39      0

Ո՞վ ես դու,
երբ ոչ ոք
քեզ չի նայում

Լավ հարցը երկխոսության սկիզբ է։ Այն երբեմն ստիպում է վերանայել սովորական դարձած մտքերը և կյանքին նայել այլ տեսանկյունից։

Ռոլֆ Դոբելիի  «Ո՞վ ես դու, երբ ոչ ոք քեզ չի նայում»  գրքում ներառված է 300 փիլիսոփայական, սուր, երբեմն էլ հեգնական ու անհարմար հարց։  Դրանց պատասխանելը ինքներս մեզ հետ անկեղծ զրույցի, ինքնաճանաչման  սկիզբ է, հնարավորություն ազատվելու ինքնախաբեությունից և ուրիշների կողմից մեզ փոխանցված համոզմունքներից:

Ի՞նչ կլինի, եթե մի պահ մի կողմ դնենք մեր սովորական դարձած դերերը, ուրիշների սպասելիքներն ու այն պատկերացումները, որոնք տարիների ընթացքում դարձել են «մերը» և ինքներս մեզ հետ իսկապես անկեղծ խոսենք:

Գրքում ներկայացված հարցերն օգնում են նկատել և տարբերել սեփական ցանկություններն ուրիշների ակնկալիքներից, հասկանալ, թե իրականում ի՞նչն է մեզ համար կարևոր։ Ստիպում են դուրս գալ սովորական դարձած մտածողության շրջանակներից, իսկ երբեմն էլ նույնիսկ հիմնովին փոխում են այն պատկերացումները, որոնք  երկար տարիներ մերն են եղել։

Իսկ որոշ հարցեր էլ ընդամենը մտածելու տեղիք են տալիս։ Բայց դրանք պակաս արժեքավոր չեն: Լավ հարցը միշտ չէ, որ անմիջապես պատասխան է պահանջում։ Երբեմն այն պարզապես նոր ճանապարհ է բացում։

Այս գիրքը խորը ինքնավերլուծության հրավեր է՝  հանդիպելու կյանքի ամենահետաքրքիր և միաժամանակ ամենադժվար զրուցակցին՝  ինքներդ ձեզ։

Այն կարող է հետաքրքրել  հատկապես նրանց, ովքեր հոգնել են կյանքի ու երջանկության մասին պատրաստի խորհուրդներից և ուզում են սեփական պատասխանները գտնել։

Ռոլֆ Դոբելի՝ ժամանակակից փիլիսոփա և մտածող։ Գիտական աստիճանն ստացել է Սանկտ Գալլենի (Շվեյցարիա) համալսարանում։ Դոբելին getAbstract ընկերության համահիմնադիրն է: Նաև ZURICH.MINDS ընկերակցության հիմնադիրը,  որը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, մշակույթի ճանաչված գործիչների և տնտեսության ոլորտի ներկայացուցիչների։ Դոբելիի  գրքերը թարգմանվել են ավելի քան 50 լեզվով և վաճառվել միլիոնավոր օրինակով։

10 հարց գրքից

Ո՞վ է ավելի հաճախ խոչընդոտում ձեզ՝ դուք ինքնե՞րդ, թե՞ ուրիշները։

Եթե ինչ-որ մեկը ձեզանից հարյուր անգամ ավելի շատ է վաստակում, արդյո՞ք ձեզ մխիթարում է այն միտքը, որ նա  չի կարող հարյուր անգամ ավելի երջանիկ լինել։

Ձեր գոյությամբ աշխարհն  ինչ-որ չափով ավելի  լա՞վը, թե՞ ավելի վատն եք դարձրել։

Որքա՞ն ներքին խաղաղություն է ձեզ անհրաժեշտ, որպեսզի արտաքին աշխարհը չկարողանա  խլել այն։

Դեռ կարո՞ղ եք ինքներդ ձեզ զարմացնել։

Ճամփորդում  եք ինքներդ ձեզ գտնելու՞,  թե՞  ինքներդ ձեզանից փախչելու համար։

Կցանկանայի՞ք, որ ձեր մասին խոսեին  հազար տարի անց։ Ինչո՞ւ։

Դժվարանու՞մ եք խոսել ձեր անցյալի մասին։

Պատկերացրեք, որ ձեր ամուսնությունը կայացել է ծանոթությունների ծառայության միջոցով։ Տարիներ անց որքա՞ն գումարը կհամարեիք այդ ծառայության արդարացի վճար։

Եթե հնարավորություն ունենայիք ծնվել նորից, կցանկանայի՞ք  կրկին հենց ինքներդ լինել։

Մնացած 290 հարցն այստեղ

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացիր մեր էջին
iHerb WW
Издательство «МИФ»

© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: