337      0

XXI դարի երեք
գլխավոր կարիերաներն
ըստ Բիլ Գեյթսի

Բիլ Գեյթսի ուղերձն ԱՄՆ քոլեջների 2017 թվականի շրջանավարտներին: Նշանավոր գործարարը պատմում է, թե ինչով արժե զբաղվել մեր օրերում, որոնք են այսօրվա աշխարհի վրա մեծ ազդեցություն ունեցող  կարիերաները:

Վստահ եմ, որ տարբեր մարդկանցից շատ խորհուրդներ կստանանք՝ սկսած դիպլոմների հանձնման հանդիսությանը ելույթ ունեցողից, վերջացրած յուրաքանչյուրի հորաքույն ու քեռին ավարտական երեկոյին: Ռիսկի եմ դիմում չափն անցնել, բայց, բոլոր դեպքերում, ես էլ մի քանի մտքերով կկիսվեմ ձեզ հետ:

Քոլեջը նոր ավարտողները հաճախ են կարիերայի վերաբերյալ ինձնից խորհուրդ հարցնում: Իմ բախտը բերել է, որ ես 20 տարեկանից քիչ մեծ էի, երբ սկսվեց թվային հեղափոխությունը, և մենք՝ Փոլ Ալենի հետ միասին հնարավորություն ունեինք մասնակցել դրան: (Դա բացատրում է, թե ինչու ես քոլեջի դիպլոմ չունեմ: Թողեցի ուսումս, որովհետև վախենում էի, որ այդ հեղափոխությունն առանց մեզ տեղի կունենա): Եթե ես էլ սկսեի այսօր և փնտրեի աշխարհի վրա մեծ ազդեցություն ունեցող նույնպիսի հնարավորություն, կդիտարկեի երեք ուղղություն:

Դրանցից մեկն արհեստական ինտելեկտն է: Մենք նոր ենք սկսում օգտագործել կյանքն ավելի արդյունավետ և ստեղծարար դարձնելու դրա ընձեռած հնարավորությունները:

Երկրորդն էներգիան է: Այն մաքուր, մատչելի և հուսալի դարձնելուն ուղղված աշխատանքները կարևոր նշանակություն կունենան աղքատության և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում:

Երրորդն այն կենսաբանական գիտություններն են, որոնք կօգնեն մարդկանց ավելի երկար և առողջ կյանք ունենալ:

Բայց որոշ բաներ կյանքում կախված չեն նրանից, թե դուք ինչ կարիերա կընտրեք: Կուզենայի հասկանալ դա այն ժամանակ, երբ թողնում էի համալսարանը: Օրինակ, ինտելեկտի կարևորությունն այնքան չէ, որքան ես էի մտածում, և այն կարող է ունենալ շատ տարբեր ձևեր:

Երբ նոր էր ստեղծվում Microsoft-ը, մտածում էի, որ եթե կարող եք շատ լավ կոդ գրել, կարող եք նույնքան լավ կառավարել մարդկանց, ղեկավարել մարքետինգային խումբը կամ կատարել ցանկացած այլ առաջադրանք: Դրանում ես սխալվում էի: Պետք էր սովորել ճանաչել և գնահատել մարդկանց տարբեր տաղանդները: Որքան շուտ անեք դա, եթե դեռ չեք արել, այնքան հարուստ կլինի ձեր կյանքը:

Եվս մի բան, որ կուզանայի շատ ավելի վաղ տարիքում հասկացած լինել՝ այն, թե ինչի է նման իսկական անհավասարությունը: Ես դրա հետ մոտիկից չեմ առնչվել գրեթե 40 տարի՝ մինչ Մելինդայի* հետ առաջին անգամ Աֆրիկա գնալը: Ես ցնցված էի տեսածից:

Վերադառնալով, մենք սկսեցինք ավելի շատ բան իմանալ այդ մասին: Իմացանք, որ միլիոնավոր երեխաներ են մահանում այնպիսի հիվանդություններից, որոնց մասին հարուստ երկրներում ոչ ոք նույնիսկ չի էլ մտածում: Մեր կարծիքով, դա աշխարհի ամենաանարդար բանն է: Մենք հասկացանք, որ չենք կարող այլևս սպասել, պետք է անմիջապես սկսեինք ինչ-որ բան անել:

Դուք շատ ավելի բան գիտեք, քան ես ձեր տարիքում: Տեխնոլոգիաները թույլ են տալիս խնդիրները տեսնել այնպես, ինչպես ինձ և իմ ընկերներին բախտ չի վիճակվել տեսնել: Եվ դա հնարավորություն է տալիս օգնել ուրիշներին այնպես, ինչպես մենք չենք կարողացել դա անել: Դուք կարող եք անհավասարության դեմ պայքարն սկսել ավելի շուտ, կարևոր չէ՝ մոտ շրջապատում, թե աշխարհի մյուս ծայրում գտնվող երկրում:

Միևնույն ժամանակ, կոչ եմ անում շրջապատել ձեզ մարդկանցով, ովքեր մարտահրավեր են նետում ձեզ, սովորեցնում են ձեզ և ստիպում ավելի լավը լինել: Դա իմ համար անում է Մելինդան, և ես էլ եմ նույնը անում: Ինչպես մեր լավ բարեկամ Ուորեն Բաֆֆետը**, իմ երջանկությունը ես չափում եմ նրանով, թե որքանով են երջանիկ ինձ շրջապատող մարդիկ, սիրու՞մ են արդյոք ինձ, նաև նրանով, թե ինչպես եմ ես փոխում ուրիշների կյանքը:

Եթե կարողանայի նվեր տալ յուրաքանչյուրիդ, դա կլիներ Սթիվեն Փինկերի*** «Մեր էության ավելի լավ կողմերը» (անգլ. «The Better Angels of Our Nature») գիրքը: Տարիներ շարունակ սովորելուց հետո կարող է ձեզ մոտ ցանկություն չառաջանա կարդալ 700 էջանոց գիրքը: Բայց, խնդրում եմ, ընդգրկեք այն կարդալիք գրքերի ցանկում, որպեսզի մի օր հերթը դրան հասնի: Դա ամենաոգևորող գիրքն է, որ երբևէ կարդացել եմ:

Փինկերը համոզիչ ձևով ապացուցում է, որ աշխարհն ավելի լավն է դառնում, որ մենք ապրում ենք մարդկության պատմության ամենախաղաղ ժամանակաշրջանը: Դա հեշտ գործ չէ, հատկապես հիմա: Երբ մարդկանց ասում եք, որ աշխարհն ավելի լավն է դառնում, նրանք հաճախ ձեզ նայում են այնպես, կարծես պարզամիտ կամ խելագար եք:

Բայց դա ճշմարտություն է: Հենց որ կհասկանաք դա, կսկսեք աշխարհն այլ կերպ տեսնել: Եթե մտածում եք, որ աշխարհն ավելի լավն է դառնում, կուզենաք իմանալ, թե ինչպես արագացնել այդ առաջընթացը և տարածել այն ավելի շատ մարդկանց մեջ և տեղերում:

Դա չի նշանակում, որ պետք է անտեսեք այն լուրջ խնդիրները, որոնց հետ առնչվում ենք: Պարզապես դուք հասկանում եք, որ դրանք կարող են լուծվել, և պատրաստ եք գործել այդ համոզմունքին համապատասխան:

Դրանում է իմ աշխարհայացքի էությունը: Այն օգնում է ինձ դժվար պահերին, և այդ պատճառով ես մինչև հիմա, ավելի քան 17 տարի, սիրում եմ իմ մարդասիրական աշխատանքը: Կարծում եմ, որ այն կարող է նույնն անել ձեզ համար:

Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Սա կյանքի համար սքանչելի ժամանակ է: Հուսով եմ, դուք լիարժեքորեն կօգտվեք դրանից:

Բնօրինակ

Պարզաբանումները մերն են.                                                                                                               *Մելինդա — Բիլ Գյթսի կինը:

**Ուորեն Էդվարդ Բաֆֆետ, ամերիկացի գործարար, աշխարի մեծագույն և ամենանշանավոր ինվեստորներից մեկը, որի կարողությունը 2017թ. գնահատվել է $77.3 միլիարդ:

***Սթիվեն Փինկեր, կանադա-ամերիկյան գիտնական,զբաղվում է գիտությունը հանրամատչելի դարձնելով: Հարվարդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր  է, մասնագիտացված է էքսպերիմենտալ հոգեբանության, հոգելինգվիստիկայի և կոգնիտիվ գիտությունների ոլորտում:

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

© 2019 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: