1013      0

Ծնողի նպատակն
«անհարկավոր»
դառնալն է

Փորձառու հոգեբան, երեխաներին նվիրված բազմաթիվ գրքերի հեղինակ Լյուդմիլա Պետրանովսկայան  պատմում է երեխաների, ծնողների և նրանց հարաբերությունների մասին:

Աշխարհ գալու պահից երեխան դառնում է ընտանիքի կյանքի կենտրոնը: Ծնողները, տատիկներն ու պապիկները հոգ են տանում նորածնի մասին, անհանգստանում նրա լավ ուտելու և քնելու մասին, ջանում են ամեն կերպ ուրախացնել նրան: Օր-օրի երեխան ինֆորմացիա է ստանում, որ ինքն ընդունված է աշխարհում, նրա մոտ ձևավորվում է հետևյալ համոզմունքը. «ինձ մոտ ամեն ինչ լավ է, ես այստեղ լինելու իրավունք ունեմ»: Այս դեպքում երեխան իրենց մեջ կուտակում է ինքնավստահության լիցքեր, ժամանակի ընթացքում սովորում է հանգիստ և կոնստրուկտիվ արձագանքել քննադատությանը, բարդ իրավիճակներից ելք գտնել:

Իսկ եթե երեխան զրկված է ընտանիքից կամ ծնողները զբաղվում են ինչով ասես, բայց ոչ երեխայով, եթե նրա մոտ չի ձևավորվում այն համոզմունքը, որ ինքն այս աշխարհում գոյություն ունենալու իրավունք ունի և, նույնիսկ մեծանալով, ցանկացած խնդիր նա ընկալում է որպես աղետ, որին հնարավոր չէ դիմանալ: Այսպիսի մարդը դժվարանում է սովորել իր սխալներից, դառնում է շատ խոցելի, տագնապային, ագրեսիվ:

Մենք այս աշխարհ ենք գալիս բացարձակապես անօգնական և չենք կարող հոգ տանել մեր մասին: Մեր հետագա ապրելը, ինքնուրույն և պատասխանատու մարդ դառնալու հնարավորությունն ամբողջովին կախված է նրանից, թե կունենա՞նք արդյոք «մեր մեծին», նրան, ով պատրաստ է հոգ տանել և պաշտպանել, զոհաբերել իր շահերը հանուն մեզ:

Պարտադիր չէ, որ նա չափազանց մեծ հաջողությունների հասած լինի կյանքում, շատ խելացի կամ ուժեղ լինի: Ընդամենը նա պետք երեխային իրենը համարի, հոգ տանի նրա մասին, պաշտպանի նրան: Իդեալական տարբերակում յուրաքանչյուրը պետք է ունենա «իր մեծը», ում կողքին հանգիստ և անվտանգ է, ով երեխայի հետ գտնվում է կապվածության մեջ, պաշտպանում և հոգ է տանում նրա մասին: «Իր մեծի» հետ կապվածության այս զգացումը երեխայի կյանքում դառնում է կամուրջ, որով անցնելով նա զարգանում և աստիճանաբար ինքնուրույն է դառնում:

Սովորելով քայլել, երեխան սկսում է ակտիվորեն ուսումնասիրել աշխարհը. անընդհատ ինչ-որ բանի է ձեռք տալիս, ինչ-որ տեղ մագլցում: Եվ բնական է, որ այդպես ակտիվ սովորելու ընթացքում նա հաճախ նաև ֆրուստրացիա է ապրում՝ ուզածը ստանալ չկարողանալու հետ կապված բացասական ապրումներ: Բարձրացավ բազմոցին՝ ընկավ այնտեղից, խաղում էր դռան հետ՝ մատը տրորվեց, ձգվեց բաժակը վերցնելու՝ բաժակը կոտրվեց, ուզում էր կոնֆետ ուտել՝ մայրիկը չթողեց…Եվ այսպես, ամեն օր:


Կարդացեք նաև. «Գաղտնի հենարան. կապվածությունը երեխայի կյանքում»


Հասուն մարդու համար երեխայի ապրած ֆրուստրացիաների քանակը չափազանց շատ է թվում: Բայց երեխան կարողանում է գլուխ հանել դրանցից: Եվ առաջին հերթին այն բանի շնորհիվ, որ կյանքի ցանացած բարդ իրավիճակում ֆրուստրացիան հաղթահարելու համար նա դիմում է «իր մեծին»: Եթե նա մի քիչ վշտացած է, իր համար բավական է կանգնել մայրիկի կողքին: Եթե ֆրուստրացիան ուժեղ է, այդ դեպքում նրան անհրաժեշտ է, որ իրեն գրկեն ու սփոփեն:

Մենք սոցիալական էակներ են և աջակցություն ու պաշտպանություն ենք ստանում մտերիմ մարդկանց հետ փոխհարաբերություններում: Երբ առնչվում ենք մի բանի, որն առաջացնում է չափազանց սուր, անտանելի բացասական էմոցիաներ, որը չենք կարողանում հաղթահարել, մեզ համար կարևոր է աջակցություն ստանալը:

Անհրաժեշտ է, որ ինչ-որ մեկը մեզ համար հանդիսանա անվտանգ ապաստարան՝ կոնտեյներ, հոգեբանական արգանդ, մեր և աշխարհի միջև ստեղծի ապահով բոժոժ, որպեսզի մենք կարողանանք այնտեղ անվտանգ ապրել մեր սուր զգացմունքները: Շնորհիվ կոնտեյներացման մեխանիզմի (անգլերեն container – «ամբար, պահեստարան » բառից), մարդը դուրս է գալիս սուր սթրեսային վիճակից:

Կոնտեյներացման ունիվերսալ միջոց է գիրկն առնելը: Հասուն մարդու համար կարող է բավարար լինել նրա հետ խոսելը, ուշադրություն դարձնելը: Կարևոր է, որ նա ազդանշան ստանա. «Ես մենակ չեմ, իմ մասին հոգ կտանեն, ես կարող եմ չանհանգստանալ իմ անվտանգության համար»: Երեխայի համար դա հատկապես կարևոր է, քանի որ ֆրուստրացիա ապրել և միաժամանակ հոգ տանել անվտանգության մասին հնարավոր չէ: Իսկ անպաշտպան լինելու զգացումը խանգարում է երեխային զարգանալ:

Ընդհանրապես, երեխան երկու հիմնական վիճակ ունի. «մայրիկին եմ ուզում» և «մայրիկը կողքիս է, շուրջն ամեն ինչ հետաքրքիր է»: Երբ երեխան ծնողներին կողքին է, օրինակ, այգում զբոսնելիս, նա զբաղված է աշխարհն ուսումնասիրելով: Բայց եթե հանկարծ ծնողները կողքին չեն, նա դադրեցնում է ուսումնասիրությունն այնքան ժամանկ, քանի դեռ նրանք չեն գտնվել և նրանց հետ կոնտակտը չի վերականգնվել:

Նույնը վերաբերում է ողջ մանկությանը: Հենց որ երեխան «հագենում» է իր մեծերի հետ փոխհարաբերություններից, նա ճամփա է ընկնում ինքնուրույն կյանք: Ծնողի նպատակը երեխայի համար անհարկավոր դառնալն է, որպեսզի վերջինս սովորի առանց մեծի հաղթահարել դժվարությունները և ժամանակի ընթացքում կարողանա ինքը հարաբերություններ կառուցել իր երեխաների հետ:

Երբ մարդը սթրես է ապրում, օրգանիզմի բոլոր ռեսուրսները մոբիլիզացվում են: Որպեսզի հաջողության հասնելու շանսերը մեծանան, բոլոր համակարգերը սկսում են աշխատել մեծ թափով: Բայց այդպիսի վիճակում երկարատև մնալ հնարավոր չէ, այդ պատճառով յուրաքանչյուր մոբիլիզացիայից հետո, որպեսզի սթրեսի հորմոնները հեռանան արյունից, անհրաժեշտ է դեմոբիլիզացիա, թուլացում: Եթե հաջողությունը ձեռք է բերված, դեմոբիլիզացիան, լարվածության թուլացումը տեղի է ունենում ուրախության ապրումների հաշվին:

Եթե մտքին դրածը չի հաջողվում և երեխան ֆրուստրացիա է ապրում, այս դեպքում դեմոբիլիզացիան հնարավոր է միայն կոնտեյներացման միջոցով: Մենք ընկնում ենք մտերիմ մարդու գիրկը, արցունքների և տխրության միջոցով ընդունում ենք իրավիճակը: Մարմնի լարվածությունը թուլանում է, առաջանում է հոգնածության և հանգստության զգացում:


Կարդացեք նաև.   «Լավ դաստիարակության 21 սկզբունք երեխայի աչքերով»


Առանց կոնտեյներացման երեխան զրկված է դեմոբիլիզացվելու հնարավոությունից, նա մնում է սթրեսային վիճակում, դառնում լարված, չվստահող, բարձրանում է տագնապայնության և ագրեսիվության մակարդակը: Որպեսզի դիմանա բացասական էմոցիաների մշտական ճնշմանը, նա կամ կարող է գնալ էմոցիոնալ զգայունությունը ցածրացնելու ճանապարհով, կամ ընդհանրապես չմոբիլիզացվել:

Բայց ցավը և վիրավորանքը չզգալու համար պաշտպանական «զրահ» ստեղծելով, նա զրկվում է նաև դրական ապրումներից, իսկ դա, միևնույն է, հանգստություն չի բերում, որովհետև միայն կոնտեյներացումը, միայն մտերիմ հարաբերություններն են հնարավորություն տալիս առանց կորուստների հաղթահարել ֆրուստրացիան:

Իսկ մոբիլիզացվելուց հրաժարվելը մարդուն դարձնում են անտարբեր, կամքից և պատասխանատվությունից զուրկ: Այդ ճանապարհն ընտրած երեխան նույնիսկ չի էլ փորձում հասնել նպատակին, հանդիպած ամենաչնչին դժվարությունները նրան հուսահատության մեջ են գցում:

Իսկ եթե երեխան ստանում է մեծի աջակցությունը, նա կարող է ուժեղ սթրեսներն ապրել առանց բնավորության պաթոլոգիական գծեր ձեռք բերելու, կուտակում է անհաջողություններն ապրելու դրական փորձ և սովորում է դասեր քաղել սեփական սխալներից:

Հեղինակ` Լյուդմիլա Պետրանովսկայա

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: