10496      0

Երեխայի անբավարար
առաջադիմության
հոգեթերապիա

8 կանոն և խորհուրդ անբավարար առաջադիմություն ունեցող երեխաների ծնողներին :   

Կանոն 1. Մի խբիր ընկածին: Ստացած «երկուսն» արդեն բավարար պատիժ է, կարիք չկա նույն սխալի համար պատժել կրկնակի: Իր գիտելիքների գնահատականը երեխան արդեն ստացել է, իսկ տանն իր ծնողներից նա սպասում է հանգիստ օգնություն, այլ ոչ թե նոր կշտամբանքներ:

Կանոն 2. Մեկ րոպեի ընթացքում մեկ թերությունից ոչ ավելի: Որպեսզի վերացնեք երեխայի թերությունը, մեկ րոպեի ընթացքում մեկ անգամից ավելի մի անդրադարձեք դրան: Հակառակ դեպքում, երեխան ուղղակի «կանջատվի», կդադարի արձագանքել ձեր խոսքերին, ձեր գնահատականների նկատմամաբ կդառնա անզգայուն: Իհարկե, դժվար բան է, բայց երեխայի բազմաթիվ թերություններից ընտրեք այն, ինչն այս պահին ձեզ համար ամենից անընդունելին է, ինչը ցանկանում եք վերացնել առաջին հերթին և խոսեք միայն այդ մասին: Մնացածներին կանդրադառնաք ավելի ուշ, կամ էլ կպարզվի, որ դրանք այնքան էլ էական չեն:

Կանոն 3. Երկու նապաստակի հետևից վազողը… Խորհրդակցեք երեխայի հետ և առաջին հերթին սկսեք վերացնել այն ուսումնական դժվարությունները, որոնք ամենից նշանակալին են իր՝ երեխայի համար: Այս հարցում երեխայի հետ ավելի շուտ համաձայնության կգաք:

Կանոն 4. Գովել կատարողին, քննադատել կատարածը: Գնահատականը պետք է կոնկրետ հասցե ունենա: Սովորաբար, երեխան կարծում է, որ գնահատում են իր անձը: Մենք կարող ենք օգնել, որ նա տարբերի անձի գնահատականն իր կատարած աշխատանքի գնահատականից: Գովասանքը պետք է ուղղել անձին: Դրական գնահատականը պետք է վերաբերի մարդուն, ով դարձել է մի փոքր ավելի շատ իմացող և կարողացող: Եթե այդպիսի գովասանքի շնորհիվ և այդ որակների համար երեխան սկսի հարգել ինքն իրեն, նրա սովորելու ցանկության համար մի շատ կարևոր հիմք ևս կդնեք:

Կանոն 5. Գնահատականը պետք է համեմատի երեխայի այսօրվա հաջողություններն իր իսկ նախկին անհաջողությունների հետ: Պետք չէ համեմատել երեխայի հաջողություները պետական նորմերի կամ հարևանի երեխայի ձեռքբերումների հետ: Չէ՞ որ երեխայի նույնիսկ ամենափոքր հաջողությունը հաղթանակ է ինքն իր նկատմամբ, և այն պետք է համապատասխան ձևով նկատվի ու գնահատվի:

Կանոն 6. Ժլատ մի եղեք գովասանքի հարցում: Չկա այնպիսի վատ սովորող, որին գովելու առիթ չլինի: Անհաջողությունների հոսքից ընտրեք գովասանքի արժանի թեկուզ մի փոքրիկ կղզի, և երեխան կունենա այն հենակետը, որտեղից կկարողանա հարձակում սկսել չիմանալու և չկարողանակու դեմ: Չէ՞ որ ծնողական. «Չես արել, չես ջանացել, չես սովորել»-ը առաջացնում է «չեմ ուզում, չեմ կարողանում, չեմ անի» արձագանքը:

Կանոն 7. Գնահատման անվտանգության տեխնիկա: Երեխայի աշխատանքը պետք է գնահատել խիստ տարանջատված ու տարբերակված: Այստեղ տեղին չէ ընդհանուր գնահատականը, որտեղ մեկտեղված են երեխայի շատ տարբեր ջանքերի արդյունքները, օրինակ, ճիշտ հաշվարկներ անելը, որոշակի տիպի խնդիրներ լուծել կարողանալը, գրագետ գրելը, աշխատանքի արտաքին տեսքը: Տարբերակված գնահատման դեպքում երեխան ո′չ լիակատար հաջողության պատրանքներ է ունենում, ո′չ էլ լրիվ անհաջողության զգացում: Առաջանում է սովորելու շատ գործնական մոտիվացիա. «Դեռ չգիտեմ, բայց կարող եմ և ուզում եմ իմանալ»:

Կանոն 8. Երեխայի առջև խիստ կոնկրետ և ռեալ նպատակներ դրեք: Այդ դեպքում նա կփորձի հասնել դրանց: Մի գայթակղեք երեխային անիրագործելի նպատակներով, նրան մի մղեք դեպի ակնհայտ ստի ճանապարհ: Եթե թելադրության մեջ նա իննը սխալ է արել, նրանից խոստում մի վերցրեք, որ հաջորդ անգամ պետք է աշխատի ոչ մի սխալ չանել: Պայմանավորվեք, որ դրանք յոթից ավել չեն լինի, և եթե այդ նպատակին հասնի, երեխայի հետ միասին ուրախացեք:

(Ըստ Օ. Վ. Պոլյանսկայայի, Տ. Ի. Բելյաշկինայի նյութերի)

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: