11984      0

Ընկերությունը, որտեղ աշխատում եք,
ձեր ընտանիքը չէ

«ReWork. բիզնես առանց նախապաշարմունքների» բեսթսելերի համահեղինակ և Basecamp-ի հիմնադիր Դեվիդ Հայնեմայեր Հենսոնը (David Heinemeier Hansson) խորհուրդ է տալիս զգուշանալ այն գործատուներից, ովքեր շարունակ պնդում են, որ իրենց ընկերությունը մի մեծ համերաշխ ընտանիք է:

David Heinemeier Hansson – դանիացի նշանավոր գործարար, ծրագրավորող, տարբեր բիզնես-գրքերի հեղնակ:

Զգույշ եղեք, երբ ղեկավարներն ամեն անգամ հայտարարում են, որ ընկերությունը, որտեղ աշխատում եք, մի մեծ համերաշխ ընտանիք է: Նման հայտարարությունը բոլորովին չի նշանակում, որ ընկերությունն անվերապահորեն սիրում է ձեզ և ցանկացած անհաջողության դեպքում կպաշտպանի այնպես, ինչպես լինում է լավ ընտանիքներում:

Ավելի շուտ, դա կարտահայտվի նրանով, որ զոհաբերությունների կգնա միայն մի կողմը՝ դուք: Որովհետև, երբ կառուցվում է ընտանիքի կերպարը, նաև միանգամայն բնական հետևություն է արվում, որ դուք պետք է անեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ընտանիքին:

Արդյո՞ք գիշերներն աշխատում եք կամ հրաժարվում արձակուրդ գնալուց միայն նրա համար, որ հասնեք անձնական առաջխաղացման կամ ավելի շատ վաստակեք: Իհարկե ոչ, առաջին հերթին դուք դա անում եք «հանուն ընտանիքի»: Այսպիսի ակներև էմոցիոնալ կոչն անհրաժեշտ է միայն այն ժամանակ, երբ ղեկավարությունը փորձում է ստիպել ձեզ մոռանալ սեփական շահերի մասին:

Եթե ցանկանում եք, որ ձեր ընկերությունը կառուցվի քաղաքավարության և բարության հիման վրա, որպեսզի այն իսկապես պաշտպանի աշխատակիցներին, բոլորովին պետք չէ ընտանիք ձևանալ: Բոլոր այս արժեքները կարող են շատ ավելի լավ արտահայտվել սկզբունքներում, մոտեցումներում, և, որ ամենակարևորն է, գործողություններում:

Բացի այդ, մի՞թե դուք չունեք ձեր սեփական ընտանիքը կամ հարազատի պես մոտ ընկերներ: Ժամանակակից ընկերությունը «որբերից կազմված փողոցային բանդա չէ, որը փորձում է ինչ-որ բանի հասնել այս խիստ ու դաժան աշխարհում»: Ձեր սեփական ընտանիքը դուրս մղելու փորձն ընդամենը ևս մեկ միջոց է ընկերության պահանջներն ավելի վեր դասելու ձեր իրական ընտանիքի պահանջներից: Սա միանգամայն հիվանդագին ձեռնարկում է:

Ամենալավ ընկերությունները ընտանիք չեն ձևանում: Նրանք աջակցում են ընտանիքին: Դառնում են ընտանիքի դաշնակիցը: Ապահովում են առողջ աշխատանքային միջավայր: Հետևաբար, երբ աշխատակիցները խելամիտ ժամի փակում են իրենց նոութբուքները, նրանք մնում են հնարավոր ամենալավ ամուսինները, կանայք, ծնողները, եղբայրները, քույրեըր և երեխաները:

Բնօրինակ

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: