191      0

Ինչու՞ են
նիհարեցնող դիետաները
վնասակար

Այն, որ այդքան չարչարանքով պահված դիետայից հետո քաշը հաճախ նորից արագ ավելանում է, ոչ թե պատահականություն է, այլ օրգանիզմի կենսաբանորեն պայմանավորված ռեակցիա: Եթե իմանանք, թե ինչպես է դիետան ազդում մեր մտքերի և վարքի վրա, կարող ենք խուսափել դրա բացական հետևանքներից:

Իհարկե, առողջ սնունդ օգտագործելը, դրա չափաբաժնին ուշադրություն դարձնելը, բարձր կալորիականության սնունդ ուտելուց առաջ մեկ անգամ ևս մտածելն օգտակար սովորություններ են:

Բայց, հետևելն այնպիսի սննդակարգի, որտեղ նշված է, թե որքան և ինչ հաճախականությամբ պետք է ուտել՝ անկախ նրանից, քաղցած եք, թե ոչ, այնքան էլ օգտակար չէ:

Բացասական հետևանքներն իրենց սպասեցնել չեն տալիս նաև այն դեպքում, երբ հատուկ դիետա չեք պահում, բայց մշտապես հաշվում եք ճարպի գրամները, ընտրում եք սպիտակուցներով հարուստ սնունդ և խուսափում ածխաջրերից, վստահում եք միայն «անվտանգ» մթերքներին, հանդիմանում եք ինքներդ ձեզ, որ անթույլատրելի բան եք կերել, գիտակցված կամ չգիտակցված պակաս եք սնվում (որի պատճառով հետո չափից շատ եք ուտում), խմում եք հատուկ ըմպելիքներ կամ սուրճ, որպեսզի խեղդեք քաղցի զգացումը: Այս բոլորը նույնն է, թե դիետա պահեք:

Նկատե՞լ եք, որ հենց անցնում եք դիետայի, սկսում եք մշտապես ուտելիքի մասին մտածել. ինչ եք ուտելու ճաշին կամ ընթրիքին, կարո՞ղ եք ձեզ թույլ տալ լրացուցիչ մի թեթև բան ուտել, ի՞նչ են ուտում մյուսները, ի՞նչ կարող եք ուտել վաղը: Ի՞նչ է այս բոլորը նշանակում:

Գիտակցությունը և մարմինը անխզելիորեն կապված են, և դա ակնառու դրսևորվում է դիետա պահելիս: Մարմինը և գիտակցությունը կենսաբանորեն հարմարեցված են գոյատևելուն՝ լինի սովի, թե առատություն:

Երբ սնունդը կտրուկ նվազում է, մարմինը և բանականությունն անցնում են գոյատևման ռեժիմի: Մարմնինը փորձելով խնայել յուրաքանչյուր կալորիան, դանդաղեցնում է նյութափոխանակությունը, իսկ բանականությունն իր առջև կարևորագույն խնդիր է դնում՝ ուտելիք հայթայթել:

Ի՞նչ է ստացվում արդյունքում: Կարող եք ձեզ բռնացնել այն բանում, որ մենյուներ եք կազմում, տարբեր բաղադրատոմսեր հավաքում, պատրաստում եք ուրիշների համար (թեկուզ, եթե դրանից ոչ մի կտոր չեք ուտում) և նույնիսկ երազում ուտելիք եք տեսնում: Այդ ուղերձի իմաստը պարզ է. մարմնին սնունդ է պետք: Նշանակում է, ձեր բանականությունը ևս դա է ուզում:

Սնվելը սահմանափակելուց  մի քանի օր հետո, ամենայն հավանականությամբ, անհանգիստ և ճնշված եք զգում: Պատճառն այն է, որ ձեզ զրկել եք այն հաճույքից, որը տալիս էր համեղ սնունդը, և այդ կորուստը ոչնչով չեք փոխհատուցել: Այդ պատճառով, նաև դատարկության զգացում եք ունենում: Ավելի շատ եք ուզում մենակ մնալ (շփվելը շատ ուժեր է խլում), իջնում է ինքնագնահատականը: Իսկ որքան ճնշված, տագնապած և միայնակ եք զգում, այնքան ավելի շատ եք մտածում ուտելիքի մասին:

Վաղ թե ուշ, որևէ «չթույլատրված» բան ուտելով արգելքը խախտում եք: Այդպես հանձնվում եք և սկսում ուտել: Թեթևություն եք զգում, որ վերջապես կարելի է թուլանալ և անել այն, ինչն ուզում էիք անել դիետայի ողջ ընթացքում:

Ձեր մարմինը ցանկանում սնվել՝ անկախ նրանից, թե դուք ինչ եք մտածում այդ մասին: Ի վերջո, արդյունքում կարող եք սկսել ավելի շատ ուտել, քան նախքան դիետա պահելը: Սա կիսաքաղց վիճակում գտնվողի միանգամայն նորմալ, նույնիսկ կարելի է ասել առողջ ռեակցիա է:

Թերսնվելու արդյունքում մարդը սկսում է քաղց զգալ նույնիսկ այնպիսի քանակով ուտելուց հետո, որը նրան միանգամայն կբավարարեր այլ ժամանակ: Նույնը տեղի է ունենում դիետայի արդյունքում: Առաջանում է չափից շատ ուտելու հակում, ձեզ այլևս չի բավականացնում ուտելիքի այն քանակը, որը նախկինում էիք ուտում:

Դիետաների հոգեբանական հետևանքներն ակնհայտ ցույց են տվել թերսնվելու վերաբերյալ դասական համարվող մի հետազոտության արդյունքները (1950թ. այն անցկացրել է նշանավոր ֆիզիոլոգ Ancel Keys-ը, Մինեսոտիի Համալսարան):

Մեկ տարվա ընթացքում գիտնականները հետազոտել են 36 առողջ, երիտասարդ, կայուն հոգեկան ունեցող տղամարդու: Առաջին 3 ամիսների ընթացքում տղամարդիկ սնվել են նորմալ քանակով, հաջորդ կես տարին կերել են  սննդի նախկին չափաբաժնի կեսը, իսկ դրան հաջորդող 3 ամիսների ընթացքում չափաբաժինն աստիճանաբար ավելացրել են:

Թերսնման ժամանակաշրջանից հետո տղամարդկանց միտքն անընդհատ զբաղված է եղել ուտելիքով, ողջ ժամանակ խոսել և երազել են ուտելիքի մասին, կարդացել խոհարարական գրքեր, հավաքել բաղադրատոմսեր: Երբ սեղան են նստել, շատերն աշխատել են երկարաձգել ուտելը և ավարտել վերջինը: ժամանակի ընթացքում տղամարդիկ ավելի ու ավելի ճնշված, նյարդային և տագնապային են դարձել:

Կիսաքաղց անցկացնելուց կես տարի հետո, տղամարդիկ սկսել են գրեթե անընդհատ ուտել, հաճախ էլ շատակերություն դրսևորել: Նրանք նույնիսկ կուշտ ուտելուց քիչ անց նորից քաղց են զգացել: Որոշներն էլ սկսել են այնքան ուտել, որ սկսել են վատ զգալ, բայց միևնույն է, կուշտ լինելու զգացում չեն ունցել:

Չնայած նրանց մեծ մասը հետազոտությանը հաջորդող 5 ամիսների ընթացքում վերադարձել է սնվելու նորմալ, սովորական չափին, բայց որոշներն այդպես էլ շարունակել են շատակեր մնալ:

Նման վարքը բնորոշ է նաև նիհարեցնող դիետաների սիրահարներին. անընդհատ ուտելիքի մասին մտածելը, տագնապայնության, ճնշվածության զգացումը, նյարդայնությունը, դիետան թողնելուց հետո նախկինից ավելի շատ ուտել հակումը:

*Պատրաստվել է սննդային խանգարումների մասնագետ, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի պրոֆեսոր Cynthia Bulik-ի նյութի հիման վրա:


Կարդացեք նաև.    Կարևոր մթերքներ կանանց համար


  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

© 2019 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: