12      0

Հայաստանը
Հենրի Լինչի
աչքերով

«Հայկական բարձրավանդակի հսկայական տարածքներում Արարատն առանձնանում է որպես մի լեռ, որը միավորում է բնության վեհությունն ու պատմական հիշողությունը»։ Հենրի Լինչ

Բրիտանացի ճանապարհորդ, աշխարհագետ և գրող Հենրի Ֆինիս Բլոս Լինչի (Henry Finnis Blosse Lynch, 1862–1913).  «Armenia: Travels and Studies» («Հայաստան. ճամորդություններ և ուսումնասիրություններ») գիրքը  բացառիկ աշխատություն է՝ գրված ոչ միայն ճանապարհորդի, աշխարհագետի, լուսանկարչի, այլև Հայաստանի նկատմամբ խորը հետաքրքրություն ունեցող մարդու աչքերով:

Լինչի գրքում ներկայացված են 1893–1894 և 1898 թվականներին Հայաստան կատարած այցելությունների ընթացքում նրա հավաքագրած նյութերը՝ եզակի փաստեր հայ ժողովրդի պատմության, ազգագրության, բանահյուսության, աշխարհագրության և վիճակագրության վերաբերյալ: Գիրքը հարուստ է բազմաթիվ բնօրինակ լուսանկարներով ու քարտեզներով, որոնք բացառիկ փաստագրական արժեք ունեն:

Գիրքը հրատարակվել է Լոնդոնում 1901 թվականին՝ երկու հատորով։ Առաջին հատորը նվիրված է հիմնականում արևելյան, իսկ երկրորդը՝ Օսմանյան կայսրության կազմում գտնվող հայկական նահանգներին։ Գիրքը ներառում է բազմաթիվ արժեքավոր լուսանկարներ, քարտեզներ, նկարագրություններ և պատմական ուսումնասիրություններ։

Լինչի համար Հայաստան  տանող ճանապարհն սկսվում էր Արարատից:  Նա նկարագրում է Արարատի վեհությունը ոչ միայն որպես աշխարհագրական երևույթ, այլև որպես հայ ժողովրդի ինքնության և հիշողության խորհրդանիշ, Հայաստանի պատմության լուռ վկա։

Լինչը ճամփորդել է ողջ Հայաստանով՝ այցելել Երևան, Էջմիածին, Արարատ, Վան, Աղթամար, Բիթլիս, Մուշ, Էրզրում և բազմաթիվ այլ վայրեր։ Նկարագրել է տեսածը, փորձել է հասկանալ երկրի անցյալը, ներկան, ժողովրդի կենցաղը և այն դժվարությունները, որոնց միջով անցնում է հայ ժողովուրդը։

Առանձնակի հիացմունքով  և մանրամասն նկարագրել է միջնադարյան եկեղեցիները, վանքերը, բերդերը՝ ընդգծելով դրանց յուրահատուկ ոճն ու պատմական արժեքը։ Հին բերդերն ու վանքերը, խաչքարերն ու ավերակ քաղաքները նրան պատմում են մի ժողովրդի մասին, որն ապրել և հազարամյակների ընթացքում անցել է բազմաթիվ փորձությունների միջով։

Նա ներկայացնում է Հայաստանը որպես հին քաղաքակրթության օրրան, իսկ հայկական մշակույթը՝ մարդկանց մեջ ապրող կենդանի ժառանգություն:

Մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել է հայ ժողովրդի կրթական, մշակութային և հասարակական կյանքը: Նրա նկարագրություններում հայերը ներկայացվում են որպես աշխատասեր, ստեղծագործ և կրթության հանդեպ մեծ հետաքրքրություն ունեցող ժողովուրդ։

Նաև անդրադարձել է 19-րդ դարի վերջի քաղաքական ծանր իրավիճակին և հայ բնակչության առջև ծառացած խնդիրներին, Օսմանյան կայսրության հայկական նահանգներում տիրող իրավիճակին և այն դժվարություններին, որոնց բախվում էր հայ բնակչությունը։

«Armenia: Travels and Studies»  գիրքը համարվում է Հայաստանի մասին գրված կարևորագույն օտարալեզու աշխատություններից մեկը:

 Հենրի Լինչ. մտքեր «Armenia: Travels and Studies» գրքից

«Ի՞նչն էր ինձ ձգում դեպի Հայաստան։ Հետաքրքրությունը՝  իմանալու, թե ի՞նչ կա լեռներից այն կողմ, որտեղ մեծ գետերի ակունքներն են, հսկայական լիճը և Արարատ սուրբ լեռը»։

«Հայկական տաճարները կարծես ստեղծված են հենց այդ խիստ բնության համար՝ մարմնավորելով  մարդու և բնության զարմանալի ներդաշնակությունը»։

«Հայկական բարձրավանդակի հսկայական տարածքներում Արարատն առանձնանում է որպես մի լեռ, որը միավորում է բնության վեհությունն ու պատմական հիշողությունը»։

«Հայաստանի բնությունն իր շքեղությամբ չի նմանվում այլ երկրներին։ Նրա գեղեցկությունը խիստ է, վեհ և լուռ։ Եվ այդ լռության մեջ դարերի ներկայությունն է»։

«Հայ ժողովրդին ճանաչելու լավագույն ճանապարհներից մեկը նրա դպրոցները, եկեղեցիները և առօրյա կյանքը տեսնելն է»։

«Այստեղ յուրաքանչյուր քար կարծես հիշեցնում է անցյալի մասին։ Քաղաքների ավերակները, եկեղեցիները, հին արձանագրությունները երկրի և ժողովրդի բազմադարյա պատմության վկայություններն են»։

«Հայաստանը ճանաչելու համար բավական չէ միայն տեսնել նրա լեռներն ու հին շինությունները։ Պետք է հասկանալ նաև այն մարդկանց, ովքեր դարեր շարունակ ապրել են այս հողի վրա և պահպանել իրենց մշակույթը»։

Գրքի 1-ին հատորն այստեղ

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացիր մեր էջին
iHerb WW
Издательство «МИФ»

© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: