481      0

Ձեռքբերովի
անօգնականություն
Սելիգման

Ձեռքբերովի անօգնականություն (բառացի՝ սովորովի անօգնականություն, բնօրինակում` learned helplessness): Հոգեբանական վիճակ, մտածելակերպ և վարք, երբ մարդը չի էլ փորձում փոխել բացասական իրավիճակը, եթե  նույնիսկ դրա հնարավորությունը կա։

Ամերիկացի հոգեբաններ Մարտին Սելիգմանի ու Սթիվեն Մայերի ձևակերպմամբ.  «Ձեռքբերովի անօգնականությունը մոտիվացիայի խանգարում է, որն առաջանում է այնպիսի իրավիճակների հետևանքով, որոնք դուրս են եղել սուբյեկտի վերահսկողությունից, այսինքն՝ արդյունքը կախված չի եղել նրա ջանքերից»։

Մարտին Սելիգմանը նշանավոր ամերիկացի գիտնական է, մեր ժամանակների հայտնի հոգեբաններից, պոզիտիվ հոգեբանության նոր ուղղության հիմնադիրը։

Ծնվել է 1942 թ. օգոստոսի 12-ին, ԱՄՆ-ում։ Իր գիտական գործունեության ընթացքում Սելիգմանը գրել է ավելի քան երկու հարյուր գիտական հոդված,  հանրամատչելի հոգեբանության բազմաթիվ գրքեր և աշխատություններ։ Տասներեք տարի շարունակ անցկացրել է կլինիկական հետազոտություններ։

Այսօր Մարտին Սելիգմանը Փենսիլվանիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր է, Ամերիկյան հոգեբանների ասոցիացիայի նախագահը, Պոզիտիվ  հոգեբանության կենտրոնի տնօրենն ու պոզիտիվ հոգեբանության գիտական ուղղության ղեկավարը։

Սելիգմանի փորձերի հակիրճ  նկարագրությունը

1960-ականների կեսերին Մարտին Սելիգմանն իր գործընկերների հետ Փենսիլվանիայի համալսարանի  հոգեբանության լաբորատորիայում շների վրա մի շարք փորձեր անցկացրեց՝ պարզելու համար, թե ինչպես է ձևավորվում վախի պայմանական ռեֆլեքսը:

Փորձերի ընթացքում հնչում էր բարձր ձայնային ազդակ, որն ուղեկցվում էր էլեկտրական հոսանքի ցավոտ հարվածներով։ Սկզբում շների մի խումբը հնարավորություն ուներ փախչել հոսանքի հարվածից, իսկ մյուսը՝ ոչ։

Տևական փորձերից հետո պայմանները փոխվեցին: Արդեն բոլոր շներն ունեին հոսանքի հարվածից փախչելու հնարավորություն: Նոր իրավիճակում նախկինում փախուստի հնարավորություն ստացած շները կրկին փորձում էին փախչել։

Իսկ որոնք դրա հնարավորությունը չէին ունեցել, նոր իրավիճակում չէին էլ փորձում անել դա: Նրանք պարզապես կծկվում էին ու վնգստում նույնիսկ այն դեպքում, երբ փրկվելու համար պետք էր ընդամենը ցատկել փոքրիկ արգելանքի վրայով: Կարծես նրանց մոտ համոզմունք էր ձևավորվել, որ իրենք անզօր են և ոչինչ չեն կարող փոխել։

Սելիգմանը սա բացատրում էր հետևյալ կերպ․ նախորդ փորձերի ընթացքում, երբ փրկվելն անհնար էր, շները «սովորել էին», որ իրենց գործողությունները չեն կարող ազդել իրավիճակի վրա, նրանց մոտ ձևավորվել էր «ձեռքբերովի անօգնականություն»։

Ձեռքբերովի  անօգնականության դրսևորումները

  • Մարդը (կամ կենդանին) չի փորձում փոխել բացասական իրավիճակը՝  նույնիսկ եթե դրա հնարավորությունն ունի։
  • Սովորաբար դրսևորվում է անբարենպաստ հանգամանքների վրա ազդելու կամ դրանցից խուսափելու կրկնվող, անարդյունք փորձերից հետո ։
  • Բնորոշվում է պասիվությամբ, գործողություններից  հրաժարվելով, բացասական միջավայրը կամ սեփական վիճակը փոխելու ցանկության բացակայությամբ:

Սելիգմանը փորձերի ընթացքում արձանագրեց մի ուշագրավ փաստ: Ձեռքբերովի անօգնականությունը կարծես «ժառանգվում էր»։ Փորձերին մասնակցած շների ձագերի մոտ ևս նկատվում էր նույն վարքագիծը: Կարծես ծնողները նրանց էին փոխանցել անօգնականության մոդելը։

Հետագա դիտարկումները ցույց տվեցին նաև հետևյալը. փորձարկված շների մոտ մեկ երրորդը ոչ մի պարագայում չէր ընկնում անօգնականության ծուղակը։ Նրանց մոտ պահպանվում էր իրավիճակից  փախչելու ձգտումը նույնիսկ բազմիցս կրկնվող անհաջողություններից  հետո։

Նման դիմակայությունը պայմանավորված էր նախկինում ունեցած հաջող փորձով: Այն շները, որոնք երբևէ կարողացել էին ազդել միջավայրի վրա (օր., գլխով վահանակից անջատել էին հոսանքը), նույնիսկ անհնարին իրավիճակներում շարունակում էին ելք փնտրել։

Ինչպես հաղթահարել ձեռքբերովի անօգնականությունը

Ձեռքբերովի անօգնականությունը հիվանդություն չէ, այլ հոգեբանական վիճակ, մտածելակերպ և վարքի ձև։ Այն կարելի է հաղթահարել փոխելով սեփական համոզմունքներն ու ներքին դիրքորոշումները:

  • Բաժանել վերահսկելին և ոչ վերահսկելին։ Նշել այն գործողությունները, որոնց միջոցով կարելի է թեկուզ փոքր չափով ազդել իրադարձություննեի վրա: Կարելի է պահել «Հաջողության օրագիր» և գրանցել ամեն փոքր առաջընթացը։
  • Վերհիշել նույնիսկ ամենափոքր հաջողություններն անցյալում, արժևորել սեփական ցանկացած ձեռքբերում։ Դրանք  կարող են դառնալ ապագա հույսի հիմք։
  • Վերլուծել ռիսկը։  Համեմատել, թե ինչ կլինի և´ գործելու, և´  ոչինչ չանելու դեպքում։ Գործելը՝ նույնիսկ ձախողման դեպքում, ավելի արժեքավոր է, քան անգործությունը։
  • Դադարեցնել «ծամել մտքերը»։ Ձեռքբերովի անօգնականությամբ մարդիկ հակված են նույն բացասական միտքը անընդհատ պտտել գլխում։ Այս երևույթը կոչվում է «ռումինացիա» կամ «մտքի ծամոն», որից ազատվելու համար կաևոր է հասկանալ, թե որն է դրա սկզբնաղբյուրը:
  • Առանձնացնել իրական փաստերն ու սուբյեկտիվ համոզմունքները:
  • Չվախենալ և ընդունել ձախողման հնարավորությունն՝ ասելով. «Ես արեցի բավարար։ Թերևս ոչ կատարյալ, բայց հնարավորինս»։

Իր աշխատանքների մեծ մասը նվիրելով ձեռքբերովի անօգնականության երևույթն ուսումնասիրելուն, ավելի ուշ Սելիգմանի հետազոտությունների թեման դարձավ ճիշտ հակառակը՝ «ձեռքբերովի լավատեսությունը»: Նա նախաձեռնեց  պոզիտիվ հոգեբանության շարժումը և տարածեց այն ամբողջ աշխարհում։ Սելիգմանը «պոզիտիվ հոգեբանություն» անվանեց այն, ինչն օգնում է հասկանալ այնպիսի երևույթներ, ինչպիսիք են արդյունավետությունը, հաջողությունը և երջանկությունը։

Աղբյուրը

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացիր մեր էջին
iHerb WW

© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: