6446      0

11 նշան, որ էմոցիոնալ
ինտելեկտը ցածր է

«Էմոցիոնալ ինտելեկտ 2.0» նշանավոր գրքի համահեղինակ, TalentSmart ընկերության նախագահ Թրեվիս Բրեդբերին (Travis Bradberry) խորհուրդ է տալիս, թե ինչին ուշադրություն դարձնել:

Մի շարք հետազոտությունների արդյունքներ վկայում են, որ միջին մակարդակի IQ ունեցողները 70% դեպքերում ավելի շատ են հաջողությունների հասնում, քան բարձր IQ ունեցողները: Այս ոչ տրամաբանական պնդումը ստվեր էր գցում այլն լայն տարածված համոզման վրա, որ IQ-ն հանդիսանում է ձեռքբերումների և հաջողությունների սկզբնաղբույր:

Տասնամյակների հետազոտությունների արդյունքներից պարզվել է, որ այս անսպասելի բացահայտման բացակայող օղակը «Էմոցիոնալ ինտելեկտ» (EQ)* հասկացությունն է՝ այն կարևոր գործոնը, որը ձեռքբերումներ և հաջողություններ ունեցող մարդկանց առանձնացնում է մնացած բոլորից:

Էմոցիոնալ ինտելեկտը ինչ-որ վերացական, դժվար ընկալելի հասկացություն է, որն ազդում է մեր պահվածքի, սոցիալական դժվարությունների հաղթահարման և որոշումներ ընդունելու ունակության վրա: Չնայած EQ-ի ողջ կարևորությանը, նրա ոչ նյութական բնույթը խանգարում է հասկանալ, թե ինչպիսին է նրա մակարդակը և, եթե բարձր չէ, ինչ կարելի է անել, որպեսզի ցուցանիշները բարելավվեն:

Ցավոք, EQ-ի գիտականորեն հիմնավորված թեստերն անվճար չեն (կարող եք օգտվել «Էմոցիոնալ ինտելեկտ 2.0»  գրքի թեստից): Ես վերլուծել եմ TalentSmart ընկերության կողմից թեստավորում անցած ավելի քան մեկ միլիոն մարդկանց արդյունքները և դուրս եմ բերել վարքի այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են ցածր EQ ունեցող մարդկանց: Վարքի այս մոդելները պետք է բացառեք ձեր ռեպերտուարից:

1. Հեշտությամբ եք ենթարկվում սթրեսների:

Երբ բացասական զգացմունքները կուտակվում են, դրանք արագ վերածվում են լարվածության, սթրեսի և տագնապի տհաճ զգացողությունների: Անհասցե էմոցիաները լարում են միտքը և մարմինը: Էմոցիոնալ-ինտելեկտուալ հմտություններն օգնում են սթրեսը դարձնել ավելի կառավարելի՝ հնարավորություն տալով հասկանալ և լուծել դժվար իրավիճակները մինչ դրանց ծայրահեղության հասնելը:

Մարդիկ, ովքեր չունեն էմոցիոնալ ինտելեկտի հմտություններ, օգտվում են տրամադրության կառավարման այլ, պակաս արդյունավետ միջոցներից: Նրանք կրկնակի անգամ ավելի հաճախ են ունենում տագնապներ, դեպրեսիա, ինքնասպանության մտքեր, կախվածություն թմրանյութերից:

2. Ունեք ինքնահաստատման դժվարություններ:

Բարձր EQ ունեցող մարդիկ լավ վարվելաձևերը, կարեկցանկը և բարությունը համադրում են ինքնահաստատման և սահմաններ դնելու ունակության հետ: Այս դիվանագիտական համադրությունը իդեալական է կոնֆլիկտների լուծման հարցում:

Մարդկանց մեծ մասը ի սկզբանե հակված է պասիվ կամ ագրեսիվ վարքի: Բարձր էմոցիոնալ ինտելեկտով մարդիկ մնում են հավասարակշռված և ինքնավստահ՝ զսպելով չկառավարվող էմոցիոնալ ռեակցիաները: Դա թույլ է տալիս նրանց առանց թշնամիներ ձեռք բերելու չեզոքացնել բարդ և թունավոր մարդկանց:

3. Սահմանափակ էմոցիոնալ բառապաշար ունեք:

Բոլոր մարդիկ էլ ունենում են էմոցիաներ, բայց միայն քչերն են ի վիճակի ճշգրիտ որոշել, թե կոնկրետ ինչի հետ են կապված իրենց ապրումները: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ դա կարողանում է անել միայն մարդկանց մոտ 36%-ը:

Սա խնդիր է, որովհետև չհստակեցված էմոցիաները հաճախ սխալ են հասկացվում, իսկ դա բերում է ոչ ռացիոնալ և սխալ գործողությունների: Բարձր EQ ունեցող մարդիկ կառավարում են իրենց էմոցիաները, որովհետև հասկանում են դրանք և նկարագրելու համար օգտագործում են հարուստ բառապաշար:

Շատ մարդիկ իրենց վիճակը նկարագրում են «վատ եմ» պարզ արտահայտությամբ,  իսկ էմոցիոնալ զարգացած մարդիկ կարողանում են շատ ավելի ճշգրիտ որոշել, արդյոք իրենց զգացածը «նյարդայնություն» է, «հիսթափություն», «ճնշվածություն, թե՞ «տագնապ»: Որքան ճշգրիտ են ընտրված խոսքերը, այնքան ավելի լավ կարելի է հասկանալ, թե ինչն էր այդ զգացմունքի առաջացման պատճառը, և ինչ պետք է անել դրա հետ:

4. Արագ եք հետևություններ անում և դրանք անզիջում պաշտպանում եք:

Մարդիկ, ովքեր ցածր էմոցիոնալ ինտելեկտ ունեն, արագ են կարծիք կազմում, այնուհետև ենթարկվում նախատրամադրվածության ազդեցությանը: Ապացույցներ են հավաքում, որը կհաստատի իրենց կարծիքը և անտեսում են հակառակը ապացուցող ցանկացած բան:

Նրանք մինչև վերջ վիճում են, որպեսզի ապացուցեն իրենց իրավացի լինելը: Դա հատկապես վտանգավոր է լիդերների համար, քանի որ նրանց գաղափարները դառնում են ողջ թիմի ստրատեգիան: Էմոցիոնալ ինելեկտով մարդիկ աշխատում են իրենց գաղափարները միանգամից չարտահայտել, որովհետև գիտեն, որ առաջնային ռեակցիաների պատճառները հաճախ էմոցիաներն են:

Նրանք իրենց ժամանակ են տալիս, որպեսզի ուսումնասիրեն և դիտարկեն հնարավոր հետևանքներն ու հակառակ հիմնավորումները: Այնուհետև ներկայացնում են արդեն մշակված գաղափարներն առավել արդյունավետ ձևով՝ հաշվի առնելով լսարանի պահանջներն և կարծիքը:

5. Պահում եք վիրավորանքը:

Վիրավորանքին ուղեկցող բացասական էմոցիաներն իրականում սթրեսին ուղղված պատասխան ռեակցիա են: Նույնիսկ միայն իրադարձության վերաբերյալ մտքերը մեր մարմինը բերում են գոյատևման մեխանիզմի՝ «խփիր կամ փախիր» ռեժիմին, որը ստիպում է պայքարել կամ, վտանգի հանդիպելով, փախչել:

Երբ վտանգն անխուսափելի է, այդպիսի ռեակցիան կարևոր նշանակություն ունի ձեր գոյատևման համար: Բայց եթե վտանգը հին, անցած պատմություն է, այս դեպքում սթրեսը վնասում է ձեր մարմինը և ժամանակի ընթացքում կարող է առողջության համար քայքայիչ ազդեցություն ունենալ:

Էմորի համալսարանի (Emory University) հետազոտությունները ցույց են տվել, որ սթրեսի ենթարկվածությունը բերում է արյան ճնշման բարձրացման և սրտանոթային հիվանդությունների զարգացման: Պահելով վիրավորանքը, պահում եք նաև սթրեսը: Այդ պատճառով, էմոցիոնալ զարգացած մարդիկ գիտեն, որ պետք է դրանից խուսափել ամեն գնով: Բաց թողնելով վիրավորանքը, դուք ոչ միայն ձեզ լավ եք զգում, այլև նպաստում եք հետագայում ձեր առողջության լավացմանը:

6. Չափազանց շատ եք անհանգստանում սխալների համար:

Բարձր Էմոցիոնալ ինտելետով մարդիկ իրենց անձն առանձնացնում են կատարած սխալներից, բայց միևնույն ժամանակ չեն մոռանում դրանք: Իրենց սխալներն անվտանգ հեռավորության վրա պահելով, բայց նաև ժամանակ առ ժամանակ անդրադառնալով դրանց, նրանք կարողանում են ճանապարհ տալ ապագա հաջողությանը:

Դրա համար պահանջվում է հստակ և գիտակցված մոտեցում: Եթե չափազանց երկար եք անհանգստանում ձեր սխալների համար, մեծանում է անհանգստությունն ու անվստահությունը: Իսկ եթե ամբողջովին մոռանում եք, դրանք կարող են կրկնվել: Պետք է կարողանալ անհաջողությունները վերածել ավելի լավին հասնելու փոքրիկ միջոցների: Դա սովորեցնում է վեր կենալ ամեն վայր ընկնելուց հետո:

7. Հաճախ ձեզ չհասկացված եք զգում:

Երբ էմոցիոնալ ինտելեկտը չի բավարարում, դժվար է հասկանալ, թե ինչպես փոխհարաբերվել այլ մարդկանց հետ: Դուք ձեզ չհասկացված եք զգում, որովհետև չեք կարողանում փոխանցել ձեր ասելիքն այնպես, որ մարդիկ հասկանան ձեզ:

Էմոցիոնալ զարգացած մարդիկ գիտեն, որ ոչ միշտ են իդեալական ձևով բացատրում իրենց գաղափարները: Նրանք որսում են պահը, երբ մարդիկ չեն հասկանում իրենց ներկայացրածը, շտկում են իրենց մոտեցումը և սեփական գաղափարը նորից այնպես են մատուցում, որպեսզի ամեն ինչ պարզ լինի:

8. Չգիտեք ձեր տրիգերները**:

Ամեն մարդ ունի իր տրիգերները՝ իրավիճակներ և մարդիկ, որոնք կարծես «քաշում են թելը» և ստիպում իմպուլսիվ գործել: Էմոցիոնալ զարգացած մարդիկ ուսումնասիրում են իրենց տրիգերները, և օգտագործում գիտելիքները, որպեսզի խուսափեն այդպիսի իրավիճակներից:

9. Չեք բարկանում:

Էմոցիոնալ ինտելեկտը չի ենթադրում, որ մարդը միշտ հաճելի և բարի պետք է լինի: Այն հնարավորություն է տալիս լավագույն արդյունքի հասնելու համար կառավարել սեփական էմոցիաները: Դա նշանակում է, որ երբեմն պետք է ցույց տալ, որ տխրած, վշտացած կամ հիասթափված եք:

Սեփական էմոցիաները երջանկության և դրական դիմակի տակ մշտապես թաքցնելն արդյունավետ չէ: Էմոցիոնալ զարգացած մարդիկ համապատասխան իրավիճակներում բացասական և դրական էմոցիաներն օգտագործում են գիտակցված:

10. Ձեզ զգացածի համար մեղադրում եք ուրիշներին:

Էմոցիաները ներսից են գալիս: Գայթակղիչ է սեփական էմոցիաները բացատրել ուրիշների գործողություններով, բայց ձեր էմոցիաների համար պատասխանատվությունը դուք պետք ձեր վրա վերցնեք: Ոչ ոք չի կարող ստիպել ձեզ զգալ այն, ինչը չեք ցանկանում: Հակառակում համոզված լինելը մեզ հետ է տանում:

11. Հեշտությամբ վիրավորվում եք:

Եթե դուք հաստատ գիտեք, թե ինչպիսի մարդ եք, ինչ-որ մեկի խոսքերը և արարքները չեն կարող ձեզ հունից հանել: Էմոցիոնալ զարգացած մարդիկ վստահ են իրենց վրա, լայն հայացքներ ունեն, ինչպես նաև բավականին «պնդերես են»:  Դուք նույնիսկ կարող եք կատակել ձեր մասին կամ թույլ տալ, որ դա անեն ուրիշները, որովհետև կարողանում եք մտովի սահման տանել հումորի և նվաստացման միջև:

Հետևություններ
Ի տարբերություն IQ-ի, էմոցիոնալ ինտելեկտը՝ EQ-ն բավականին ճկուն է: Բազմաթիվ անգամ կրկնելով վարքի նոր՝ էմոցիոնալ-ինտելեկտուալ մոդելները, դուք ճանապարհ եք հարթում, որ դրանք դառնան սովորություն: Քանի որ ձեր ուղեղն ամրապնդում է այդ նոր մոդելներն օգտագործելը, վարքի հին, դեստրուկտիվ ձևերը վերանում են: Եվ շուտով, նույնիսկ հատուկ չմտածելով այդ մասին, սկսում եք օգտագործել էմոցիոնալ ինտելեկտի հմտությունները:

Բնօրինակ

*հեղինակը էմոցիոնալ ինտելեկտը ներկայացրել Է EQ, բայց նշենք, որ այսպես նշանակվում է էմոցիոնալ ինտելեկտի գործակիցը (Emotional Quotient). Էմոցիոնալ ինտելեկտ (անգլ. EI — emotional intelligence,  EQ —  Emotional Quotient, IQ — Intelligence Quotient).

**Հոգեբանական տրիգերներ (անգլերեն «trigger» — միացնող, գործի գցող ձգան բառից) մարդկանց ավտոմատ վարքային ռեակցիաներն են որևէ՝ հիմնականում արտաքին ազդակին:

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: