Դպրոցում երեխայի հարմարման և ուսման հաջող գործընթացի համար կարևոր է ոչ միայն երեխայի, այլև ծնողի պատրաստ լինելը:
Դպրոցին պատրաստվածությունը ենթադրում է երեխայի ֆիզիկական, ինտելեկտուալ, անձնային և էմոցիոնալ-կամային որակների համապատասխան զարգացվածություն՝ դպրոցում հաջողությամբ հարմարվելու և սովորելու համար:
Պատրաստվածությունը ոչ թե ընթերցանության և հաշվելու հմտություններն են, այլ ուշադրությունը կենտրոնացնելու, լսելու, հանձնարարությունները կատարելու, օրինակով աշխատելու կարողությունները, ինչպես նաև ուսման նկատմամբ դրական մոտիվացիան, հասակակիցների և ուսուցիչների հետ փոխգործակցելու ունակությունը։
Պատրաստվածությունը նաև ենթադրում է երեխայի մոտ ձևավորված մոտիվացիոն շղթա. «ուզում եմ — փորձում եմ — ստացվում է — դրական ամրապնդում — կրկին ուզում եմ»:
Սակայն, հարմարման և ուսման հաջող գործըընթացի համար երեխայի դպրոցին պատրաստվածությունը բավարար չէ: Դպրոցին պետք է պատրաստ լինեն նաև ծնողները։
1 Ծնողի համար արդյունքն ավելի կարևոր է, քան երեխայի վերաբերմունքն այդ արդյունքին:
Լավ չէ, երբ ծնողը հարցնում է երեխային. «Ի՞նչ գնահատական ես ստացել», բայց չի հետաքրքրվում դրա նկատմամբ երեխայի վերաբերմունքով։ Մեծ է հավանականությունը, որ այդպես երեխայի սովորելու ներքին մոտիվացիան շուտով կփոխարինվի արտաքին մոտիվացիայով։
Ինչպե՞ս է արդյունքի ավելի կարևոր լինելը դրսևորվում ծնողի մոտ.
Անհանգստանում է, որ.
«երբեք չի ստացվի» կամ «կստացվի մյուսներից ուշ»,
«երեխան բավարար ընդունակ չէ, եթե առաջին փորձից չի ստացվում»,
«նրա մոտ ինչ որ բան այն չէ»,
նա այնքան էլ «տաղանդավոր» չէ, ինչպես իրեն էր թվում:
2. Ծնողն այն կարծիքին է, որ տարրական դպրոցի ծրագիրը հեշտ է, և երեխան պետք է միայն բարձր գնահատականներ ստանա: Իսկ եթե ցածր գնահատականներ է ստանում, պատճառը նրա ծույլ կամ ոչ այնքան խելացի լինելն է: Կամ էլ ծնողի ոչ բավարար ուշադրությունը։
Այս պարագայում կարևոր է հասկանալ, որ այն, ինչը մեծերին թվում է շատ պարզ, առաջին դասարանցու համար կարող է լինել բարդ։ Սովորել կարողանալը ենթադրում է տարբեր կարողությունների ինտեգրված դրսևորում. երեխան պետք է կարդա, գրի, հասկանա կարդացածը, գրի գրագետ, հասկանա գրածի իմաստը, լսի ուսուցչին, ուշադիր լինի:
Նույնիսկ, եթե երեխայի առանձին կարողությունը լավ է զարգացած, չի նշանակում, որ նա կարող է տարբեր կարողություններ արագ ու հեշտ միավորել:
3. Ուսուցչի դիտողությանը կամ բացասական գնահատականի մասին տեղեկացմանը ծնողն արձագանքում է անմիջապես՝ երեխայի ներկայությամբ:
Ինչու՞ է ծնողը կարծում, որ պետք է անմիջապես, ուսուցչի ներկայությամբ արձագանքի նրա ասածին. «Ինչու՞ էիր անուշադիր: Ինչու՞ չլսեցիր»: Միգուցե ուզում է ուսուցչին ցույց տալ, որ արձագանքում է նրա խոսքերին, դաստիարակում երեխային:
Եթե ծնողը թույլ է տալիս նկատողություն անել և հանդիմանել երեխային այլ երեխաների ու մեծերի ներկայությամբ, պետք է պատրաստ լինի, որ այդպիսի արձագանքը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի «մոտիվացիոն շղթայի» վրա։
4. Երեխայի գնահատականներն ու հաջողություններն ուղղակիորեն ազդում են ծնողի տրամադրության վրա:
Եթե երեխայի առաջադիմությունն ուղղակիորեն ազդում է ծնողի տրամադրության, ինքնազգացողության, ինքնագնահատականի վրա, սա ևս վկայում է երեխայի՝ դպրոցում ինքնուրույն և մոտիվացված սովորելուն ծնողի անպատրաստ լինելու մասին։
Ծնողը պետք է ընդունի և սիրի երեխային առանց որևէ նախապայմանի, առանց կապելու նրա ստացած գնահատականներն ու առաջադիմությունը երեխայի անձնային որակների, իր՝ լավ կամ վատ ծնող լինելու հետ:
5. Ծնողը կարծում է, որ եթե երեխան ունակ է գերազանց սովորել, ուրեմն պարտավոր է միայն գերազանց գնահատականներ ստանալ:
Սա ևս տարածված մոլորություն է. «եթե կարող է, ուրեմն պարտավոր է»։ «Եթե մաթեմատիկայից կարող է գերազանց ստանալ, ուրեմն պետք է միշտ գերազանց ստանա և ոչ մի դեպքում պակաս»։
«Եթե տաղանդավոր և շնորհաշատ է, ուրեմն պետք է դպրոցում գերազանցիկ լինի, երաժշտական դպրոցում՝ մրցանակակիր, սպորտում՝ չեմպիոն»։ Ու կարևոր չէ, որ երեխան կարող է ցանկություն ունենալ ինչ-որ բանով զբաղվել պարզապես հաճույքի համար։
Խոսքն այն մասին չէ, որ եթե լավ սովորելու ունակ երեխան վատ է սովորում, դա նորմալ է: Բոլորովին ոչ: Բայց, «եթե կարող է, ուրեմն պարտավոր է միշտ գերազանց ստանալ» համոզմունքը ծնողի մոտ առաջացնում է ավելորդ անհանգստություն և բերում երեխայի հետ հարաբերությունների լարվածության։
6. Ծնողը համոզված է, որ պետք է ամեն օր վերահսկի երեխայի սովորելը և անպայման ստուգի կատարած տնային առաջադրանքները: Ծնողի նման դիրքորոշում ժամանակի ընթացքում երեխայի մոտ ձևավորում է սովորելու նկատմամբ բացասական մոտիվացիա:
Երեխայից միայն լավագույն արդյունքներ սպասելը ցույց է տալիս, որ նրա ընտանեկան համակարգը պատրաստ չէ ինքնուրույն և արդյունավետ դպրոցական ունենալուն:
Եթե վերը թվարկված դիրքորոշումներից թեկուզ մեկը վերբերում է ձեզ, դրա հետ պետք է աշխատանք տանել մինչև ձեր երեխայի դպրոց գնալը, կամ անհապաղ, եթե երեխան արդեն դպրոցական է:
© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: