3946      0

Ի՞նչ մանկապարտեզ ընտրել.
ուղեցույց
ծնողի համար

Փոքրիկի համար մանկապարտեզն  ընտանիքից  և հարազատների շրջապատից դուրս հասարակության մեջ  հարմարվելու առաջին փորձառությունն է:

Գալիս է պահը, երբ ծնողները պետք է  որոշում կայացնեն. ի՞նչ մանկապարտեզ ընտրել իրենց փոքրիկի համար, ինչպիսի՞ն պետք է լինի նրա առաջին կրթական և սոցիալական միջավայրը, որտեղ նա ոչ միայն կսովորի, այլև հնարավորություն կունենա ինքնուրույն, ինքնավստահ, ստեղծագործ ու շփվող դառնալու իր առաջին քայլերն անել:

Մանկապարտեզ: Ի՞նչն է առաջնային

  • Անվտանգություն և հոգատարություն: Երեխայի ֆիզիկական և հուզական անվտանգությունն առաջնային է։ Նա պետք է իրեն զգա պաշտպանված և սիրված։
  • Կրթական ծրագիր, մեթոդաբանություն: Ի՞նչն է  կարևորվում մանկապարտեզում, ինչպե՞ս են այնտեղ զարգացնում երեխայի ինքնուրույնությունը, ստեղծագործականությունը, սոցիալական հմտությունները։
  • Անհատական մոտեցում:  Յուրաքանչյուր երեխա ունի իր անձնային որակները, իր տեմպը և հետաքրքրությունները։ Կարևոր է, որ երեխան դիտվի որպես անհատ, այլ ոչ թե ինչ-որ ծրագրի մաս։
  • Սոցիալական հմտություններ: Շատ կարևոր է, որ երեխան սովորի ընկերություն անել, լսել, համագործակցել, նաև համբերել։
  • Ստեղծագործ և քննադատական մտածողություն: Երեխան ոչ թե պատրաստի գիտելիքներ է ստանում, այլ հնարավորություն ունի ինքնուրույն բացահայտել և ճանաչել աշխարհը։
  • Ուսուցում խաղի միջոցով: Փոքրիկի համար խաղը բնական լեզու է։ Այն պետք է ընկած լինի ուսումնառության հիմքում, որպեսզի սովորելը հաճելի և արդյունավետ լինի:
  • Պրոֆեսիոնալ և հոգատար մանկավարժներ՝  հոգեբանորեն պատրաստ աշխատելու այդ տարիքի երեխաների հետ։

Ի՞նչ ժամանակակից մանկապարտեզներ, մեթոդաբանություններ ու ծրագրեր կան

Նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքի տարբեր մանկավարժական մոտեցումներ և մեթոդաբանություններ կան՝ յուրաքանչյուրն իր նպատակներով և շեշտադրությամբ: Հայտնիներից են.

Մոնտեսորիի մեթոդաբանություն: Այստեղ շեշտը դրվում է ինքնուրույնության և ազատ ընտրության վրա։ Երեխան ինքն է ընտրում ինչով զբաղվել:

Վալդորֆյան մոտեցում: Շեշտը դրվում է ստեղծագործական որակների և երևակայության զարգացման վրա՝ հաշվի առնելով երեխայի անհատական տեմպը:

Ռեջիո Էմիլիա մեթոդաբանություն: Համագործակցային ուսուցում, որտեղ երեխան համարվում է գիտելիքի ակտիվ ստեղծողը։ Երեխաները սովորում են միմյանց հետ համագործակցելով և աշխարհն ուսումնասիրելով:

Դասական մոդելներ: Սա ավանդական ուսուցումն է, հիմնականում  ուսուցչի առաջնորդությամբ։

Ռեջիո Էմիլիա մեթոդաբանությունը մշակվել է Լորիս Մալագուցիի կողմից՝ Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն  համարվում է ժամանակակից նախադպրոցական կրթության հեռանկարային մեթոդներից մեկը։

Ռեջիո Էմիլիա մոտեցման առանձնահատկությունները

  • Երեխան դիտվում է որպես հետազոտող, ակտիվ անհատ, որը կարող է բացահայտել ու հասկանալ աշխարհն իր փորձի միջոցով, կառուցել սեփական գիտելիքները, այլ ոչ թե պասիվ ձևով ստանալ դրանք:
  • Համագործակցային միջավայր:  Երեխաները սովորում են ոչ միայն ուսուցչից, այլև միմյանցից, քննարկում, ստեղծում ընդհանուր նախագծեր։
  • Միջավայրը կազմակերպված է այնպես, որ դառնա երեխայի «երրորդ ուսուցիչը»։ Այն խթանող է, հարուստ ամենատարբեր նյութերով: Երեխան սովորում է արվեստի, փորձարարական նախագծերի և խաղային գործունեության միջոցով, ինչը զարգացնում է նրա մտածողությունը, ինքնավստահությունը, մտքերն ու զգացմունքները ազատորեն արտահայտելու կարողությունը:
  • Արվեստի և ստեղծագործականության կարևորությունը:  Արվեստը ոչ թե առանձին առարկա է, այլ մտածելու և արտահայտվելու միջոց։ Երեխան սովորում է իր գաղափարներն արտահայտել նկարելով, ծեփելով, թատերական խաղով, երաժշտությամբ և այլ տարբեր արտահայտչամիջոցներով:
  • Գիտելիքների կապը  իրական աշխարհի հետ։ Երեխաները տարբեր նախագծերի միջոցով ակտիվորեն ուսումնասիրում են շրջապատող աշխարհը,  ճանաչում այն, բացահայտում իրենց հետաքրքրությունները։
  • Ուսուցում՝  երեխաների հետաքրքրությունների հիման վրա: Ուսման պրոցեսը կառուցվում է երեխայի մոտ առաջացող հետաքրքրությունների և հարցերի հիման վրա:
  • Սոցիալական հմտություններ: Համագործակցային աշխատանքը և խմբային նախագծերը սովորեցնում են կիսվել, լսել, համագործակցել, հարցերը քննարկել և միասին լուծումներ գտնել։ Որակներ, որոնք կարևոր են ողջ կյանքի համար։
  • Հուզական զարգացում: Հատուկ ուշադրություն է դարձվում երեխայի զգացմունքներին, ինքնարտահայտմանը, համարժեք ինքնագնահատականի ձևավորմանը։
  • Մանկավարժի դերը․Մանկավարժը հանդես է գալիս գործընկերոջ, հետևողի, միջնորդի, երեխայի գործունեությանը աջակցողի և ուղղորդողի,  այլ ոչ թե պատրաստի գիտելիքներ մատուցողի դերում:
  • Ծնողների ակտիվ ներգրավվածություն և  լիարժեք մասնակցություն: Ռեջիո մանկապարտեզները հաճախ կազմակերպում են բաց դասեր, հանդիպումներ և համագործակցային նախագծեր, որպեսզի ծնողը մշտապես տեղեկացված և  ակտիվ ներգրվված լինի։ Ստեղծվում է սերտ համագործակցություն երեխայի, ընտանիքի և մանկավարժների միջև, որն ապահովում է կրթական պրոցեսի շարունակական լինելը:

«Ծիածան» երեխաների զարգացման կենտրոն

 Ընդհանրացնենք

Կարդացեք նաև. Նյարդային երեխաներ: Նևրոպաթիայի 10 դրսևորում:

Ռեջիո մեթոդի հիմնական ազդեցությունը, ձևավորում է քննադատական մտածողություն, ինքնուրույնություն, խմբում աշխատելու կարողություն, ինքնարտահայտման և ստեղծագործելու հմտություններ։

Կարդացեք նաև. Նյարդային երեխաներ: Նևրոպաթիայի 10 դրսևորում:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացիր մեր էջին
iHerb WW

© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: