189      0

Լիդերության
մասին
Լի Կուան Յու

Լիդեր, լիդերություն, «լիդերների դպրոց»… Այս բառերը դարձել են հաճախ կիրառվող ու մոդայիկ։ Շատերի համար լիդերությունը նույնացվում է բարձր պաշտոնի, ազդեցիկ դիրքի, լայն լիազորությունների կամ պարզապես ճարպկության ու հնարամտության հետ։

Սակայն իսկական լիդերությունն իրականում խորքային և բազմաշերտ երևույթ է: Այն ձևական տիտղոս չէ․ այլ անձնային և մասնագիտական որակների ամբողջություն, հստակ արժեհամակարգ, մտածողության մշակույթ և, ամենակարևորը, մեծ պատասխանատվություն կրելու ունակություն և պատրաստակամություն։

Լիդերը ոչ թե պարզապես ղեկավարում է, այլ սեփական օրինակով առաջնորդում, ոգեշնչում, ուղղություն տալիս և պատրաստ է կիսել պատասխանատվությունը թե՛ հաջողությունների, թե՛ ձախողումների դեպքում։ Այն ոչ թե պաշտոն է, այլ առաքելություն, որը պահանջում է գիտակցված մոտեցում, ներքին հասունություն և մշտական զարգացում։

Լիդերության մասին է խոսել 20-րդ դարի ամենանշանավոր լիդերներից մեկը՝ Սինգապուրի նախկին վարչպես Լի Կուան Յուն: Ստորև մեջբերումներ են նրա՝ «Երրորդ աշխարհից առաջին»  գրքից, որտեղ հեղինակն իր սեփական հարուստ փորձից ելնելով կիսվում է լիդերության մասին իր համոզմունքներով:

_________________________________

Պարզապես կատարիր խոստումներդ, մի տրվիր կաշառքին, և կտեսնես, որ մարդիկ հավատում են քեզ…

1958 թ

_________________________________

Գլխավոր գործելն է, այլ ոչ թե ներկայացնելը։ Ասիայի միլիոնավոր բնակիչներ  ծանոթ չեն տեսություններին և չեն էլ ուզում իմանալ դրանք։ Նրանք պարզապես ուզում են լավ ապրել։ Նրանք ուզում են ավելի արդար, ավելի վստահելի հասարակություն։ Եվ նա, ով դա կտա նրանց, կդառնա նրանց փրկիչը։

1964թ.

_________________________________

Սինգապուրը բարգավաճել է նաև այն բանի շնորհիվ, որ բազմաթիվ վաճառականներ սովորություն ունեն պահել իրենց խոստումը։ Նույնը վերաբերում է նաև կառավարությանը․ եթե խոսք է տվել, ուրեմն կատարում է։

1967թ.

_________________________________

Կառավարման արվեստը միայն գեղեցիկ ելույթները չեն։ Իհարկե, մենք կարիք ունենք շփվելու և կապ պահպանելու ժողովրդի հետ։ Սակայն հստակ ծրագիր կազմելու համար հարկավոր է ճիշտ պատկերացում ունենալ իրավիճակի մասին։ Իսկ ամենակարևորը՝ փոխադարձ վստահությունն է կառավարության և ժողովրդի միջև։ Միայն այդպես կարելի է հասնել լավագույն արդյունքների։

1969թ.

_________________________________

Եթե երբևէ Սինգապուրի կառավարումն անցնի ապաշնորհների կամ օպորտունիստների ձեռքը, դա մեզ շատ թանկ կարժենա։ Երկուսն էլ կարող են մի խելահեղ պահի իրենց հետևից տանել սինգապուրցիներին՝ համոզելով ձայն տալ ընդիմությանը՝ միայն հանուն ընդիմության։ Հինգ տարի նման կառավարում, և Սինգապուրը ծնկի կգա:

Տասնամյակների համառ աշխատանքը՝  հասարակության բարօրության,  արդյունաբերություն, բանկային ոլորտի, առևտրի, տուրիզմի զարգացման համար կքայքայվի ամենակարճ ժամկետում։

Համաշխարհային բանկի տրամադրած ողորմության համար ֆինանսական ստրկության պատրաստ այդպիսի ավերված երկրների արդեն գոյացած  հերթ կա:  Բայց  այդ երկրները գոնե հողագործության կամ հանքարդյունաբերության համար հողեր ունեն, գետեր՝ ամբարտակներ ու էլեկտրակայաններ կառուցելու համար։

Սինգապուրը ոչինչ չունի, բացի հաջող տեղանքից  և իր ժողովրդից, որը կարող է բազմապատկել հաջողությունը իր կազմակերպվածությամբ, հմուտ կառավարմամբ, որակավորմամբ և ամենակարևորը՝ փայլուն գաղափարներով։ Բայց  բավական է մեկ անգամ քաոսի մատնվել և այդ  համակարգն այլևս չի վերականգնվի։

1982 թ.

_________________________________

Անշուշտ, երկրին անհրաժեշտ է լավ վարչակարգ, բայց թույլ տվեք ավելացնել, որ զարգացող երկրին անհրաժեշտ է նաև ուժեղ քաղաքական առաջնորդ։ Սա բառացիորեն կյանքի և մահվան հարց է։ Միայն զարգացած երկիր կարող է իրեն թույլ տալ նման շքեղություն՝  ունենալ անպատասխանատու, վատ ղեկավարում և այդ պարագայում չփլուզվել:

1989թ.

_________________________________

Լավ կառավարության համար առաջին տեղում ազգային շահն է՝ անկախ տեսություններից և գաղափարախոսությունից։

1993թ.

_________________________________

Ոչ մի բանակ, նույնիսկ ամենաքաջը, չի կարող հաղթել, եթե նրան ղեկավարում են թույլ գեներալները։

1998թ.

_________________________________

Լավ կառավարությունը Սինգապուրին բաժին չի հասել որպես բնության նվեր։ Այն ստեղծվել է ընտրության և  մանրակրկիտ ստուգման երկարատև ու ծանր գործընթացի արդյունքում։ Մենք ընտրեցինք լավագույններից լավագույններին։ Ահա թե ինչու չկա որևէ այլ ուժ, որը կարող է արժանի մրցակցել մեր կառավարության հետ։

2000թ.

_________________________________

Աղբյուրը

Կարդացեք նաև. «Կոռուպցիայի մասին»

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացիր մեր էջին
iHerb WW

© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: