«Շատ տխուր է տեսնել, թե ինչպես են ազգային հերոսներն իրենց երկիրը թողնում ինքնահոսի, և այն դանդաղ, բայց հաստատուն քայլերով ընկղմվում է դեգրադացիայի և քայքայման անդունդը»: Լի Կուան Յու
Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կուան Յուի դերն անգնահատելի և առանցքային է Սինգապուրը գաղութային հետամնաց երկրից զարգացած և ազդեցիկ երկիր դարձնելու գործում: Իր հեղինակած գրքում նա ներկայացնում է Սինգապուրի կայացման ողջ պատմությունը, այդ թվում քաղաքականության, դեմոկրատիայի, առաջնորդության, բանակի ստեղծման, կոռուպցիայի դեմ պայքարի, նաև իր և իր ընտանիքի մասին:
«На пути из третьего мира в первый»
Հատվածներ գրքի՝ «Կոռուպցիայի մասին» գլխից թարգմանաբար.
——————————
Եթե մեր պետական իշխանությունն օգտագործվի ոչ թե մեծամասնության կյանքը բարելավելու, այլ իշխանական փոքրամասնության գրպանները լցնելու համար, մեր վերջը վատ կլինի:
1957թ.
——————————
Սինգապուրը զարգանում է վարչական ապարատի աշխատանքի շնորհիվ: Ապարատ, որը լի է կյանքով և էներգիայով: Այստեղ արմատականներ չկան: Ստպված չենք ինչ-որ մեկի նկատմամբ ճնշում գործադրել, որպեսզի այդ ապարատն աշխատի: Այդպես պետք է լինի նաև այսուհետ: Այդ նպատակով ես կփոխեի օրենքը: Իմ առաջարկը հետևյալն է. եթե որևէ պետական պաշտոնյա ունի ունեցվածք, որի ծագումը դժվար է բացատրել, և կան կոռուպցիայի ապացույցներ, նա զրկվում է իր ողջ ունեցվածքից:
1967թ.
——————————
Շատ տխուր է տեսնել, թե ինչպես են ազգային հերոսներն իրենց երկիրը թողնում ինքնահոսի, և այն դանդաղ, բայց հաստատուն քայլերով ընկղմվում է դեգրադացիայի և քայքայման անդունդը: Երբ ատկատներն ու կաշառքը դառնում են սովորական, ողջ երկիրը ցած է գլորվում ինքնակործանման ճանապարհով: Եթե նման բան պատահի Սինգապուրում, մեզ ոչ մի լավ բան չի սպասվի: Չէ՞ որ մենք չունենք այնպիսի գյուղատնտեսական բազա, որ մեր գոյատևման համար հնարավոր լինի պարզապես սերմը ցանել, իսկ հողն, արևն ու ջուրն իրենք կաճեցնեն բերքը:
1968թ.
——————————
Եթե ղեկավար աշխատողները բարձր աշխատավարձ են ստանում, կաշառք ստանալու համար նրանք պետք է արժանանան ամենախիստ պատժի:
1992թ.
——————————
Կառուպցիայի դեմ օրենքները պետք է բավականաչափ խիստ լինեն, որպեսզի կաշառակերը կորցնի շատ ավելին, քան ձեռք է բերել կասկածելի գործարքի արդյունքում:
1992թ.
——————————
Խնդիրը հատկապես բարդանում է, երբ կոռուպցիան թափանցում է իշխանական հիերարխիայի բոլոր շերտերը` պետության ղեկավարից մինչև մանր չինովնիկ:
Մաքրումն ու ախտահանումն անհրաժեշտ է սկսել ամենավերևից` սիստեմատիկորեն անցնելով բոլոր՝ մինչև ամենաստորին մակարդակները: Դա երկար և տանջալից աշխատանք է, որից կարող է գլուխ հանել միայն առաջնորդների շատ ուժեղ խումբը, որոնց ազնվությունն ու բարոյական հեղինակությունը նույնիսկ չնչին կասկած չեն առաջացնում:
1993թ.
——————————
Կոռուպցիան ունակ է քայքայել ցանկացած համակարգ` անկախ այն ստեղծողների փիլիսոփայությունից և գաղափարախոսությունից, կառավարության ադեկվատությունից կամ երկրի աշխարհագրական դիրքից: Նույնիսկ Չինաստանի և Վիետնամի կոմունիստական կուսակցությունները` հանուն վեհ գաղափարների նպատակաուղղված ոչնչացնելով նախորդ ռեժիմների կոռուպցիան, ընդամենը մի քանի տարի անց` լինելով իշխանություն, վարակվում էին այդ նույն կոռուպցիայով:
2005թ.
——————————
Տունը մաքուր պահելը մշտական պայքար է: Քանի դեռ հիմնական առաջնորդները պահպանում են իրենց պատիվն ու հարգանքը, տունն աղբ մտցնելու ամեն մի փորձ կկասեցվի: Միակ բանը, որ չի կարող ապահովել մեր կուսակցությունը, հաջորդ ընտրություններում պարտվելու դեպքում մեզ փոխարինած կուսակցության կողմից նույն կերպ մաքրություն պահպանելն է:
Իրադարձությունների հնարավոր նման զարգացմամբ պայմանավորված անհրաժեշտություն առաջացավ ստեղծել հատուկ սահմանադրական մեխանիզմ, որի համաձայն երկրի նախագահն ընտրվում է ոչ թե պառլամենտական, այլ համընդհանուր ընտրություններով:
Ընդ որում, նախագահն օժտված է նախարարների կաբինետի կողմից պետական միջոցները ծախսելու նկատմամբ վետոյի իրավունքով: Այժմ նախագահը նաև իրավունք է ստացել չեղարկել վարչապետի որոշումը, եթե վերջինս դադարեցնում կամ ձգձգում է իր կամ իշխանության վերին էշելոնից որևէ մեկի հետ կապված կոռուպցիոն գործի քննությունը:
2005թ.
——————————
Ասիական երկրների խնդիրների մեծ մասն ստեղծում են «փողավոր քաղաքական գործիչները»` մարդիկ, ովքեր իշխանության գալու համար գնում են ընտրողների ձայները: Արդյունքում, իշխանության գալով նրանք հնարավորություն են ստանում փոխհատուցել ընտրական գործընթացում արված ծախսերը և բավականաչափ միջոցներ կուտակել հերթական ընտրություններում ձայներ գնելու համար:
Սինգապուրում «փողավոր քաղաքական գործիչներ» չկան: Նախարարների և ադմինիստրացիայի մյուս անդամների մասնագիտական ազնվությունը մեր քաղաքական կայունության հիմքն են: Սինգապուրում ոչ մի քաղաքական գործիչ չի գնա կասկածելի գործարքների և չի ընկնի փողից կախվածության ծուղակը:
2008թ.
——————————
Կարդացեք նաև «Ինչպե՞ս ստեղծվեց բանակը»
© 2025 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: