«Մենք չունենք բնական պաշարներ: Մեր ունեցածը ցամաքի մի փոքիկ՝ ռազմավարական կարևոր տարածքի վրա ապրող մարդիկ են»: Լի Կուան Յու:
Երբ Մեծ Բրիտանիայի գաղութային առևտրավան Սինգապուրը 1965 թվականին անկախացավ, անհավատալի էր թվում, որ այդ փոքրիկ երկրին կհաջողվի գոյատևել: Բայց, անկախությանը հաջորդող 25-30 տարիների ընթացքում տեղի ունեցավ այն, ինչն այսօր անվանում են «սինգապուրյան հրաշք»:
Սինգապուրը վերածվեց ասիական ռեգիոնի ծաղկող քաղաք-պետության, համաշխարհային ֆինանսական կենտրոնի՝ զարգացած տնտեսությամբ, լավագույն օդանավակայանով, մեծ ավիաուղիներով, առանցքային առևտրային նավահանգստով և բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամուտի չափով:
«Երրորդ աշխարհից առաջին» («Из третьего мира — в первый») գրքի հեղինակը 20-րդ դարի երկրոդ կեսի ամենավառ քաղաքական գործիչներից է: Նա Սինգապուրի կայացման դրամատիկ իրադարձությունների լոկ ականատեսը չէ, այլ այդ փոփոխությունների հեղինակն ու իրագործողը՝ երկրի նախկին վարչապետ Լի Կուան Յուն:
Մարդ, որը կարճ ժամանակում՝ մոտ 30 տարում բնական ռեսուրսներից զուրկ փոքրիկ քաղաք-կղզին վերածեց հիացմունքի արժանի երկրի: Նա ընթերցողին է ներկայացնում անկախության պահպանման, ներքին և արտաքին քաղաքականության, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսության և բանակի կայացման պատմությունը:
Գիրքը քաղաքականությամբ, էկոնոմիկայով, փոխհարաբերությունների հոգեբանությամբ հետաքրքրվողների համար է: Նաև նրանց համար, ովքեր չեն հավատում, որ գաղութային, հետամնաց, երկիրը կարող է կարճ ժամանակում դառնալ աշխարհի ամենաառաջատար երկրներից մեկը:
Լի Կուան Յուն` Սինգապուրի հանրապետության առաջին վարչապետը: Ծնվել է 1923թ. սեպտեմբերի 16-ին Սինգապուրում՝ չինացի էմիգրանտների երկրորդ սերնդի ընտանիքում: Սովորել է Քեմբրիջում, ուսումնասիրել իրավագիտություն: 1954 թ. հիմնել է իր կուսակցությունը, որը հինգ տարի անց հաղթել է ընտրություններում: 1969թ երեսունվեցամյա Լին դարձել է Սինգապուրի առաջին վարչապետը, իսկ 1990թ. թողել այդ պաշտոնը՝ պահպանելով կառավարության ավագ նախարարի կոչումը:
«Երրորդ աշխարհից առաջին»:
Գլուխ 2.«Ինչպես ստեղծվեց բանակը», մեջբերումներ թարգմանությամբ.
∴∴∴
1965 թվականին նվաճած անկախությունը պաշտպանելը հսկայական ջանքեր էր պահանջում, ինչն ավելի էր մեծացնում Սինգապուրի զինված ուժեր ունենալու մեր վճռականությունն ու ստիպում ամբողջովին տրվել այդ աշխատանքին:
∴∴∴
Սինգապուրի պաշտպանության նախարարը Պաշտպանության խորհրդին ներկայացրած իր զեկույցում գրել էր. «Հիմարություն կլինի վախենալ մեր և հարևան երկրների բնակչության թվաքանակի անհավասարությանից: Պատերազմում կարևորը բանակի մարտունակությունն է, այլ ոչ թե բնակչության թվաքանակը»:
Անցնելով պարտադիր զիվորական ծառայության, մոբիլիզացնելով ռեզերվիստներին, հինգ տարի հետո մենք կկարողանանք ոտքի հանել 150 հազար թվաքանակով բանակ:
Իսկ եթե տարեց մարկանց և կանանց ներգրավենք ոչ մարտական առաջադրանքներում, վերջին հաշվով, ունակ կլինենք ոտքի հանել 18-35 տարեկան 250 հազար տղամարդ զինծառայող ունեցող բանակ: Պետք չէ թերագնահատել ոչ մեծ թվաքանակով, բայց եռանդուն, կրթված և ակտիվ բնակչությանը:
∴∴∴
Մեր պլանները հիմնված էին ամենակարճ ժամկետում առավելագույն թվաքանակի մարդ մոբիլիզացնելու իսրայելական փորձի վրա: Մեզ համար կարևոր էր, որ և’ Սինգապուրում, և’ նրա սահմաններից դուրս իմանային, որ, չնայած մեր փոքր թվաքանակին, մենք ունակ ենք կարճ ժամանակում մեծ բանակ մոբիլիզացնել: Խնդիր հեշտ չէր:
∴∴∴
Բոլոր միջնակարգ դպրոցներում հիմնեցինք ազգային և ոստիկանական կադետային կորպուսներ, որպեսզի ծնողները հնարավորություն ունենային հասկանալ, թե որքանով են իրենց որդիներն ու դուստրերը հակված բանակում և ոստիկանությունում ծառայելու:
∴∴∴
Ուզում էինք, որ մարդիկ զինվորներին վերաբերվեին որպես իրենց պաշտպանների, հիանային զինվորական անձնվիրությամբ: Մեր պաշտպանության նախարարը մի առիթով դառնորեն նշել էր. «առևտրով ապրող հասարակությունում սպարտացու ապրելակերպն ինքնին չի ստեղծվում»:
Պետք էր փոխել բանակի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը, բարձրացնել մեր երիտասարդության ֆիզիկական պատրաստվածությունը՝ դրդելով զբաղվել սպորտով և ֆիզկուլտուրայով, նրանց մեջ առաջացնել լարված, բուռն, նույնիսկ վտանգավոր գործունեության նկատմամբ հետաքրքրություն:
∴∴∴
Միայն համոզելն այստեղ բավարար չէր: Որպեսզի խոսքերն ամրապնդվեին գործնական քայլերով, անհրաժեշտ էր ստեղծել լավ կազմակերպված ու համալրված, լավ կառավարվող հասարակական հաստատություններ: Այս հարցի գլխավոր պատասխանատուն լուսավորության նախարարությունն էր: Միայն մարդկանց մտածելակերպն ու վերաբերմունքը փոխելու դեպքում մենք կկարողանայինք ստեղծել ժողովրդական բանակ: Մեր նպատակն էր տասը տարում հասնել դրան:
∴∴∴
Պաշտպանության նախարարի սկզբնական պլանը 1966-1969 թվականների ընթացքում 12 գումարտակից կազմված կանոնավոր բանակ ստեղծելն էր: Ես չհամաձայնվեցի դրա հետ և առաջարկեցի ստեղծել ոչ մեծ կանոնավոր բանակ՝ լրացնելով այն ողջ քաղաքացիական բնակչության մոբիլիզացիայով, որը պետք է անցներ զինվորական պատրաստություն և լիներ ռեզերվում:
Ես չէի ցանկանում միջոցները ծախսել մեծ բանակ պահելու վրա՝ համարելով, որ ավելի լավ է այդ միջոցներն ուղղել ստեղծելու այն ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ էին ազգային գվարդիայի գումարտակները ձևավորելու և ուսուցանելու համար:
∴∴∴
1967 թվականին պատրաստվեց նախագիծ, որով փոփոխություն էր մտցվում «Զինվորական ծառայության մասին» օրենքում: Զինված ուժերում մշտական ծառայության անցնողների համար երաշխավորվում էր կառավարությունում, պետական հաստատություններում կամ մասնավոր հատվածում պահպանել նրանց աշխատատեղերը: Օրենքի նախագիծն ընդունվեց և արժանացավ հանրության լիակատար աջակցությանը: Որևէ խնդիր չծագեց առաջին խմբի ինը հազար երիտասարդներին բանակ զորակոչելու հարցում: Ես իրավացի էի. հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ փոխվել էր:
∴∴∴
Ուսուցման ծրագիրը շատ ինտենսիվ էր, ամեն ինչ սկսում էինք զրոյից: Սովորական էր դարձել մշտապես առաջացող արտակարգ իրավիճակների հաղթահարումը: Բայց խնդիրը հրատապ ու չափազանց կարևոր էր և ամենակարճ ժամկետում լուծում էր պահանջում: Մեր մարդիկ չունեին մեծ փորձ կամ բացառիկ ունակություններ, բայց նրանց մարտական ոգին գերազանց էր, և նրանք հասնում էին հաջողության:
∴∴∴
1971 թվականին մեր զիված ուժերն ուներ 16 հազար զինծառայող և 14 հազար պահեստազորային: Ունեինք հետևակային զորամասեր, հրետանային, ականանետային, տանկային, զրահամեքենաների, սակրավորների, կապավորների գումարտակներ, դաշտային հոսպիտալ, թիկունքի ստորաբաժանումներ և տրանսպորտային միջոցներ:
Հիմնեցինք զինվորական և կրտսեր սպայակազմի, հրետանավորների, ինժեներների, սակրավորների և զիվորական նավաստիների պատրաստման բազային դպրոցներ: Մեր ռազմաօդային ուժերն ունեին մարտական և տրանսպորտային ինքնաթիռների էսկադրիլիաներ:
∴∴∴
Մեր ռեզերվիստները պետք է մշտապես մարտական պատրաստության մեջ լինեին: Որպեսզի ընդգծվեր դրա կարևորությունը, նրանց «պահեստազորային» անունը փոխարինվեց «օպերատիվ կազմ» անունով: Ամեն տարի մի քանի շաբաթ նրանք մասնակցում էին վարժանքների, իսկ մի քանի տարի անց մեկնում էին վարժանքների այլ երկրներ: Այս վարժանքներին բոլորը պետք է շատ լուրջ վերաբերվեին: Այդ թվում նաև այն գործատուները, որոնք ամեն տարի մի քանի շաբաթ մնում էին առանց իրենց աշխատողի:
∴∴∴
Հասարակության բոլոր անդամները՝ դպրոցների ղեկավարները, ուսուցիչները, ծնողները, գործարարները, համայնքի առաջնորդները ներգրավված են «տոտալ պաշտպանության» ծրագրի իրականացմանը: Դա օգնում է բարձր պահել մարտական ոգին:
∴∴∴
Վերջին 30 տարիների ընթացքում զիված ուժերում ծառայելը խորը ազդեցություն է ունեցել սինգապուրյան հասարակության վրա: Այն դարձել է մեր ապրելակերպի մի մասը, յուրատեսակ արարողություն մեր երիտասարդության համար: Օգնել է միավորել մեր մարդկանց, սովորեցրել ապրել և աշխատել իրար հետ՝ անկախ ռասայից, լեզվից կամ կրոնից:
Զինծառայողի դիրքը բանակում պայմանավորված է բացառապես նրա անձնական արդյունքներով ՝ անկախ նրանից հայրը նախարար է, բանկիր, ծառայող, սևագործ բանվոր, տաքսիստ թե վաճառող:
∴∴∴
1971 թվականից սկսեցինք զինված ուժերում ներգրավել նաև մեր ամենաշնորհալի ուսանողներին: Ամեն տարի ընտրվում էին մի քանի լավագույն կրտսեր սպաներ արտասահմանում՝ Օքսֆորդում, Քեմբրիջում և այլ անգլիական համալսարաններում սովորելու համար: Այնտեղ նրանք անցնում էին հումանիտար, ինժեներական, ճշգրիտ գիտությունների լրիվ ակադեմիական կուրս կամ մասնագիտական պատրաստություն:
∴∴∴
Բացի կրթաթոշակից, ուսման ողջ ընթացքում նրանք ստանում էին լեյտենանտի լրիվ դրույք աշխատավարձ, ինչը բավարարում էր ուսման, բնակվարձի, սնվելու և արտասահմանում լինելու հետ կապված այլ ծախսերին: Նրանք պարտավորվում էին դիպլոմ ստանալուց հետո ութը տարի ծառայել բանակում:
Այդ ընթացքում երկու կամ երեք անգամ նրանց ուղարկում էինք ԱՄՆ կամ Անգլիա: Սկզբում հատուկ ուսումնառության՝ որպես հրետանավոր, տանկիստ կամ կապավոր, կարիերայի կեսերին՝ շտաբային և հրամանատարական ուսումնառության նպատակով: Իսկ վերջում քաղաքացիական կամ գործարար ադմինիստրացիայի կուրսն ուսումնասիրում էին այնպիսի առաջատար համալսարաններում, ինչպիսիք են Հարվարդը կամ Ստենֆորդը:
∴∴∴
Ութամյա ծառայության ավարտին զինծառայողը կարող է մնալ զինված ուժերում, ընդունվել քաղաքացիական ծառայության որպես պետական պաշտոնյա կամ բարձր կարգի քաղծառայող, ընդունվել պետական կառավարման համակարգ կամ աշխատանք գտնել մասնավոր սեկտորում:
Այս ձևով մենք ամեն տարի մոտ տասը լավագույն ուսանող ընդգրկում էինք զինված ուժերում: Առանց նրանց մենք կունենայինք ընդամենը զինվորական տեխնիկա, բայց ոչ այդ տեխնիկան լավագույն ձևով օգտագործող ինտելակտուալ էլիտա:
∴∴∴
Երկրի մարտունակությունն անհրաժեշտ է մշտապես բարձր պահել՝ արդիականացնելով ռազմական տեխնիկան, քանի որ նոր տեխնոլոգիաները` հատկապես ինֆորմացիոնը, ավելի ու ավելի շատ են կիրառվում ռազմական համակարգեր ստեղծելիս: Դրա համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի էկոնոմիկա, որը թույլ կտա վճարել նոր սպառազինության համար և պատրաստել այդ սպառազինությունն արդյունավետ կիրառող բարձրակարգ կրթությամբ մասնագետներ:
∴∴∴
1990 թվականին, երբ ես արդեն թողել էի վարչապետի պաշտոնը, «Military Technology» միջազգային ամսագիրը գրել է. «1965 թվականին, երբ Սինգապուրը դարձավ անկախ պետություն, փաստացի չուներ իրեն պաշտպանող բանակ: 1990 թվականին Սինգապուրի զիված ուժերն արդեն պրոֆեսիոնալ է և միանգամայն հարգված, արդյունավետ օգտագործում է ժամանակակից ռազմական տեխնիկան, ունակ է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու պետության անկախությունը»
∴∴∴
Կարող եք կարդալ և ներբեռնել «Ինչպես ստեղծվեց բանակը» գլուխն անբողջությամբ (pdf)
© 2025 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: