Այն, թե ինչպես ենք խոսում մանկահասակ երեխայի հետ, կարող է հետագայում ազդել նրա սոցիալական հնտությունների վրա:
Երբ երեխան դեռ շատ փոքր է, ծնողները հետևում են, որ նա լինի կուշտ, մաքուր և քնի բավարար չափով: Սակայն պարզվում է, որ արդեն այդ տարիքից կարելի է զարգացնել երեխայի շփման հմտությունները:
Սոցիալական հմտությունները մարդուն չեն տրվում ծնվելու պահից, այլ ձեռք են բերվում կյանքի ընթացքում: Ըստ մի շարք հետազոտությունների արդյունքների, դրանում իր նշանակալի դերն ունի այն միջավայրը, որտեղ մեծանում է դեռևս մանկահասակ երեխան: Այլ մարդկանց հասկանալու կարողությունը ձևավորելու գործում շատ կարևոր դեր են խաղում այն խոսքերը, որոնք փոքրիկը լսում է՝ եթե նույնիսկ ինքն անձամբ դեռ չի կարողանում խոսել:
Յորքի Համալսարանի հոգեբաններն անցկացրել են հետազոտություն, որին մասնակցել են 20 մայր և նրանց 10, 12, 16 և 20 ամսական փոքրիկները: Հետազոտողներն արձանագրել են այն լեզուն, որը մայրերը գործածաում էին երեխաների հետ խաղալիս: Հատուկ ուշադրություն է դարձվել «մտքերին վերաբերող մեկնաբանություններին», այսինքն, մայրերի այն խոսքերին, որոնք նկարագրում են որոշակի իրավիճակների հետ կապված երեխաների մտքերն ու ապրումները:
Օրինակ, հետազոտության հեղինակներից մեկը` համալսարանի դասախոս Էլիզաբեթ Քիրքը (Elizabeth Kirk), Զարգացման Հոգեբանության Բրիտանական ամսագրում (British Journal of Developmental Psychology) մի այսպիսի օրինակ է բերում. եթե երեխան չի կարողանում բացել խաղալիքի դուռը, նրա մայրը կարող է մեկնաբանել, որ փոքրիկը դրանից «վշտացած» է:
Հետագայում, երբ հետազոտությանը մասնակցող այդ նույն փոքրիկները դարձան 5-6 տարեկան, գիտնականները գնահատեցին նրանց սոցիալ-ճանաչողական ունակություննները: Երեխաների համար պատմվածք էին կարդում և հարցեր տալիս, որոնց պատասխանները պահանջում էին հասկանալ այնպիսի սոցիալական իրավիճակներ, ինչպիսիք են համոզվածությունը, կատակը, չհասկանալը, հանուն փրկության սուտը, խաբելը և այլն:
Արդյունքում պարզվեց, որ նախկինում որքան շատ էին ծնողները փոքրիկների հետ խաղալիս բարձրաձայն մեկնաբանել նրանց մտքերն ու ապրումները, այնքան 5-6 տարեկանում բարձր էր նրանց թեստի արդյունքները:
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ մանկահասակ երեխայի մտքերը և զգացմունքները հասկանալու ծնողների ունակությունից կախված է երեխայի սոցիալական հմտությունների զարգացումը, մասնավորապես այն, թե ինչպես է նա հետագայում կարողանում հասկանալ այլ մարդկանց:
Մեկ այլ՝ 10 ամսական երեխաներին վերաբերող նեյրոհոգեբանության ոլորտի հետազոտության արդյունքները ցույց են տվել, թե ինչպես են այդ տարիքի երեխաների սոցիալական հմտությունները կապված երկրորդ լեզու սովորելու հետ:
Մասնավորապես, Վաշինգտոնի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են այդ տարիքի երեխաների վաղ սոցիալական վարքի այն տեսակը, որը կապված է հայացքով սևեռուն հետևելու հետ (մարդկանց և առարկաներին վիզուալ հետևելը): Պարզվել է, որ ավելի ակտիվ է զարգանում այն երեխաների գլխուղեղը, ովքեր ավելի հաճախ ու կենտրոնացած հետևում են օտար լեզվով խոսող մեծերին:
Ըստ այս հետազոտության համահեղինակներից մեկի՝ Պատրիցիա Կուլի (Patrician Kuhl), «հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մանկահասակ երեխաների սոցիալական հմտությունները որոշակի դեր են խաղում նոր լեզվի կոդը կոտրելու հարցում»:
Գիտնականների ավելի վաղ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ մանկահասակ երեխայի սևեռուն հետևելը շրջապատին կառուցողական տարր է հանդիսանում նախադպրոցական տարիքի սոցիալական հմտությունների զարգացման համար:
© 2021 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: