15651      0

Եթե երեխան ձեզ
կոպիտ խոսքեր է ասել…

Անմիջապես դադարեցրեք խոսակցությունը և դուրս եկեք սենյակից: Այնուհետև միջոցներ ձեռնարկեք: Իհարկե, սիմվոլիկ: Առաջարկում է Elizabeth Pantley-ն:

Elizabeth Pantley — ԱՄՆ, Վաշինգտոն, ծնողավարության մասնագետ, Better Beginnings, Inc. ընկերության նախագահ:  Հաճախ է հանդիպում ծնողների հետ դպրոցներում, հիվանդանոցներում, ծնողական խմբերի հետ ողջ աշխարհում: Նրա ելույթներն ընդունվում են ոգևորությամբ և համարվում շատ օգտակար: Բազմաթիվ հանրամատչելի գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են 27 լեզուներով:

Թվում է, երբ երեխաները մեծանան, առանց բացառության, բոլորը դառնալու են փաստաբաններ: Չէ՞ որ բավական է նրանց խնդրել ինչ-որ բան անել, անմիջապես պատրաստ են և′ հարցը, և′ պատասխանը: Կարծես նրանք բարուրից սկսած միայն զբաղված են եղել իրենց իրավունքներն անգիր սովորելով: Իսկ պարտականությունների մասը միտումնավոր բաց են թողել, որպեսզի թույլ չտան ծնողներին անգամ խոսք ասել ի պաշտպանություն իրենց:

Բայց, ցավոք, այդպես թվում է միայն մեզ՝ ծնողներիս: Հոգեբաններն ասում են. եթե դուք վիճում եք, նշանակում է պատասխանել եք կոչին և երկուսդ էլ մեղավոր եք: Երբ վեճ է ծագում, և երեխան վիրավորում կամ մեղադրում է ձեզ ինչ-որ բանում, ողջ ուժերով պահպանեք հանգստությունը: Իսկ եթե իրավիճակը սրվում է մինչև ծայր աստիճան, ասեք ձեր վերջին խոսքը և ուշադրության մի դարձրեք մնացածին: Երեխաները պետք է իմանան, որ եթե պետք է, դուք էլ կարող եք անզիջում լինել:

Սովորաբար, ծնողները չափազանց լուրջ են վերաբերվում երեխաների խոսքերին, այդ պատճառով էլ հաճախ են վիճում: Այն դեպքում, երբ երեխայի շատ արտահայտություններ և ռեպլիկներ պատասխան կամ մեկնաբանություն բոլորովին չեն պահանջում: Օրինակ, «իսկ ինչու՞ միշտ ես» խոսքերը միանգամայն կարելի առանց ուշադրության թողնել, որովհետև դրանք իրականում ուշադրության արժանի չեն: Դրանցում որևէ վիրավորական բան չկա, և նորմալ լեզվով թարգմանելու դեպքում կհնչեն այսպես. «Իհարկե, ես կանեմ, չնայած բոլորովին ցանկություն չունեմ»:

Լինում են նաև այնպիսի երեխաներ, ովքեր շատ են սիրում խոսել և չեն կարողանում լռել: Էհ, թող խոսեն: Ձեզ միայն մնում է նրանց հետ քննարկել, թե ե՞րբ, ինչպե՞ս և ի՞նչ առիթներով են թույլատրվում վիճաբանությունները: Բավական է ձայնը չբարձրացնել, չվիրավորել, լսել մյուսին, և դուք քիչ առիթ կունենաք իրարից դժգոհելու:

Երբեմն արժե խիստ ձևով ասել. «Դա չի քննարկվում»: Եվ սա պետք է բավական լինի, որպեսզի երեխան դադարեցնի ամեն տեսակի վիճաբանությունները և անի այն, ինչը նրանից խնդրում են: Իսկ մնացած բոլոր դեպքերում երեխան պետք է ընտրության հնարավորություն ունենա՝ կամ սկզբում դասերը, հետո ամանները, կամ հակառակը, իսկ երրոորդը տրված չէ:

Ինչպե՞ս վարվել, երբ երեխաները ծնողների հետ անհարգալից են խոսում: Ինչպե՞ս դրան վերջ դնել: Միայն գիտակցաբար ձևավորելով քաղաքավարի և նորմալ խոսելու սովորություն: Առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, որ վեճերը կլանում են: Այդ պատճառով պետք է գրագետ պաշտպանություն վարելու պատրաստ լինել:

Երեխան, ով կոպտել է ծնողներին և անպատիժ մնացել, անպայման կկրկնի դա: Իսկ ժամանակի ընթացքում կսկսի իրեն ավելի վատ պահել: Առանց բացառության, բոլոր երեխաներն էլ փորձում են լեզվին տալ: Միայն այն ծնողները, ովքեր հենց սկզբից հանգիստ և հեղինակավոր ձևով երեխային հասկացնել են տալիս, որ դա անթույլատրելի է, երեխային զերծ են պահում բռիությունից: Եթե երեխան շարունակում է կոպիտ խոսքեր ասել, մեղավոր են ծնողները: Նրանք պետք է շտապ փոխեն վիճաբանությունների ժամանակ իրենց պահվածքը:

Ոչ մի դեպքում ինքներդ մի կոպտեք: Հենց որ երեխան ձայնը կբարձրացնի, անմիջապես դադարեցրեք խոսակցությունը և դուրս եկեք սենյակից: Եթե երեխան գալիս է ձեր հետևից, հանգիստ և արժանավայել ձևով ասեք, որ հրաժարվում եք այդ տոնով խոսել:

Այնուհետև միջոցներ ձեռնարկեք: Իհարկե, սիմվոլիկ: Այդ միջոցների շատ չեն. զրկել հեռախոսից, համակարգչից, հեռուստացույցից, ընկերների հետ զբոսանքից: Բայց, բոլոր դեպքերում, դա պետք է անել, որպեսզի երեխային արագ կարգի հրավիրեք:

Մի փոքր լռեք: Որոշ ժամանակ անց, երբ կհանգստանք, երեխայի հետ լուրջ խոսեք և հաշտվեք: Կարելի է նույնիսկ այսպիսի խաղ խաղալ. երկուշաբթի պատից կախեք չգրված, շրջանաձև կտրած թուղթ և հանձնարարեք երեխային, որ ամեն անգամ, երբ ձեզ հետ վիճաբանության մեջ մտնի, շրջանից մի կտոր «պոկի»: Նայեք, թե ինչ կմնա շաբաթվա վերջում:

Իսկ մեկ շաբաթ անց ամեն ինչ սկսեք նոր թղթից: Նույնիսկ այսպիսի պարզ խաղը կօգնի ազատվել շատ խնդիրներից: Իսկ ձեզ համար ավելի հեշտ կլինի հաջորդ անգամ խիստ նայել երեխային և ասել. «Այլևս դա չլսեմ», այնուհետև շարունակել խոսակցությունը՝ կարծես ոչինչ չի եղել: Եվ համոզված լինել, որ վերջին հաշվով երեխան կկատարի ձեր ասածը:

Elizabeth Pantley

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: