1008      0

Կան բաներ,
որոնց համար արդեն մեծ եք…

Շատերն են վախենում մեծանալուց: Եվ դա բնական է. անցնում է երիտասարդությունը, թարմությունն ու գրավչությունը, պակասում եռանդն ու տոկունությունը: Բայց հասուն տարիքն ունի նաև իր դրական կողմերը: Տեսնենք, թե ի՞նչ է գրում այդ մասին բլոգեր Միշել Կոմբսը:

Ուրախ եմ, որ մեծանում եմ: Չափազանց շատ ժամանակ եմ ծախսել ինձ փոխելու փորձերի վրա, բայց դա մնացել է անցյալում: Այլևս չեմ ցանկանում ինձ հիմար զգալ, որովհետև դա այդպես չէ: Ես սովորել եմ սխալների համար ինձ չնախատել:

Չափազանց շատ եմ ապրումներ ունեցել ամեն մի սպիտակ մազի ու առաջացող կնճռի համար: Անկեղծ կլինեմ. դեռ շարունակում եմ անհանգստանալ կնճիռների պատճառով: Բայց նաև սովորում եմ ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին կամ:

Ես արդեն 52 տարեկամ եմ: Իմ գիտակցությունը հրաժարվում է ընդունել դա, ես շարունակում եմ ինձ 31 տարեկան զգալ: Բայց իմ մարմինն ամբողջովին «գիտակցում» է ապրած տարիների քանակը: Ժամանակը փոխում է մարդուն, և մտածում եմ, որ ավելի հեշտ է այդ փոփոխություններն ընդունել, քան պայքարել դրանց դեմ: Կան բաներ, որոնց համար ես արդեն շատ մեծ եմ: Եվ ուրախ եմ, որ այլևս պարտավոր չեմ դրանք անել:

1. Լռել

Եթե անարդարություն եմ տեսնում կամ զգում, ոչ ոք և ոչինչ չի կարող ստիպել ինձ չարտահայտել իմ կարծիքը: Նախկինում ևս պաշտպանել եմ նրանց, ում շահերն անարդարացի վիրավորել են, սակայն ամաչել եմ պայքարել ինձ համար: Բայց եթե այսօր ինչ-որ մեկն իրեն թույլ կտա քննադատել ինձ կամ ոտնահարել իմ իրավունքները, թող չկասկածի, որ ես նրան իր տեղը կդնեմ:

2. Ապրումներ ունենալ շրջապատող մարդկանց կարծիքների պատճառով

Վերջերս ամուսնուս հետ նախաճաշում էինք սրճարանում: Հարևան սեղանի շուրջ նստած էին չորս այնպիսի անթերի տեսքով կանայք, որ նրանց հետ համեմատած ես պարզապես փնթիի մեկն էի: Մի քանի վայրկայն ես խուճապի մեջ ընկա: Ի՞նչ կմտածեին իմ մասին այդ կանայք: Բայց ժամանակին ասացի ինքն ինձ. «Վե՛րջ տուր: Նրանց կարծիքը չի փոխի իմ համեղ նախաճաշի համը: Ինչու՞ պետք է իմ տրամադրությունը փչանա նրանից, թե ինչ են մտածում իմ արտաքինի մասին անծանոթ մարդիկ»:

3. Ամաչել սեփական հետաքրքրություններից

Ես այլևս «գաղտնի հաճույքներ» չունեմ: Դրանք պարզապես սովորական հետաքրքրություններ են: Թող որ ինչ-որ մեկը դրանք հիմար կամ ոչ շատ ինտելեկտուալ համարի: Ինչու՞ պետք է ես թաքցնեմ, որ ինձ դուր է գալիս Լեդի Գագան կամ, մեղքի զգացում ունենամ, որ սիրում եմ դետեկտիվներ կարդալ և հեռուստաշոուներ դիտել:

4. Անհարմար կոշիկ հագնել

Ես ազատվել եմ գեղեցիկ, բայց անհարմար կոշիկներից: Այլևս չեմ ցանկանում զգալ բարձրակրունկ կոշիկների անհարմարությունը: Ինձ համար միևնույն է, համապատասխանու՞մ են արդյոք գուլպաների և կոշիկների գույնը: Եթե երբեմն համապատասխանում են, դա բավարար է:

5. Արդարանալ թափթփված տան համար

Գիտե՞ք ինչու է իմ տունը հիմա թափթփված: Որովհետև այսօր այն կարգի բերելու ցանկություն չունեմ և դրա համար ներողություն չեմ խնդրելու: Այո, ես մի քիչ անկազմակերպ և, նույնիսկ, թափթփված եմ: Բայց ինձ համար այդ վիճակը հարմարավետ է:

6. Պահպանել ոչ պետքականը

Չգիտեմ էլ, թե երբվանից եմ պայքարում ավելորդ իրերի դեմ, բայց, միևնույն է, դրանք մշտապես հայտնվում են: Ինչ-որ նվերներ, հուշանվերներ ճանապարհորդություններից, հագուստ, որը չեմ հագնելու, կենցաղային տեխնիկա, որը ոչ ոք չի օգտագործում: Իմ նպատակն է ազատվել տունը ծանրաբեռնող այդ իրերի առնվազն կեսից: Այդ բոլորը կարելի է վաճառել, տալ կարիքավոր մարդկանց, բարեգործության կամ պարզապես դեն նետել:

7. Ժամանակ անցկացնել անհետաքրքիր մարդկանց հետ

Նախկինում ես ճաշում էի իմ մի քանի գործընկերների հետ, որոնք, պետք է խոստովանեմ, ինձ առանձնապես դուր չէին գալիս: Նրանց մեջ չարություն կա, մանրախնդրություն, և մենք ընդհանուր հետաքրքրություններ չունենք, պարզապես միասին աշխատում ենք: Որոշ պահից սկսած ես դադարեցի նրանց հետ ճաշել: Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի տհաճ մարդկանց հետ շփվելու վրա ժամանակ վատնենք:

8. Ամեն մի հանդիպած մարդու մեջ ինչ-որ լավ բան փնտրել

Իհարկե, ցանկության դեպքում ամեն մի սրիկայի մեջ էլ կարելի է ինչ-որ լավ բան գտնել: Շատ մարդասպաններ օրինակելի հայր են եղել կամ սիրող որդիներ, բայց դա չի արդարացնում նրանց: Եթե մարդը վատ է վարվում, պետք չէ նրա մեջ ինչ-որ դրական բան փնտրել:

Սկզբնաղբյուր


Կարդացեք նաև.    Բարդ հոբբինեը երիտասարդացնում են ուղեղը


  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: