Սան-Դիեգոյի համալսարանի հետազոտության արդյունքերի թարգմանությունը համառոտ:
Այն կարծիքը, որ նորածինները ժպտում են, որպեսզի կառավարեն իրենց ծնողներին, էքսպերիմանտալ ճանապարհով հաստատվել է դեռևս 2014 թվականին: Սան-Դիեգոյի (ԱՄՆ) համալսարանի մասնագետների հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նորածինները ժպտում են ոչ հենց այնպես, այլ կոնկրետ նպատակով՝ որպեսզի ստանան մեծերի պատասխան ժպիտը:
Էքսպերիմենտին մասնակցել են տասներեք մայրիկ՝ իրենց 4 ամսական երեխաների հետ, և կամավորներ՝ նորածիններին շատ նման տիկնիկ-ռոբոտների հետ: Գիտնականների խնդիրն էր հասկանալ, թե ինչու են ժպտում երեխաները: Նրանք դա անում են հենց այնպե՞ս, թե՞ հաշվի են առնում այս կամ այն հանգամանքը:
Հետազոտության արդյունքները բավականին անսպասելի էին:
Նախ, պարզվում է, որ ծնողների հետ ունեցած իրենց փոխհարաբերություններում նորածինները բոլորովին էլ սիրելի փոքրիկ «անգետիկներ» չեն, այլ, կարելի է ասել, «պատրաստված մասնագետներ»: Նրանք իրենց պահում են պրոֆեսիոնալ կոմիկների պես, ովքեր հասկանում են, թե լսարանը որ պահին է առավելագույնս պատրաստ ընկալելու այս կամ այն կատակը:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նորածինները ժպտում են իրենց ծնողներին ոչ թե պարզապես ժպտալու և «ուրախանալու» պրոցեսի նկատմամբ ունեցած սիրուց, այլ նրա համար, որպեսզի ծնողները պատասխան ժպտան իրենց:
Ավելի կոնկրետ, երեխան մորը կամ հորը ժպտում է հատկապես այն պահին, երբ ծնողները տրամադրված են պատասխան ժպտալու և, դեռ ավելին, երբ վերջիններս տրամադրված են հնարավորինս երկար ժպտալ: Այս փոքրիկ «մասնագետները» դեռևս չորս ամսեկան հասակում արդեն հստակ գիտեն, թե որ պահին և ինչպես նայեն ծնողներին, որպեսզի առավելագույնս գրավեն նրանց ուշադրությունը:
Այսինքն, ստացվում է, որ նորածիններն ու նրանց մայրիկները ունեն տարբեր ստրատեգիաներ: Եթե մայրիկների ստրատեգիան է. «թող իմ և երեխայի փոխադարձ ժպիտները երկար տևեն», ապա նորածինների ստրատեգիան շատ ավելի նպատակաուղղված է. «թող իմ ծնողներն ինձ ավելի երկար ժպտան»:
Ժպտալ հենց այնպե՞ս։ Ոչ, երեխաներն այդպիսի խնդիր չեն դնում… Նրանք կոնկրետ նպատակ ունեն՝ ծնողների պատասխան ժպիտը, և հենց դրան էլ փորձում են հասնել:
© 2019 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: