):

Բայց Կեն Մոգին առաջարկում է ավելի հասկանալի և պատկերավոր մեկնաբանություն. իկիգայն այն է, հանուն ինչի առավոտյան ցանկանում ես արթնանալ:

Գրքում նա պատմում է հասարակ ձկնորսի, Միշլենի 3 աստղ* ունեցող շեֆ-խոհարարի, երիտասարդ անիմացիոն նկարչի և Օկինավա կղզու 102 տարեկան բնակչուհու մասին: Նրանք բոլորը երջանիկ են, որովհետև այս կյանքում յուրաքանչյուրը գտել է իր իկիգայը:

Իկիգայը ձեր կյանքին նպատակ է հաղորում և միաժամանակ դեպի այդ նպատակը շարժվելու ուժ տալիս: Ճապոնական Սենդայ քաղաքի Տոխոկու համալսարանի բժշկական ֆակուլտետի հետազոտության արդյունքներով, մարդիկ, ովքեր ապրում են իկիգայի սկզբունքներով, ավելի առողջ և երկարակյաց են, մասնագիտական և անձնական կյանքում ավելի մեծ ձեռքբերումներ ունեն:

Դրա բացատրությունը պարզ է. գտնելով իրենց կյանքի իմաստը կամ գործը, այն, ինչը ուրախություն է բերում ամեն օր, մարդիկ սկսում են ավելի ուշադիր հետևել իրենց առողջությանը, թողնում են վնասակար, դեստրուկտիվ սովորությունները, ավելի հաճախ են դրական հույզեր ունենում, ավելի հազվադեպ տխրում:

Այդ պատճառով, ամեն ոք, ով ուզում է երկար և իմաստավորված կյանք ապրել, պետք է իր համար գտնի այն, հանուն ինչի առավոտյան արժե արթնանալ: Իսկ դրա համար պարտադիր չէ ճապոնացի լինել: Բավական է ընդամենը առօրյա կյանքում դառնալ ավելի ուշադիր և գիտակցված: Կեն Մոգին իր գրքում առանձնացնում է իկիգայի 5 հիմնական սյուները:

1. Սկսել փոքրից

Այս կանոնը պատկերավոր ներկայացնելու համար Կեն Մոգին հիշում է նշանավոր ճապոնացի շեֆ-խոհարար Ձիրո Օնոին: Վերջինս, ապրելով շատ աղքատ ընտանիքում, կրտսեր դպրոցում սովորելու ընթացքում ստիպված եղել երեկոներն աշխատել ռեստորանում:

Հետագայում, բացելով իր առաջին սուշի-բարը, նա իր առջև նպատակ չի դրել հիմնել աշխարհում ամենալավ և նրբաճաշակ հաստատությունը: Պարզապես գործի է դրել իր բոլոր հմտությունները, որպեսզի ծայրը-ծայրին հասցնի:

Իսկ սուշի-բարի համար պահանջվում էր ամենապարզ խոհանոցային սպասքը և պարզունակ կահավորանքը: Աստիճանաբար նա կատարելագործել է իր հմտությունները, սարքավորումները և ինտերիերը: Այսօր նրա ռեստորանը համարվում է Ճապոնիայում, և նույնիսկ աշխարհում լավագույններից մեկը:

Առանց շտապելու, շեֆ-խոհարարը սիրով իր գործում փոքրիկ բարելավումներ է կատարել, որովհետև շատ լավ հասկացել է, որ կարևոր է սկսել փոքրից:

Սկսել փոքրից, նշանակում է մշտապես կյանքում փոքրիկ փոփոխություններ մտցնել, որոնք աստիճանաբար այն ավելի լավն են դարձնում. սկսել ավելի վաղ արթնանալ, ամեն օր ժամանակ հատկացնել ֆիզիկական ակտիվությանը կամ հետաքրքիր հոբբիին, առողջ սնունդ պատրաստել և այլն:

2. Ազատագրել ինքն իրեն

Իկիգայի երկրոդ սկզբունքը բացատրելու համար Կեն Մոգին բերում է երեխայի օրինակը. «Երեխան անհոգս է և ծանրաբեռնված չէ սոցիալական նորմերով: Երեխան դեռևս կապված չէ այս կամ այն մասնագիտության կամ սոցիալական կարգավիճակի կապանքներով: Հրաշալի կլիներ պահպանել մանկական այդ թեթևությունը ողջ կյանքում»:

Այլ խոսքերով, պետք է ընդունեք ձեզ և ազատագրեք ձեր էությունը, պետք է արթնացնեք ներքին երեխային, սովորեք ավելի անմիջական, խիզախ և շրջապատի կարծիքից անկախ լինել:

3. Գտնել ներդաշնակություն և կայունություն

«Ճապոնական մշակույթում իկիգայն անմիջական կապ ունի շրջակա միջավայրի, շրջապատի մարդկանց և ողջ հասարակության հետ ներդաշնակ լինելու հետ, առանց որոնց կայունություն հնարավոր չէ», — բացատրում է Կեն Մոգին: Անձնական ամբիցիաները միշտ էլ բավարարվում են հասարակությանը և շրջակա միջավայրին հետևելով:

Եթե դրանք առողջ չլինեն, չեք կարողանա հասնել ձեր նպատակներին և իրականացնել ձեր պլանները: Այլ կերպ ասած, երազանքի հետևից կարելի է գնալ միևնույն ժամանակ հիշելով այլ մարդկանց, բնության և շրջապատող աշխարհի մասին: Դրանք վնասելով հնարավոր չէ գտնել իկիգայ:

4. Ուրախանալ մանրուքներով

Ճապոնիայի շատ բնակիչներ ավանդաբար իրենց առավոտն սկսում են քաղցրեղենից և թեյից: Սա ևս իր իմաստն ունի: Կարևոր չէ, թե աշխարհի որ ծայրում եք գտնվում, եթե սովորություն դարձնեք արթնանալուց հետո ստանալ ձեր սիրած անուշեղենը (օրինակ, շոկոլադ կամ սուրճ), ձեր ուղեղում կարտազատվի դոֆամին, որը ձեզ կդրդի գործողության (վեր կենալու), որին կհաջորդի պարգև ստանալը (շոկոլադ կամ սուրճ):

Երջանկությունը ոչ միայն մեծ ձեռքբերումների, մեծ նպատակի ծառայելու, լավ աշխատավարձ և մեծ տուն ունենալո մեջ է: Ամենօրյա երջանկությունը բաղկացած է մանրուքներից. համեղ նախաճաշից, արևոտ առավոտից, երեխայի դպրոցական համերգին գնալու կամ երեկոյան հեծանիվով զբոսնելու հնարավորությունից:

Մտովի նշեք այն, ինչը ձեզ բավականություն են պատճառում, ուրախացեք դրանցով և շնորհակալ եղեք ճակատագրին այդ մանրուքների համար:

5. Լինել այստեղ և հիմա

Այստեղ և հիմա լինելը ուղղակիորեն կապված է փոքր բաներով ուրախանալու և ինքն իրեն ազատ դարձնել կարողանալու հետ: Բացի այդ, այստեղ և հիմա լինել կարողանալը նման է «հոսքի, անընդհատության» վիճակին, որի մասին շատ է գրել հունգարական ծագում ունեցող ամերիկացի հոգեբան, պրոֆեսոր Միխայ Չիկսենտմիխային:

«Հոսքը» կամ «այստեղ և հիմա» լինելը մարդու այնպիսի ներգրավվածությունն է իր գործունեության մեջ, որ մնացած ամեն ինչ նրա համար կորցնում է նշանակությունը: Մարդը բավականություն է ստանում աշխատանքից, այն դառնում է ոչ թե նպատակին հասնելու միջոց, այլ հենց նպատակը: Այսինքն, դուք աշխատում եք ոչ թե ապրելու փող վաստակելու համար, այլ որովհետև դրանից հաճույք եք ստանում, ինքնառեալիզացվում եք, հասնում եք ձեր նպատակներին և աշխարհն ավելի լավն եք դարձնում:

Դրա համար զբաղվեք երաժշտությամբ, եթե նույնիսկ ոչ ոք ձեզ չի լսում: Նկարեք, եթե նույնիսկ ոչ ոք այդ նկարների վրա չի նայում: Պատմություն հորինեք, որը ոչ ոք չի կարդալու: Ներքին ուրախությունն ու բավականությունը ավելի քան բավարար են, որպեսզի շարունակեք ապրել և ձեր գործով զբաղվեք: Եթե այս հարցում հաջողության հասնեք, միանգամայն կտիրապետեք այստեղ և հիմա լինելու ունակությանը:

Կարևոր է նաև հասկանալ, որ իկիգայ տանող միակ օպտիմալ ճանապարհ գոյություն չունի: Մեզանից յուրաքանչյուրը պետք է փնտրի սեփական ճանապարհը՝ անցնելով իր անկրկնելի անձնական որակների միջով:

*Ռեստորանների՝ ողջ աշխարհում ընդունված նշանավոր ռեյտինգ, որում 3 աստղը համարվում է ամենաբարձրը:

Նյութը պատրաստվել է Կեն Մոգիի «Икигай. Смысл жизни по-японски» գրքի հիման վրա:

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

© 2019 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: