10847      0

5 ծուղակ
ծնողների համար

Ծնողները հաճախ են ցանկանում թեթևացնել երեխայի կյանքը բոլոր հնարավոր միջոցներով: Բայց երբեմն նրանք դրսևորում են չափազանց մեծ ակտիվություն և ոչ թե օգնում են երեխային հաղթահարել դժվարությունները, այլ պարզապես նրա փոխարեն լուծում են խնդիրները: Ինչպե՞ս խուսափել նման ծուղակներից, չկորցնել իրականության զգացումը և չանցնել չափը: Ներկայացնում են փորձառու հոգեբաններ Դարլին Սվիթլենդը և Ռոն Սթոլբերգը:

Դարլին Սվիթլենդ և Ռոն Սթոլբերգ: Հոգեթերապևտիկ աշխատանքի բազմամյա փորձ ունեցող կլինիկական հոգեբաններ: «Սովորեցրեք երեխային մտածել» գրքի հեղինակները:

Ձեր որդին տանն է մոռացել ֆիզկուլտուրայի համազգեստը: Դուք հետաձգում եք բոլոր գործերը և հասցնում այն դպրոց: Ինչ-որ բանի սպասելիս (օրինակ, հերթում) թույլ եք տալիս ձեր նախադպրոցական տարիքի երեխային խաղալ գաջեթով: Ձեզ հետ խանութ գալու համար ձեր դստերը նվեր եք գնում: Եթե այդպես է, ամենայն հավանականությամբ, դուք ընկել եք տիպիկ ծնողական ծուղակներից մեկը:

Եթե ծնողը հասկանում է, որ ինքը ծուղակն է ընկնում և միջոցներ է գտնում դրանից խուսափելու, նա կարող է արմատապես փոխել իրավիճակը: Այստեղ սկզբունքային կարևորություն ունի հասկանալ, թե արդյո՞ք իր գործողություններն օգնում են երեխային զարգացնել այն հմտությունները, որոնք նրան ավելի ինքնուրույն կդարձնեն:

Ահա այն 5 տարածված վարքային մոդելները, որոնք ակամա գործածում են ծնողները, երբ ցանկանում են պաշտպանել իրենց երեխային դժվարություններից:

1. Օգնության ծուղակ. ծնողները փրկում են երեխային բարդ իրավիճակից

Սա, ամենայն հավանակամությամբ, ծուղակի ամենատարածված տեսակն է: Մեծերի համար անտանելի է կողքից դիտել, թե ինչպես է իրենց երեխան փորձում լուծել իրեն բաժին հասած խնդիրները կամ ինչպիսի ապրումներ է ունենում, երբ չի կարողանում հաղթահարել որևէ դժվարություն:

Որքան հաճախ են մեծերը փրկում երեխային, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ դա նրա համար կդառնա սովորական և սպասելի: Երեխան կմեծանա այն համոզմամբ, կարծես դա այդպես էլ պետք է լինի, որ ուրիշները պետք է լուծեն իր խնդիրները, և կզրկվի դժվարությունները ինքնուրույն հաղթահարել սովորելու հնարավորությունից:

Ի՞նչ անել: Սովորեք դիմադրել «ամեն ինչ կարգավորելու» գայթակղությանը: Հնարավորություն տվեք երեխային խնդիրները հաղթահարել ինքնուրույն: Նրա հետ քննարկեք իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը: Հարցրեք, թե լուծումներից ո՞րն ինքը կնախընտրեր: Թող նա փորձի իրականացնել այն: Դեռահասին թույլ տվեք ինքնուրույն լուծումներ փնտրել, բայց նաև էմոցիոնալ աջակցություն ցույց տալու պատրաստ եղեք:

2. Անհամբերության ծուղակ. ծնողներն անմիջապես բավարարում են երեխայի բոլոր պահանջներն ու քմահաճույքները

Ծնողները կարծում են, որ պարտավոր են օպերատիվ ձևով արձագանքել երեխայի բոլոր խնդրանքներին: Արդյունքում վերջիններս ունակ չեն լինում համբերություն դրսևորել և չեն կարողանում սպասել: Նույնիսկ աննշան սպասելը նրանց մոտ առաջացնում է տագնապ և անվստահություն:

Մեծերի համար ծանր է երեխային տեսնել այդ իրավիճակում, և հաճախ դա ավարտվում է նրանով, որ նրանք անմիջապես լուծում են հարցը: Ո՞վ չի ցանկանա մի ակնթարթում երեխային երջանիկ դարձնել: Բայց արդյունքում նրա մոտ ամրապնդվում է արագ արդյունք ստանալու սովորություն:

Ի՞նչ անել: Պարբերաբար երեխային խնդրեք սպասել և հասկացրեք, թե ինչով եք զբաղված և որքան ժամանակ հետո կարող եք օգնել նրան: Դա կօգնի նրան հասկանալ, որ ծնողների զբաղմունքը նույնպես կարևոր է: Որքան փոքր տարիքի է երեխան, այնքան ավելի կարճ պետք է լինի սպասման ժամանակը: Մի շտապեք հերթի սպասելիս զբաղվելու համար երեխայի տալ գաջեթը: Թող ինքը միջոց գտնի ժամանակը զբաղեցնելու: Անմիջապես մի գնեք նրան հետաքրքրած իրը, թող որևէ օգտակար բան անի, որպեսզի այն վաստակի:

3. Ճնշելու ծուղակ. ծնողները երեխային առաջ են մղում չափազանց շուտ

Յուրաքանչյուր ծնող հպարտությամբ է խոսում իր երեխայի նվաճումների մասին: Շուրջը բոլորը՝ ուսուցիչները, մարզիչները, տատիկներն ու պապիկները կարծես տրամադրում են ծնողներին, որ իրենց երեխան պարզապես պարտավոր է ամեն ինչում առաջինը լինել:

Արդյունքում հայրիկներն ու մայրիկները ողջ ուժերով ջանում են օգնել երեխային դառնալ դասարանի լավագույն աշակերտը, թիմի լավագույն խաղացողը, ունենալ ամենաշատ ընկերները և ամեն ինչում իրեն լիդեր զգալ: Հաճախ այդպիսի բարի նկատառումները բերում են նրան, որ երեխան դադարում է դիմանալ ծանրաբեռնվածությանը և կորցնում է ինքնավստահությունը:

Ի՞նչ անել: Երազելով երեխայի բարօրության մասին, ծնողները հաճախ մոռանում են, որ դրա հիմքում ընկած են ինքնավստահության և սեփական արժանապատվության զգացումները: Երեխաները հաջողության են հասնում և երջանիկ են դառնում ոչ թե նրա շնորհիվ, որ վաղ տարիքից են սկսել երաժշտությամբ զբաղվել կամ օտար լեզուներ սովորել: Կաևորն այն է, որ նրանք զբաղվեն նրանով, ինչն իսկապես իրենց հետաքրքում է և զգան ձեր աջակցությունը:

Հիշեք, որ բոլոր երեխաները տարբեր են: Եթե ինչ-որ մեկին օգնել են լրացուցիչ ջանքերն ու բարդ ծրագրերը, չի նշանակում, որ մյուսների համար դրանք կլինեն նույնքան օգտակար: Աշխատեք երեխային չծանրաբեռնել չափիզ շատ: Ամեն մեկն իր պոտենցիալն ունի, և ծնողների խնդիրներից մեկն է հետևել, որ երեխան օգտագործի իրեն տրված հնարավորությունները, բայց միևնույն ժամանակ չսպառի իր բոլոր ռեսուրսները:

4. Ապահովելու ծուղակ. ծնողները ոչ մի հարցում չեն մերժում երեխային

Մեծերը չեն ցանկանում, որ իրենց երեխան մյուսներից հետ մնա, իրեն սահմանափակված զգա, և հենց այնպես, առանց որևէ առիթի նվիրում են սմարթֆոններ, խաղեր, մոդայիկ հագուստ: Երեխան շատ արագ սովորում է, որ պետքական և ոչ պետքական նյութական բարիքները միշտ կարող է ստանալ առանց որևէ ջանք թափելու:

Ի՞նչ անել: Երեխային ներարկեք այն միտքը, որ գնումների համար անհրաժեշտ փողը պետք է վաստակել: Այսպիսի մոտեցմամբ դուք չեք մերժում, այլ տարբերակներ եք առաջարկում, որոնց օգնությամբ ձեր որդին կամ դուստրը կարող են իրականացնել իրենց ցանկությունը:

 «Այո, այն խաղը, որ գնել են քո ընկերոջ համար, իսկապես շատ լավն է: Եվ հրաշալի կլիներ, որ կարողանայիք միասին խաղալ: Արի պարզենք, թե դա ինչ արժե, և մտածենք, թե ինչպես կարող ենք հատկացնել այն գնելու համար անհրաժեշտ գումարը»:

 «Ինձ դուր է գալիս այս ջինսը: Բայց այն շատ թանկ է: Ես քեզ կտամ այնքան գումար, որքան կարող եմ դրա վրա ծախսել: Հետո կմտածենք, թե ինչպես կարող ես վաստակել մնացածը»:

Փորձելով վաստակել թանկարժեք իրի համար անհրաժեշտ գումարը, երեխան կիմանա փողի արժեքը, կհասկանա, որ ոչ բոլոր ցանկություններն են անմիջապես իրականանում, կսովորի հաղթահարել դժվարությունները և պլանավորել:

5. Մեղավորության ծուղակ. մեղքի կամ անվսահության զգացումի պատճառով ծնողներն արձագանքում են իմպուլսիվ ձևով

Դաստիարակության պրոցսում մեղքի զգացումը լուրջ խնդիր է: Ծնողները գիտեն, որ արգելքները կամ որևէ խնդրանքը կատարելը մերժել առաջացնում են երեխայի դժգոհությունը: Եվ նրա բացասական էմոցիաների մեղքը հաճախ իրենց են վերագրում: Առաջանում է այդ զգացումին ենթարկվելու և երեխային իր ուզածը տալու գայթակղություն:

Մեղավոր զգալու առիթ է նաև գործերով չափազանց ծանրաբեռնված լինելը: Այն առաջացնում է սեփական բացակայությունը ինչ-որ ձևով երեխային փոխհատուցելու ցանկություն: Ժամանակ առ ժամանակ դա տեղի է ունենում բոլոր ընտանիքներում, բայց երբ նման վարքը դառնում է սովորական, ծագում են խնդիրներ: Երբեմն էլ երեխաներն իրենք են փորձում ծնողների մոտ մեղքի զգացում առաջացնել, որպեսզի հնարավորիս շատ ստանան իրենց ուզածները:

Ի՞նչ անել: Օրինակ, աշխատեք «ուրախ օրվա» ավանդույթ սահմանել: Դա կաորղ է լինել շաբաթվա ցանկացած ձեզ հարմար օր: Կարևորն այն է, որ ծնողը և երեխան ազատ լինեն առօրյա պարտականություններից, օրինակ, տան գործերից կամ տնային առաջադրանքներից

Երբ երեխան խնդրի խաղալ իր հետ, կարող եք պատասխանել. «Լավ միտք է, բայց արի հետաձգենք այն մինչև «ուրախ ուրբաթ»»: Եթե ցանկանում է տուն հրավիրել իր ընկերներին, կարելի է ասել. «Հրաշալի գաղափար է, իսկը «ուրախ ուրբաթի» համար»:

Երեխան կիմանա, որ իր ուզածը վերջին հաշվով կատարվելու է, իսկ ծնողը ոգևորություն, այլ ոչ թե մեղավորություն կզգա: Եվ կարող է ինքն էլ այդ օրը լիցքաթափվել:

Կարող եք ընթերցել ընդարձակ հատված գրքից

Բնօրինակ

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: