Փոքրիկի համար մանկապարտեզն ընտանիքից և հարազատների շրջապատից դուրս հասարակության մեջ հարմարվելու առաջին փորձառությունն է:
Գալիս է պահը, երբ ծնողները պետք է որոշում կայացնեն. ի՞նչ մանկապարտեզ ընտրել իրենց փոքրիկի համար, ինչպիսի՞ն պետք է լինի նրա առաջին կրթական և սոցիալական միջավայրը, որտեղ նա ոչ միայն կսովորի, այլև հնարավորություն կունենա ինքնուրույն, ինքնավստահ, ստեղծագործ ու շփվող դառնալու իր առաջին քայլերն անել:
Մանկապարտեզ: Ի՞նչն է առաջնային
- Անվտանգություն և հոգատարություն: Երեխայի ֆիզիկական և հուզական անվտանգությունն առաջնային է։ Նա պետք է իրեն զգա պաշտպանված և սիրված։
- Կրթական ծրագիր, մեթոդաբանություն: Ի՞նչն է կարևորվում մանկապարտեզում, ինչպե՞ս են այնտեղ զարգացնում երեխայի ինքնուրույնությունը, ստեղծագործականությունը, սոցիալական հմտությունները։
- Անհատական մոտեցում: Յուրաքանչյուր երեխա ունի իր անձնային որակները, իր տեմպը և հետաքրքրությունները։ Կարևոր է, որ երեխան դիտվի որպես անհատ, այլ ոչ թե ինչ-որ ծրագրի մաս։
- Սոցիալական հմտություններ: Շատ կարևոր է, որ երեխան սովորի ընկերություն անել, լսել, համագործակցել, նաև համբերել։
- Ստեղծագործ և քննադատական մտածողություն: Երեխան ոչ թե պատրաստի գիտելիքներ է ստանում, այլ հնարավորություն ունի ինքնուրույն բացահայտել և ճանաչել աշխարհը։
- Ուսուցում խաղի միջոցով: Փոքրիկի համար խաղը բնական լեզու է։ Այն պետք է ընկած լինի ուսումնառության հիմքում, որպեսզի սովորելը հաճելի և արդյունավետ լինի:
- Պրոֆեսիոնալ և հոգատար մանկավարժներ՝ հոգեբանորեն պատրաստ աշխատելու այդ տարիքի երեխաների հետ։
Ի՞նչ ժամանակակից մանկապարտեզներ, մեթոդաբանություններ ու ծրագրեր կան
Նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքի տարբեր մանկավարժական մոտեցումներ և մեթոդաբանություններ կան՝ յուրաքանչյուրն իր նպատակներով և շեշտադրությամբ: Հայտնիներից են.
—Մոնտեսորիի մեթոդաբանություն: Այստեղ շեշտը դրվում է ինքնուրույնության և ազատ ընտրության վրա։ Երեխան ինքն է ընտրում ինչով զբաղվել:
—Վալդորֆյան մոտեցում: Շեշտը դրվում է ստեղծագործական որակների և երևակայության զարգացման վրա՝ հաշվի առնելով երեխայի անհատական տեմպը:
—Ռեջիո Էմիլիա մեթոդաբանություն: Համագործակցային ուսուցում, որտեղ երեխան համարվում է գիտելիքի ակտիվ ստեղծողը։ Երեխաները սովորում են միմյանց հետ համագործակցելով և աշխարհն ուսումնասիրելով:
—Դասական մոդելներ: Սա ավանդական ուսուցումն է, հիմնականում ուսուցչի առաջնորդությամբ։
Ռեջիո Էմիլիա մեթոդաբանությունը մշակվել է Լորիս Մալագուցիի կողմից՝ Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն համարվում է ժամանակակից նախադպրոցական կրթության հեռանկարային մեթոդներից մեկը։
Ռեջիո Էմիլիա մոտեցման առանձնահատկությունները
- Երեխան դիտվում է որպես հետազոտող, ակտիվ անհատ, որը կարող է բացահայտել ու հասկանալ աշխարհն իր փորձի միջոցով, կառուցել սեփական գիտելիքները, այլ ոչ թե պասիվ ձևով ստանալ դրանք:
- Համագործակցային միջավայր: Երեխաները սովորում են ոչ միայն ուսուցչից, այլև միմյանցից, քննարկում, ստեղծում ընդհանուր նախագծեր։
- Միջավայրը կազմակերպված է այնպես, որ դառնա երեխայի «երրորդ ուսուցիչը»։ Այն խթանող է, հարուստ ամենատարբեր նյութերով: Երեխան սովորում է արվեստի, փորձարարական նախագծերի և խաղային գործունեության միջոցով, ինչը զարգացնում է նրա մտածողությունը, ինքնավստահությունը, մտքերն ու զգացմունքները ազատորեն արտահայտելու կարողությունը:
- Արվեստի և ստեղծագործականության կարևորությունը: Արվեստը ոչ թե առանձին առարկա է, այլ մտածելու և արտահայտվելու միջոց։ Երեխան սովորում է իր գաղափարներն արտահայտել նկարելով, ծեփելով, թատերական խաղով, երաժշտությամբ և այլ տարբեր արտահայտչամիջոցներով:
- Գիտելիքների կապը իրական աշխարհի հետ։ Երեխաները տարբեր նախագծերի միջոցով ակտիվորեն ուսումնասիրում են շրջապատող աշխարհը, ճանաչում այն, բացահայտում իրենց հետաքրքրությունները։
- Ուսուցում՝ երեխաների հետաքրքրությունների հիման վրա: Ուսման պրոցեսը կառուցվում է երեխայի մոտ առաջացող հետաքրքրությունների և հարցերի հիման վրա:
- Սոցիալական հմտություններ: Համագործակցային աշխատանքը և խմբային նախագծերը սովորեցնում են կիսվել, լսել, համագործակցել, հարցերը քննարկել և միասին լուծումներ գտնել։ Որակներ, որոնք կարևոր են ողջ կյանքի համար։
- Հուզական զարգացում: Հատուկ ուշադրություն է դարձվում երեխայի զգացմունքներին, ինքնարտահայտմանը, համարժեք ինքնագնահատականի ձևավորմանը։
- Մանկավարժի դերը․Մանկավարժը հանդես է գալիս գործընկերոջ, հետևողի, միջնորդի, երեխայի գործունեությանը աջակցողի և ուղղորդողի, այլ ոչ թե պատրաստի գիտելիքներ մատուցողի դերում:
- Ծնողների ակտիվ ներգրավվածություն և լիարժեք մասնակցություն: Ռեջիո մանկապարտեզները հաճախ կազմակերպում են բաց դասեր, հանդիպումներ և համագործակցային նախագծեր, որպեսզի ծնողը մշտապես տեղեկացված և ակտիվ ներգրվված լինի։ Ստեղծվում է սերտ համագործակցություն երեխայի, ընտանիքի և մանկավարժների միջև, որն ապահովում է կրթական պրոցեսի շարունակական լինելը:
«Ծիածան» երեխաների զարգացման կենտրոն
Ընդհանրացնենք
Կարդացեք նաև. Նյարդային երեխաներ: Նևրոպաթիայի 10 դրսևորում:
Ռեջիո մեթոդի հիմնական ազդեցությունը, ձևավորում է քննադատական մտածողություն, ինքնուրույնություն, խմբում աշխատելու կարողություն, ինքնարտահայտման և ստեղծագործելու հմտություններ։
Կարդացեք նաև. Նյարդային երեխաներ: Նևրոպաթիայի 10 դրսևորում: