89      0

Մանկապարտեզ
ողջ կյանքի
համար

«Գիտե՞ք ինչը կանվանեի նախորդ հազարամյակի մեծագույն հայտնագործություն: Մանկապարտեզը: Մտածելով մարդկանց ստեղծագործական մտածողությունը զարգացնելու մասին, մեծապես ոգեշնչվել եմ այն բանից, թե ինչպես են երեխաները սովորում մանկապարտեզում»   Միտչել Ռեզնիկ

«Lifelong Kindergarten» գրքի հեղինակ Mitchel Resnick-ը նշում է, որ մանկապարտեզներն այսօր իրենց կանոններով ու առաջադրանքներով ավելի ու ավելի են նմանվում դպրոցների, ինչը սկզբունքորեն սխալ մոտեցում է:

Նրա համոզմամբ  վաղ տարիքից ստեղծագործելով սովորելը, մանկապարտեզին բնորոշ խաղն ու բուռն հետաքրքրությունը օգնում են զարգացնել ստեղծարարությունն ու մտածողությունը։

Միտչել Ռեզնիկ (Mitchel Resnick), ամերիկացի գիտնական , MIT Media Lab-ի կրթական հետազոտությունների ղեկավար, պրոֆեսոր։  Հայտնի Scratch ծրագրավորման լեզվի ստեղծողը, որը հնարավորություն է տվել հազարավոր երեխաների ամբողջ աշխարհում ստեղծել սեփական խաղերն ու անիմացիաները: Ստեղծարարության զարգացման խնդիրներով զբաղվող   Lifelong Kindergarten հետազոտական խմբի ղեկավար:

Ժամանակակից մանկապարտեզներում, դպրոցներում և նույնիսկ բուհերում ուսուցման գործընթացը հաճախ բավարար չափով չի զարգացնում ստեղծարարությունը, փորձարկելու ունակությունը, սեփական գաղափարները զարգացնելու և ուրիշների գաղափարներից ոգեշնչվելով նոր գաղափարների  հանգելու կարողությունը։

Հեղինակի կարծիքով այս իրավիճակը կարելի է փոխել այսպես կոչված «պարուրաձև» ուսուցմամբ. պատկերացնել, ստեղծել, փորձարկել ու խաղալ ստեղծածի հետ, կիսվել ուրիշների հետ, վերաիմաստավորել արդյունքները և դարձյալ պատկերացնել։

Հեղինակն առաջարկում է երեխաների և մեծերի ուսուցման գործընթացի կառուցման չորս սկզբունք.

  • նախագծեր,
  • բուռն հետաքրքրություն ու ներգրավվածություն,
  • համագործակցություն,
  • խաղ:

Կարծիք կա, որ երեխաների ստեղծարարությունը զարգացնելու լավագույն միջոցը նրանց պարզապես չխանգարելն է։ Թեև երեխաներն իրենց բնույթով իսկապես հետաքրքրասեր և որոնող են, այնուամենայնիվ,  անհրաժեշտ է նրանց աջակցել՝ զարգացնելու և ամբողջությամբ բացահայտելու համար նրանց բնածին ստեղծագործական ունակությունները։ Այստեղ գլխավոր խնդիրը «ստեղծարարություն սովորեցնելը» չէ, այլ այնպիսի կենսունակ միջավայր ստեղծելը, որտեղ երեխայի բնածին կարողություններն ինքնին կդրսևորվեն ու կզարգանան։

10 խորհուրդ ծնողներին և ուսուցիչներին

1. Ցույց տվեք օրինակներ, որպեսզի խթանեք երեխայի երևակայությունը

Մաքուր թուղթն ու կտավը, դատարկ էկրանը հաճախ վախ են ներշնչում, որովհետև չգիտենք ինչպե՞ս և ինչի՞ց  սկսել։ Երբեմն երևակայությունը խթանելու, նոր գաղափարի համար բավական է պարզապես նայել ուրիշների աշխատանքները։ Scratch-ի վարպետաց դասերը սկսվում են նախագծերի օրինակներ ցուցադրելով, որպեսզի երեխաները պատկերացում կազմեն ընդհանրապես ինչե՞ր կարելի է ստեղծել, որ նրանց մոտ առաջանան գաղափարներ։ Իհարկե, կա վտանգ, որ երեխաները պարզապես կարող են կրկնօրինակել տեսածը։ Սա ընդունելի է. բայց միայն սկզբնական փուլում: Խրախուսեք երեխային վերափոխել և զարգացնել այդ օրինակները։

2. Խրախուսեք էքսպերիմենտները

Շատերը կարծում են, թե երևակայությունը գործում է միայն գլխում, բայց իրականում ձեռքերը նույնպես կաևոր դեր ունեն։ Երեխաների ստեղծագործ միտքը զարգացնելու համար պետք է խրախուսել, որ նրանք «խաղան» նյութերի հետ՝ շոշափեն, ծալեն, պտտեն, փորձեն տարբեր ձևերով։ Այսպիսի՝ առաջին հայացքից  «աննպատակ» էքսպերիմենտները կարող են բերել հետաքրքիր գաղափարների և դառնալ մեծ նախագծի սկիզբ։

3. Առաջարկեք նյութերի լայն ընտրություն

Որքան բազմազան են նյութերն, այնքան ավելի շատ հնարավորություններ են բացվում տարբեր գաղափարների և նախագծերի համար:  Իսկ Scratch-ը կարող է օգնել, որ ստեղծած կերպարները շարժվեն և արձագանքեն հրահանգներին։

4. Խրախուսեք ստեղծագործելու բոլոր ձևերը

Ամեն երեխա ստեղծագործելու իրեն հետաքքրող ձևն ունի: Ոմանք սիրում են LEGO-ից տներ ու ամրոցներ կառուցել, մյուսները՝ խաղեր ու անիմացիաներ ստեղծել։ Երրորդները նախընտրում են զարդեր կամ մեքենաներ պատրաստել: Բանաստեղծություններ և պատմություններ հորինելը նույնպես ստեղծարարություն է։ Օգնեք երեխային գտնել այն զբաղմունքը, որն իրեն առավել հոգեհարազատ է։ Իսկ ավելի լավ  է խրախուսեք նրան փորձել տարբեր ստեղծագործական ոլորտներ։

5. Շեշտը դրեք գործընթացի, ոչ թե արդյունքի վրա

Շատ կարևոր է սեփական ձեռքերով ինչ-որ բան ստեղծելը։ Ուսուցման լավագույն ձևը հնարավորություն տալն է ակտիվորեն մասնակցել ինչ-որ բանի ստեղծմանը։ Սա չի նշանակում կենտրոնանալ վերջնարդյունքի՝ պատրաստի աշխատանքներ ունենալու վրա։ Շատ ավելի կարևոր է ինչ որ բան ստեղծելու գործընթացը։ Երբ երեխաներն աշխատում են նախագծերի վրա, առաջնահերթ ուշադրություն դարձրեք ընթացքին, նրանց ստեղծագործական ակտիվությանը, ոչ թե վերջնական արդյունքին։

Հետաքրքրվեք երեխաներից, թե ի՞նչ մոտեցումներ են կիրառում, ի՞նչն է նրանց ոգեշնչում։ Որպեսզի խրախուսեք  համարձակորեն փորձարկելը, գնահատեք նրանց և՛ հաջողված, և՛ անհաջող փորձերը։ Ժամանակ հատկացրեք նաև ընդհանուր քննարկումների համար, որպեսզի երեխաները միմյանց պատմեն, թե ի՞նչ փուլում են իրենց նախագծերը, ի՞նչ են պատրաստվում անել հաջորդիվ և ինչու՞  հենց այդպես։

6. Նախագծերին շատ ժամանակ հատկացրեք

Ստեղծագործ աշխատանքը ժամանակ է պահանջում: Հատկապես, երբ երեխաներն ինչ-որ բան են մշակում, կատարելագործում, փորձարկում, նոր գաղափարներ ստուգում։

Նախագծային աշխատանքը սովորական դասաժամի մեջ տեղավորելու փորձը խաթարում է ստեղծագործականությունը, նվազեցնում ոգևորությունը, խանգարում ռիսկի գնալուն ու փորձարկելուն: Առաջին պլան է մղվում այնպիսի «ճիշտ» լուծման որոնումը, որը պարզապես թույլ կտա տեղավորվել սահմանված ժամանակի մեջ։

7. Ստանձնեք միջնորդի դեր

Երեխաներից  շատերը կցանկանային  կիսվել իրենց գաղափարներով և միասին աշխատել նախագծերի վրա, սակայն հաճախ չեն պատկերացնում, թե ինչպե՞ս և ու՞մ հետ։ Այստեղ կարող եք դառնալ միջնորդ, օգնել նրանց գտնել համախոհների, համախմբել ըստ հետաքրքրությունների, որոնք կարող են լինել և’ նույնատիպ, և’ իրար լրացնող:

8. Համագործակցեք ինչպես հավասարը հավասարին

Որոշ ծնողներ և մենթորներ չափազանց ակտիվ են միջամտում երեխաների նախագծերին՝  ասելով ինչ անեն կամ անելով նրանց փոխարեն:  Մյուսներն, ընդհակառակը, նախընտրում են ընդհանրապես չմիջամտել։ Այստեղ կարևոր է գտնել ոսկե միջինը, որպեսզի մեծահասակի և երեխայի միջև ձևավորվի իրական՝ հավասարը հավասարին  համագործակցություն։ Երբ երկու կողմերն էլ տրամադրված են միասին աշխատել, շահում են բոլորը։

9. Տվեք անկեղծ հարցեր

Երեխաների համար շատ օգտակար է ամբողջությամբ ընկղմվել իրենց նախագծերում, բայց նաև կարևոր է, որ նրանք ժամանակ առ ժամանակ «դուրս գան» այդ գործընթացից, մտածեն, թե ի՞նչ և ինչպե՞ս են անում։

Պարզապես մի քանի հարց տալով նախագծի մասին, կարելի է խթանել երեխային դատողությունները: Եթե նախագիծը չի ստացվում,  կարելի է հարցնել «Ի՞նչ էիր ուզում անել»։  Երբ երեխան փորձում է բացատրել իր մտադրությունը, հաճախ՝ առանց  լրացուցիչ հուշման, ինքնուրույն հասկանում է իր անելիքը

10. Արտահայտեք ձեր մտքերը

Շատ ծնողներ և ուսուցիչներ խուսափում են բարձրաձայնել իրենց դատողությունների  ընթացքը։ Միգուցե չեն ցանկանում ցույց տալ երեխային, որ երբեմն իրենք էլ են սխալվում, որ իրենց մտահանգումները կարող են ճիշտ չլինել: Սակայն ձեր դատողությունների ընթացքը լսելը մեծ նվեր է երեխային: Այսպես նա հասկանում է, որ մտածելը ջանք է պահանջում ոչ միայն իրենից, այլ մեծերից։ Սովորում է այն ռազմավարությունները, որոնք կիրառում եք որևէ  նախագծի վրա աշխատելիս կամ խնդիր լուծելիս, սկսում է ավելի պատրաստակամ վերլուծել սեփական մտքերն ու գործողությունները։

Նյութի աղբյուրը

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացիր մեր էջին
iHerb WW

© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: