«Հայկական բարձրավանդակի հսկայական տարածքներում Արարատն առանձնանում է որպես մի լեռ, որը միավորում է բնության վեհությունն ու պատմական հիշողությունը»։ Հենրի Լինչ
Բրիտանացի ճանապարհորդ, աշխարհագետ և գրող Հենրի Ֆինիս Բլոս Լինչի (Henry Finnis Blosse Lynch, 1862–1913). «Armenia: Travels and Studies» («Հայաստան. ճամորդություններ և ուսումնասիրություններ») գիրքը բացառիկ աշխատություն է՝ գրված ոչ միայն ճանապարհորդի, աշխարհագետի, լուսանկարչի, այլև Հայաստանի նկատմամբ խորը հետաքրքրություն ունեցող մարդու աչքերով:
Լինչի գրքում ներկայացված են 1893–1894 և 1898 թվականներին Հայաստան կատարած այցելությունների ընթացքում նրա հավաքագրած նյութերը՝ եզակի փաստեր հայ ժողովրդի պատմության, ազգագրության, բանահյուսության, աշխարհագրության և վիճակագրության վերաբերյալ: Գիրքը հարուստ է բազմաթիվ բնօրինակ լուսանկարներով ու քարտեզներով, որոնք բացառիկ փաստագրական արժեք ունեն:
Գիրքը հրատարակվել է Լոնդոնում 1901 թվականին՝ երկու հատորով։ Առաջին հատորը նվիրված է հիմնականում արևելյան, իսկ երկրորդը՝ Օսմանյան կայսրության կազմում գտնվող հայկական նահանգներին։ Գիրքը ներառում է բազմաթիվ արժեքավոր լուսանկարներ, քարտեզներ, նկարագրություններ և պատմական ուսումնասիրություններ։
Լինչի համար Հայաստան տանող ճանապարհն սկսվում էր Արարատից: Նա նկարագրում է Արարատի վեհությունը ոչ միայն որպես աշխարհագրական երևույթ, այլև որպես հայ ժողովրդի ինքնության և հիշողության խորհրդանիշ, Հայաստանի պատմության լուռ վկա։
Լինչը ճամփորդել է ողջ Հայաստանով՝ այցելել Երևան, Էջմիածին, Արարատ, Վան, Աղթամար, Բիթլիս, Մուշ, Էրզրում և բազմաթիվ այլ վայրեր։ Նկարագրել է տեսածը, փորձել է հասկանալ երկրի անցյալը, ներկան, ժողովրդի կենցաղը և այն դժվարությունները, որոնց միջով անցնում է հայ ժողովուրդը։
Առանձնակի հիացմունքով և մանրամասն նկարագրել է միջնադարյան եկեղեցիները, վանքերը, բերդերը՝ ընդգծելով դրանց յուրահատուկ ոճն ու պատմական արժեքը։ Հին բերդերն ու վանքերը, խաչքարերն ու ավերակ քաղաքները նրան պատմում են մի ժողովրդի մասին, որն ապրել և հազարամյակների ընթացքում անցել է բազմաթիվ փորձությունների միջով։
Նա ներկայացնում է Հայաստանը որպես հին քաղաքակրթության օրրան, իսկ հայկական մշակույթը՝ մարդկանց մեջ ապրող կենդանի ժառանգություն:
Մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել է հայ ժողովրդի կրթական, մշակութային և հասարակական կյանքը: Նրա նկարագրություններում հայերը ներկայացվում են որպես աշխատասեր, ստեղծագործ և կրթության հանդեպ մեծ հետաքրքրություն ունեցող ժողովուրդ։
Նաև անդրադարձել է 19-րդ դարի վերջի քաղաքական ծանր իրավիճակին և հայ բնակչության առջև ծառացած խնդիրներին, Օսմանյան կայսրության հայկական նահանգներում տիրող իրավիճակին և այն դժվարություններին, որոնց բախվում էր հայ բնակչությունը։
«Armenia: Travels and Studies» գիրքը համարվում է Հայաստանի մասին գրված կարևորագույն օտարալեզու աշխատություններից մեկը:
«Ի՞նչն էր ինձ ձգում դեպի Հայաստան։ Հետաքրքրությունը՝ իմանալու, թե ի՞նչ կա լեռներից այն կողմ, որտեղ մեծ գետերի ակունքներն են, հսկայական լիճը և Արարատ սուրբ լեռը»։
«Հայկական տաճարները կարծես ստեղծված են հենց այդ խիստ բնության համար՝ մարմնավորելով մարդու և բնության զարմանալի ներդաշնակությունը»։
«Հայկական բարձրավանդակի հսկայական տարածքներում Արարատն առանձնանում է որպես մի լեռ, որը միավորում է բնության վեհությունն ու պատմական հիշողությունը»։
«Հայաստանի բնությունն իր շքեղությամբ չի նմանվում այլ երկրներին։ Նրա գեղեցկությունը խիստ է, վեհ և լուռ։ Եվ այդ լռության մեջ դարերի ներկայությունն է»։
«Հայ ժողովրդին ճանաչելու լավագույն ճանապարհներից մեկը նրա դպրոցները, եկեղեցիները և առօրյա կյանքը տեսնելն է»։
«Այստեղ յուրաքանչյուր քար կարծես հիշեցնում է անցյալի մասին։ Քաղաքների ավերակները, եկեղեցիները, հին արձանագրությունները երկրի և ժողովրդի բազմադարյա պատմության վկայություններն են»։
«Հայաստանը ճանաչելու համար բավական չէ միայն տեսնել նրա լեռներն ու հին շինությունները։ Պետք է հասկանալ նաև այն մարդկանց, ովքեր դարեր շարունակ ապրել են այս հողի վրա և պահպանել իրենց մշակույթը»։
© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: