1966 թվականին Հարրի Բրաունը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ նամակ գրեց իր իննամյա դստերը: Այն դարձավ նշանավոր, և դրանից մեջբերումներ են արվում մինչ օրս:
Հարրի Բրաուն, 1933 — 2006 թթ: Ամերիկացի գրող, ֆինանսական խորհրդատու, քաղաքական գործիչ, 1996 և 2004 թվականներին ԱՄն նախագահի թեկնածու: 12 գրքի հեղինակ է, որոնց ընդհանուր տպաքանակը կազմում է 12 միլիոն :
Հիմա Սուրբ Ծննդյան տոնն է, և ես մի սովորական խնդիր ունեմ. ի՞նչ նվեր ընտրել քեզ համար: Գիտեմ, թե քեզ ինչն է ուրախացնում. գրքերը, խաղերը, զգեստները: Բայց ես ցանկանում եմ նվիրել այնպիսի մի բան, որն ամեն Ծննդյան տոնին կհիշեցնի քեզ իմ մասին:
Ու գիտես, ինձ թվում է, ես արդեն ընտրել եմ այդ նվերը: Քեզ կնվիրեմ մի պարզ ճշմարտություն, որն ինքս ստիպված եմ եղել հասկանալ շատ տարիների ընթացքում: Եթե դու այն հասկանաս հիմա, շատ կհարստացնես քո կյանքը, և ապագայում այն զերծ կպահի քեզ բազմաթիվ խնդիրներից:
Սա նշանակում է, զավակս, որ ոչ ոք չի ապրում քեզ համար: Եթե հասկանաս, որ ոչ ոք պարտավոր չէ քեզ համար երջանկություն ստեղծել, դու կազատվես անհնարինին սպասելուց:
Ոչ ոք պարտավոր չէ սիրել քեզ: Եթե ինչ-որ մեկը սիրում է քեզ, ուրեմն քո մեջ այնպիսի մի հատուկ բան կա, որը նրան երջանիկ է դարձնում: Պարզիր, թե ինչն է դա, աշխատիր ուժեղացնել այն, և այդ ժամանակ քեզ կսիրեն շատ ավելի:
Ոչ ոք պարտավոր չէ հարգել քեզ: Իսկ որոշ մարդիկ էլ բարի չեն գտնվի քո նկատմամբ: Բայց այն պահից, երբ կհասկանաս, որ ոչ ոք պարտավոր չէ բարին անել քեզ, և, որ ինչ-որ մեկը կարող է քեզ հետ վատ վարվել, դու կսովորես խուսափել այդպիսի մարդկանցից: Որովհետև, դու էլ նրանց ոչինչ պարտական չես:
Դու պետք ավելի լավը դառնաս նախ և առաջ ինքդ քեզ համար: Որովհետև, եթե քեզ մոտ ստացվի, ուրիշները կցանկանան քո կողքին լինել և քեզ տարբեր բաներ տալ՝ փոխարեն այն ամենի, ինչը դու կարող ես նրանց տալ:
Իսկ ինչ-որ մեկն էլ չի ցանկանա քեզ հետ լինել, և պատճառները բոլորովին քո մեջ չեն լինի: Եթե այդպիսի բան պատահի, պարզապես փնտրիր այլ հարաբերություններ: Թող ուրիշի խնդիրը քոնը չդառնա:
Այն պահից, երբ կհասկանաս, որ շրջապատողների սերը և հարգանքը պետք է վաստակել, դու արդեն չես սպասի անհնարինին և չես հիասթափվի: Ուրիշները պարտավոր չեն կիսվել քեզ հետ իրենց սեփականությամբ, զգացմունքներով կամ մտքերով: Դե, իսկ եթե նրանք դա անում են, ուրեմն միայն այն պատճառով, որ դու դա վաստակել ես:
Այդ ժամանակ, դու կարող ես հպարտանալ քո վաստակած սիրով և ընկերների անկեղծ հարգանքով: Բայց երբեք դա որպես պարտավորություն մի ընդունի: Եթե անես դա, դու կկորցնես այդ մարդկանց: Նրան քոնը չեն «ըստ իրավունքի»: Նրանց պետք է հասնել և «վաստակել» ամեն օր:
Իմ ուսերից մի մեծ բեռ ընկավ, երբ հասկացա, որ ոչ ոք ինձ պարտական չէ: Ես սարսափելի շատ ֆիզիկական և էմոցիոնալ ջանքեր եմ թափել ստանալու համար այն, ինչն իմ կարծիով իմ հասանելիքն էր: Բայց իրականում ոչ ոք ինձ պարտավոր չէ իր լավ վարքով, հարգանքով, ընկերությամբ, քաղաքավարությամբ կամ խելքով:
Այն պահից, երբ հասկացա դա, սկսեցի իմ բոլոր հարաբերություններից ավելի շատ բավականություն ստանալ: Կենտրոնացա այն մարդկանց վրա, ովքեր ցանկանում են անել այն, ինչ ինձ է պետք նրանցից: Եվ դա ինձ լավ ծառայություն մատուցեց ընկերների, գործընկերների, սիրած էակների, վաճառողների, անծանոթների հետ հարաբերություններում:
Ես մշտապես հիշում եմ, որ կարող եմ ստանալ այն, ինչ ուզում եմ, եթե թափանցեմ իմ զրուցակցի աշխարհը: Ես պետք է հասկանամ, ինչպե՞ս է նա մտածում, ի՞նչն է կարևոր համարում, ի՞նչ է վերջին հաշվով ցանկանում…
Այնքան էլ հեշտ չէ մի նամակում ամփոփել այն, ինչն ինձ հաջողվել է հասկանալ շատ տարիների ընթացքում: Բայց եթե ամեն Ծնննդյան տոնի նորից ընթերցես այս նամակը, միգուցե դրա մտքերն ամեն տարվա հետ մի փոքր ավելի հասկանալի դառնան քեզ:
© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: