4123      0

Աուտիստիկ սպեկտրի խանգարում:
Ի՞նչ պետք է իմանա ամեն ծնող

Ողջ աշխարհում աուտիզմով երեխաների թվաքանակն աճում է մեծ տեմպերով: Դրանով է պայմանավորված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 2007թ. ընդունած բանաձևը, համաձայն որի 2008 թվականից սկսած ամեն տարի ապրիլի 2-ը նշվում է որպես աուտիզմի մասին ինֆորմացիայի տարածման համաշխարհային օր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տվյալներով 2014 թվականին աշխարհում ամեն 160 երեխայից մեկն ունեցել է աուտիստիկ սպեկտրի խանգարում, իսկ 2022թ. տվյալներով այդ թիվը դարձել է 100-ից 1-ը:

Ի՞նչ է աուտիզմը: Դժվար է տալ աուտիզմի այնպիսի ունիվերսալ սահմանում, որը լիարժեք կնկարագրի խնդրի յուրաքանչյուր կոնկրետ դեպք: Պատճառն այն է, որ դեռևս հստակ պարզված չեն աուտիզմի առաջացման պատճառները՝ օրգանիզմում, գլխուղեղում ընթացող այն պրոցեսները, որոնք հանգեցնում են այս խնդրին:

Բացի այդ, աուտիզմը սպեկտրալ խանգարում է: Դրա ախտանիշները, դրսևորման ձևերը, հաճախականությունն ու ինտենսիվությունը տարբեր մարդկանց մոտ կարող են էականորեն իրարից տարբերվել: Բայց, այնուամենայնիվ, որոշակի օրինաչափություններ կան, և ընդհանուր սահմանումը կարելի է ձևակերպել այսպես.

Աուտզմը զարգացման նևրոլոգիական բնույթի խանգարում է, որն ազդում է մտածողության, ընկալման, ուշադրության, սոցիալական հմտությունների և մարդու վարքի վրա:

Աուտզիմի դեպքում դիտվում են շփման և սոցիալական փոխգործունեության որակական խանգարումներ, վարքի և գործունեության սահմանափակ, կրկնվող և ստերեոտիպ ձևեր:

Աուտիստիկ սպեկտրի խանգարում հանդիպում է բոլոր էթնիկ և ռասայական խմբերում, աուտիզմով երեխա կարող է ծնվել ցանկացած ընտանիքում՝ անկախ կրթությունից և սոցիալական կարգավիճակից:

Որպես կանոն, մասնագետների կողմից այն ախտորոշվում է 2,5-3 տարեկանում: Հենց այդ տարիքում են վառ արտահայտված և նկատելի դառնում երեխայի խոսքի ու վարքի խանգարումները: Բայց, աուտիզմի առաջին նշանները հաճախ դրսևորվում են վաղ մանկական տարիքում՝ 3-6 ամսականում, և, մինչ խնդիրը կհայտնաբերի բժիշկը, ծնողն ինքն է նկատում, որ երեխայի մոտ ինչ-որ բան այն չէ:

Աուտիստիկ սպեկտրի խանգարման վաղ ախտորոշումը խիստ կարևոր է: Որքան  շուտ սկսվի երեխայի հետ տարվող աշխատանքը (ցանկալի է մինչև 2-3 տարեկան), այնքան արագ կարելի է անհրաժեշտ հմտություններ ձևավորել նրա մոտ: Ժամանակի ընթացքում գլխուղեղը դառնում է պակաս «ճկուն», և այն, ինչը համեմատաբար հեշտ է արվում 3 տարեկանում, 7-8 տարեկանում դառնում է շատ դժվար:

Այս պարագայում կարևոր է դառնում ծնողի տեղեկացված լինելը աուտիզմի վաղ դրսևորումներին, ժամանակին դրանք նկատելն ու համապատասխան մասնագետին դիմելը:

Աուտիստիկ սպեկտրի խանգարման վաղ ախտանիշները: Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի ծնողը

Ստորև ներկայացված են աուտիզմի տարածված ախտանիշները: Պարտադիր չէ, որ կոնկրետ որևէ երեխայի մոտ դրանք բոլորը դրսևորվեն միաժամանակ: Դրանցից մի քանիսի առկայությունն արդեն ծնողի համար անհանգստանալու և մասնագետին դիմելու պատճառ պետք է հանդիսանա:

Սոցիալական կոնտակտը, շրջապատի հետ փոխգործունեությունը
  • Երեխան նվազ շարժուն է, քան իր հասակակիցները: Չի արձագանքում նոր խաղալիքներին, գույներին, կարող է երկար ժամանակ նայել մի կետի:
  • 6 ամսականում տեսանելի էմոցիաներ չի դրսևորում, նույնիսկ մայրիկին տեսնելը նրա մոտ էմոցիոնալ ֆոնի փոփոխություն չի առաջացնում:
  • Չի արձագանքում իր անվանը, չնայած այլ իրավիճակներում լսողության հետ կապված խնդիրներ չի դրսևորում:
  • Կարող է չնկատել ծնողի ներկայությունը կամ բացակայությունը:
  • 9 ամսականում չի թոթովում, տեսողական կոնտակտ չի փնտրում, չունի պատասխան ժպիտ:
  • Ծնողի հետ կապվածություն չի դրսևորում, չի ձգտում գնալ մոր գիրկը, չի արձագանքում, նույնիսկ կարող է դիմադրել նրա գրկելուն, համբուրելուն, խուսափում է ֆիզիկական կոնտակտից:
  • Երբ մեծերը փորձում են երեխայի հետ կոնտակտի մեջ մտնել, հետ է քաշվում, կարող նաև է ագրեսիվ ձևով է արձագանքել:
  • Ցույց չի տալիս իրեն հետաքրքրող օբյեկտները, առարկաները: Սովորաբար 14-16 ամսականում երեխաներն ակտիվորեն գործածում են ժեստերի լեզուն:
  • Չի կատարում պարզ հրահանգներ, օրինակ, ցույց տուր այս կամ այն խաղալիքը:
  • էմոցիաները դրսևորում է շրջապատի համար անհասկանալի ձևով, օրինակ, անպատեհ լացով կամ ծիծաղով:
  • Մեծանալուն զուգընթաց երեխան ավելի է խորասուզվում իր ներքին աշխարհը, չի կարողանում և չի ցանկանում շփվել ընտանիքի անդամների, շրջապատի հետ, հազվադեպ է օգնության դիմում:
Հետաքրքրություններն ու խաղի առանձնահատկությունները
  • Խաղերը միօրինակ, ոչ ֆունկցիոնալ, ստերեոտիպ բնույթ ունեն: Որպես կանոն, ուշադրությունը կենտրոնացնում է մեկ օբյեկտի կամ դետալի վրա և տևական ժամանակ խաղում միայն դրանով: Օրինակ, մեքենան քշելու փոխարեն երկար ժամանակ միայն պտտեցնում է դրա անիվը, խաղալիքները մշտապես շարում է խիստ որոշակի դասավորությամբ, խաղում է որոշակի կոնկրետ խաղալիքներով, դրանցից որևէ մեկի կորելը կարող է բուռն արձագանքի պատճառ դառնալ:
  • Հետաքրքրվում է ոչ սովորական առարկաներով կամ գործունեությամբ:
  • Անհասկանալի են և չեն հետաքրքրում երևակայություն պահանջող խաղերը, որտեղ պետք է նմանակել, ձևացնել, ինչ-որ դերի մեջ մտնել: Չի սիրում խաղալ հասակակիցների հետ: Ընդհանրապես, նախընտրում է խաղալ առարկաների, այլ ոչ թե մարդկանց հետ, չի սիրում, երբ ինչ-որ մեկը միանում է իր խաղին:
  • Սիրում է խաղալ փազլներով, կոնստրուկտորներով, լեգոներով:
Կրկնող, ստերեոտիպ գործողությունները, վարքի խանգարումները
  • Կարող է տարօրինակ, կրկնվող շարժումներ անել, օրինակ, ձեռքերը թափահարել կամ քայլել ոտքերի թաթերի վրա: Այդ շարժումները լինում են վառ արտահայտվածից մինչև հազիվ նկատելի:
  • Կատարում է կրկնվող, ստերեոտիպ գործողություններ, որոնցից դժվարությամբ է շեղվում: Օրինակ, շարունակ գիրքը թերթելը, լույսը միացնել-անջատելը, ջուրը մի բաժակից մյուսը լցնելը:
  • Հաճախ ունենում է անփոփոխ, միօրինակ, շաբլոնային վարք, որից փոքր-ինչ շեղվելը կարող է բուռն արձագանք՝ ընդհուպ մինչև հիստերիա առաջացնել: Օրինակ, ինչ-որ տեղ գնալիս սովորական ճանապարհից շեղվելը, հագնվել-հանվելու հերթականության խախտվելը, նոր հագուստը հագնելը:
  • Սնվում է ընտրողաբար, ուտում է միայն որոշակի մթերքներ:
  • Ստերեոտիպ վարքը դրսևորվում է նաև խոսքում էխոլալիայի ձևով. առանց իմաստը հասկանալու անընդհատ կրկնում է բառեր, ֆրազներ, որոնք լսել է մեծերից կամ այլ աղբյուրներից:
  • Կարող է տևական և ուժեղ տարվածություն ունենալ: Օրինակ, հետաքրքրվել թվերով, տառերով, սիմվոլներով, տարեթվերով:
  • Հաճախ հանդիպող երևույթ է աուտոագրեսիան՝ ինքն իրեն խփելը, կծելը, գլուխը որևէ տեղ խփելը:
  • Կարող է վախենալ սովորական, ամենօրյա գործածման առարկաներից, բայց չվախենալ առողջությանը կամ կյանքին իրական վտանգ ներկայացնող օբյեկտից:
  • Աուտիզմով երեխաների մոտ հաճախ դիտվում է գերակտիվ վարք: Նրանք անկազմակերպ են, գտնվում են մշտական շարժման մեջ, դժվար են կառավարում իրենց:
Վերբալ շփման, հաղորդակցման խանգարումները
  • 1 տարեկանում արդեն հստակ նկատելի է խոսքի զարգացման հապաղումը կամ բացակայությունը: Չի փորձում այդ բացակայությունը լրացնել շփման այլ ձևերով, օրինակ, ժեստերով:
  • Լինում են դեպքեր, երբ երեխայի խոսքը զարգանում է նորմալ, սակայն 1-1,5 տարեկանում այդ զարգացումը կանգ է առնում, տեղի է ունենում ռեգրես, երեխան կորցնում է խոսքը:
  • Կարող է ունենա վաղ զարգացած, բավականին բառապաշարով խոսք, բայց մեծ դժվարությամբ մտնի կամ ընդհանրապես չմտնի երկխոսության մեջ:
  • Ընդհանրապես, աուտիզմով մարդը դժվարանում է հասկանալ մարմնի լեզուն, խոսքի ինտոնացիան, բառախաղը, հումորը, հեգնանքը, խոսքն ընկալում է բառացիորեն: Ինքն էլ դժվարանում է խոսել ինտոնացիայով, խոսքը չի արտահայտում իր զգացածը:
Զգայական ինֆորմացիայի ընկալման դժվարությունները
  • Աուտիզմով երեխան կարող է անսովոր ձևով արձագանքել զգայական ազդակներին՝ դրսևորելով գերզգայնություն կամ թերզգայնություն: Նման արձագանքը պայմանավորված է զգայական ինֆորմացիայի մշակման և մեկնաբանման դժվարությամբ: Դժվարությունները կարող են կապված լինել ցանկացած զգայական համակարգի՝ տեսողական, լսողական, շոշափելիքի, համի, հոտի, մարմնի շարժման կամ դիրքի զգացողության հետ:
  • Ակնհայտ դրսևորումներից են նաև քնի հետ կապված խնդիրները. դժվարությամբ են քնում, նրանց քունը ընդհատումներով է և անհանգիստ:

Աուտիզմն «ինքն իրեն» չի անցնում: Շատ կարևոր է, որ ծնողը չկորցնի երեխային օգնելու թանկարժեք ժամանակը՝ հուսալով, որ տարիքի հետ ամեն ինչ կշտկվի: Վաղ միջամտության, ճիշտ աշխատանքի շնորհիվ զարգացման այս առանձնահատկությունն ունեցող երեխաները հնարավորինս հաղթահարում են իրենց դժվարությունները, սովորում են շփվել, պատրաստվում են մանկապարտեզ և դպրոց գնալուն:

Աուտիզմի վաղ ախտորոշումը և վաղ միջամտությունը կարող են երեխայի կյանքում վճռորոշ դեր ունենալ՝ օգնել նրան հնարավորինս ինտեգրվել հասարակությանը և ապրել բնականոն կյանքով:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: