23130      0

Երջանիկ երեխա
դաստիարակելու
8 խորհուրդ Դանիայից

Դանիան աշխարհին պարգևել է «հյուգգե» փիլիսոփայությունը: Ինչպե՞ս երեխային դաստիարակել հյուգգե ոճով. անկեղծ, գիտակից և ինքնավստահ: Այդ մասին է դանիացի հոգեբան Jesper Juul-ի «Հյուգգե: Դանիական մանկական աշխարհ» գիրքը, որից 8 խորհուրդ ներկայացնում ենք ձեզ:

Jesper Juul — մանկական հոգեթերապևտ, ընտանեկան փոխհարաբերությունների հոգեբանութան ոլորտում աշխատում է ավելի քան 35 տարի: Ծնողների համար մասնավոր խորհրդատվական կենտրոնի՝ Միջազգային ընտանեկան լաբորատորիայի հիմնադիրն է: Սեմինարներ և թրեյնինգներ է անցկացնում Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և ևս 13 երկրներում:

Իմաստուն խորհուրդներ ծնողներին ամենաերջանիկ երկրի հոգեբանից

Երեխային լավ դաստիարակելու համար պետք չէ իդեալական ծնող լինել: Ծնողների և երեխաների երջանիկ հարաբերությունների հիմքում ընկած են չորս հասկացություններ. արդարություն, ներդաշնակություն, անկեղծություն և պատասխանատվություն: Տեսականորեն ամեն ինչ պարզ ու հասկանալի է, իսկ ինչպե՞ս իրականացնել այդ սկզբունքները գործնականում, երբ երեխաներն ամեն օր փորձում են ձեր ամրությունը:

1. Մի պաշտպանեք երեխային բացասական էմոցիաներից

Հենց երեխան լաց է լինում կամ բարկանում, ծնողներն անմիջապես վրա են հասնում նրան մխիթարելու: Հատկաապես, երբ դա տեղի է ունենում մարդաշատ վայրում: Երևի մեկ անգամ չէ, որ ներկա եք եղել նման տեսարանի. ընտանիքը գալիս է սրճարան, իսկ երեքամյա «բռնակալը» կամակորություն է անում, թե որտեղ պետք է նստի, ինչ է ցանկանում ուտել և այլն: Արդյունքում, փոխանակ վայելելու ընթրիքը, բոլորը մխիթարում և հանգստացնում են փոքրիկին, իսկ նա, ի պատասխան, ավելի շատ է կամակորություն անում:

«Այս ձևով երեխան պարզապես փորձում է պաշտպանել տխրելու, վախենալու, բարկանալու կամ հուսահատվելու իր իրավունքը: Այսօրվա ռոմանտիկների սերնդի ծնողներն իրենց գլուխն են մտցրել, որ երեխային պետք շատ ժամանակ հատկացնել, և անում են դա կրկնակի շատ, քան պետք է: Երեխային պարզապես հնարավորություն չի մնում յուրացնել մի պարզ ճշմարտություն. ուրիշները ևս ունեն պահանջմունքներ, կանոններ և զգացմունքներ: Սրա համար երեխան ստիպված է լինելու մեծ գին վճարել այն ժամանակ, երբ մենակ կմնա ուրիշների հետ», — կարծում է Jesper Juul-ը:

Թույլ տվեք երեխային ցույց տալ իր իրական զգացմունքները, բայց մի մոռացեք նաև ձեր սեփական պահանջմունքների մասին: Որևէ սարսափելի բան չկա, եթե երեխան բղավի կամ բարկանա: Արցունքներից դեռ ոչ ոք չի մահացել:

2. Մի շփոթեք հետևանքները և պատիժը

Դրանք մոտ հասկացություններ են, բայց դրանց միջև եղած տարբերությունը բավական մեծ է: Որոշ գործողությունների հետևանքները կարող են տհաճ կամ ցավագին լինել: Բայց, ի տարբերություն պատժի, դրանք չեն նսեմացնում մարդկային անհատականության արժեքը և մեղքի զգացում չեն փաթաթում վզին:

«Օրինակ, երեխան ցանկանում է մագլցել աթոռին, բայց ընկնում է հատակին և վնասվում: Սա նրա սեփական գործողությունների արդյունքն է: Նա հասկանում է, որ իր ֆիզիկական հնարավորությունները սահմանափակ են: Արդյունքը՝ կապտուկները և գլխի ելունդը, ավելացնում են երեխայի գիտելիքները, և հաջորդ անգամ խնդրի լուծմանը նա այլ կերպ կմոտենա», — բացատրում է հոգեբանը:  Իսկ եթե նա ծնողներից լսի. «Դու շատ լավ գիտես, որ կընկնես: Ինչու մեծերին չես լսում, երբ քեզ բան են ասում…», իրեն նվաստացած և մեղավոր կզգա:

Իսկ այդ իրավիճակում երեխային անկյուն կանգնեցնել, նշանակում է չափն անցնել: Երբեմն արգելված գործողությունների արդյունքները բավականին ուսանելի են, և չարժե լրացուցիչ բարկանալ երեխայի վրա կամ պատժել նրան:

3. Երեխայի վրա մի փորձարկեք դաստիարակության բոլոր նորաձև մեթոդները

Գրախանութների դարակները լի են երեխաների դաստիարակության մասին բազմազան ձեռնարկներով: Դրանցից որոշները գրել են ձեզ նման ծնողներ՝ իրենց սեփական փորձի կամ տարբեր հետազոտությունների փաստերի կանխակալ ընտրության հիման վրա: Չարժե ամեն ինչին հավատալ և բոլոր դուր եկած պոստուլատներն անմիջապես ստուգել սեփական որդու կամ դստեր վրա:

«Երբ որոշում եք երեխայի դաստիարակության համար որևէ նոր մեթոդ կիրառել, սկզբում մտածեք, թե կկիրառեի՞ք արդյոք այն ձեր ամուսնու կամ կնոջ նկատմամբ: Եթե պատասխանը «ոչ» է, ուրեմն գաղափարն այնքան էլ լավը չէ: Այդպես վարելով, դուք կհայտնվեք այն ծնողների շարքում, ովքեր այդպես էլ չեն ցանկանում իրենց երեխային լիարժեք մարդ համարել», — ասում է Jesper Juul-ը:

Վարքի և ուսման հետ կապված խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին:

Եթե ցանկանում եք շտկել երեխայի վարքի և ուսման հետ կապված խնդիրները, կարող եք դիմել հոգեբանի օգնությանը: Խորհրդատվության համար գրանցվել.                                                             հետևյալ համարով. +(374  91) 69-31-99,                                                                                                       կամ գրել info@iverh.com  էլ. հասցեին:
4. Ձանձրանալն օգտակար է

Վերջին 10-15 տարիների ընթացքում շատ երեխաներ և նրանց ծնողները հետ են վարժվել 10 րոպեից ավել իրենք իրենց հետ մենակ մնալուց: Մենք սովորել ենք, որ մեզ զվարճացնեն գաջեթները, ինտերնետը, հեռուստացույցը, ինտերակտիվ խաղերը…«Ձանձրացող» երեխաները սկսում են անհանգստանալ և կամակորություն անել: Նրանք պահանջում են, որ ծնողները խաղան իրենց հետ, տան սմարթֆոնը կամ պլանշետը, զբաղեցնեն իրենց ցանկացած այլ ձևով:

Ճանապարհորդության կամ հյուր գնալիս ծնողները մի կույտ գրքեր, խաղալիքներ և գաջեթներ են վերցնում, որպեսզի փրկեն երեխային հնարավոր ձանձրույթից: Բայց չէ որ դրանում ոչ մի սարսափելի բան չկա: Երբ ներկայիս ծնողները երեխա էին, ձանձրույթը դրդում էր նրանց ստեղծագործել, հորինել նոր խաղեր, ճանաչել ինքն իրեն և աշխարհը:

«Եթե համբերությամբ սպասենք անհանգստության և ձանձրույթի այդ ժամանակահատվածն անցնելուն, կարող ենք մեր մեջ ստեղծագործական ունակություններ բացահայտել: Իսկ դա շատ ավելի կարևոր է, քան սովորական նկարչությունը, ծեփագործությունը կամ մոդելներ հավաքելը: Ստեղծագործել, նշանակում է զգալ և հասկանալ ինքն իրեն, գտնել ինքնարտահայտման տարբեր միջոցներ: Ստեղծագործական փնտրտուքը մի կարևոր դեր ևս ունի. երեխան զարգացնում է սեփական նշանակալիության զգացումը և չի ձգտում լինել ինչպես բոլորը: Խիստ արտահայտված ինքնուրույնությունը բերում է հասարակության կյանքն ավելի լավ հասկանալուն», — հուշում է մանկական հոգեբանը:

5. Երեխաներին ամենից շատ պետք է ծնողների գրագետ ղեկավարումը

Ժամանակակից ծնողները հաճախ աշխատում են ընկերանալ երեխաների հետ: Երբ այդ մոտեցումը արդյունքներ չի տալիս, և երիտասարդ սերունդը անհնազանդ է դառնում, հայրերն ու մայրերը հիշում են դաստիարակության պապական ավտորիտար մեթոդները: Այս ծայրահեղությունները մի շարք թերություններ ունեն:

Պետք չէ ջանալ դառնալ երեխայի ընկերը կամ, բոլոր նյութական բարիքներով ապահովելով՝ գնել նրա հարգանքը: Բայց իշխանությունը չարաշահելը ևս այլընտրանք չէ: Բազմապիսի սահմաններ դնելու փոխարեն, ծնողները պետք է նախ և առաջ հասկանան իրենք իրենց:

6. Երեխայի հետ երկխոսություն վարեք

«Երկխոսությունը զրույց կամ քննարկում չէ: Այն մեծերից պահանջում է անկեղծություն, հետաքրքրվածություն, ճկունություն, իր և երեխայի մասին ինչ-որ նոր բան իմանալու ցանկություն: Իսկական երկխոսություն չի ստացվի, եթե ծնողները նպատակ են դրել, որն իրենց համար ամեն ինչից կարևոր է», — բացատրում Jesper Juul-ը:

Անձի զարգացման հարցում երկխոսություն վարելը կարևոր քայլ է, ինչը պետք է անեն մանկավարժները, ուսուցիչները և ծնողները: Կասեի, ընդհանրապես բոլոր մեծերը: Երեխաների հետ հետադարձ կապը խրախուսանքից և պատժից շատ ավելի գործուն է: Երեխաներն անմիջապես զգում են, երբ ծնողները դիմակ են հագնում և սկսում դեր խաղալ: Օրինակ, նրբազգաց և ամեն ինչ հասկացող հոր, կամ չափազանց հոգատար և ավելորդ քնքշություն դրսևորող մոր:

7. Ընդունեք երեխայի բացառիկ լինելու իրավունքը

Նախկինում համարվում էր, որ մինչև որոշակի տարիք երեխաները պարտավոր են անառարկելիորեն ենթարկվել ծնողներին: Չվիճել, չարտահայտել սեփական կարծիքը: Հնազանդ լինելու այս կուլտուրայում անկեղծություն չէր պահանջվում: Մեծերը միշտ ավելի լավ գիտեին, թե ինչ է պետք երեխաներին: Գործի էին դնում իրենց հեղինակությունը և թաքնվում մանկավարժի ու դաստիարակի դիմակի տակ: Երբեմն ժամանակակից ծնողները նույնպես գործածում են մանուկ հասակում լսած դասերն ու խրատները:

Քանի անգամ եք ասել երեխային «Վերջին խոսքն իմն է…», «Դու դեռ փոքր ես, որ ինձ թելադրես…» և նման այլ անհեթեթություններ: Հնարավո՞ր է արդյոք դրա միջոցով կյանքի մասին որևէ կարևոր բան բացատրել երեխային: Կօգնե՞ն արդյոք դրանք, որ փոքրիկը դառնա ինքնաբավ անհատականություն: «Մենք իրական ուժ ենք ստանում, երբ մեզ թույլ են տալիս դառնալ այն, ինչ կանք: Դա նշանակում է, որ ամեն օր պետք է պայքարել սեփական անհատականության համար և անպայմանորեն ընդունել սեփական երեխայի բացառիկ լինելը », — հիշեցնում է Jesper Juul-ը:

8. Սովորեք ճիշտ մերժել

Երեխայի բացառիկ լինելն ընդունելը  չի նշանակում, որ պետք է բավարարել նրա յուրաքանչյուր ցանկություն: Չնայած, երեխաները միշտ ուրախ են «այո» լսել: Նույնիսկ բարյացկամորեն ասված «ոչը» նրանց մոտ դժգոհություն է առաջացնում, տխրեցնում և նույնիսկ բարկացնում:

«Բայց դրամայի մասնակիցները պետք է անցնեն դրա միջով, որովհետև, հակառակ դեպքում, երեխաները մեծ տարիքում չեն կարողանա նորմալ ձևով ընկալել մերժումը: Դա կյանքի տարրական փորձ է, որը պահանջվում է, որ նրանք յուրացնեն: Այդ դեպքում, ավելի ուշ, անհաջողություններից և ճակատագրի հարվածներից հետո, նրանք ի վիճակի կլինեն բարձրանալ և ոտքի կանգնել: Նրանք պետք է հասկանան, որ եթե «ոչը» չի քննարկվում, այն շրջանցելու իրենց փորձն իզուր է», — բացատրում է հոգեբանը:

Բնօրինակ

Վարքի և ուսման հետ կապված խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին:

Եթե ցանկանում եք շտկել երեխայի վարքի և ուսման հետ կապված խնդիրները, կարող եք դիմել հոգեբանի օգնությանը: Խորհրդատվության համար գրանցվել.                                                             հետևյալ համարով. +(374  91) 69-31-99,                                                                                                       կամ գրել info@iverh.com  էլ. հասցեին:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: