135      0

Կյանքի
կես
ճանապարհին

Այն, ինչ չենք գիտակցել անցյալում, խանգարում է ներկային և որոշում մեր ապագան:

«Կյանքի կես ճանապարհին» գրքի հեղինակ, հոգեվերլուծաբան Ջեյմս Հոլիսը (James Hollis) համոզված է, որ մարդու կյանքի կես ճանապարհին կա մի շրջադարձային, վերագնահատման և վերաիմաստավորման դժվարին, բայց միևնույն ժամանակ կարևոր ժամանակահատված:

Այն հնարավորություն է տալիս հասկանալ, թե կյանքում ի՞նչն է  իսկապես կաևոր, զգալ սեփական արժեքն ու նշանակությունը, կյանքը դարձնել ավելի հետաքրքիր ու բովանդակալից:

Ջեյմս Հոլիս (James Hollis), հայտնի ամերիկացի յունգյան հոգեվերլուծաբան, փիլիսոփայության դոկտոր, մի շարք գրքերի հեղինակ:

Հոլիսը նշում է, որ կյանքի առաջին փուլում հաճախ  ենք փորձում հարմարվել հասարակության պահանջներին։ Ապրում ենք այնպես, ինչպես ընդունված է, ձգտում ենք այն ամենին, ինչը սովորաբար համարվում  է  հաջողություն՝  կրթություն,  ամուսնություն,  երեխաներ,  կարիերա,  բարեկեցություն։ Ու հաճախ համոզված ենք, որ ճիշտը հենց դա է:

Սակայն գալիս է մի պահ, երբ հոգում տխրություն է ու դատարկությունը, ոչինչ չենք ուզում, ոչինչ չի ուրախացնում: Այս հոգեվիճակից դուրս գալու համար հեղինակն առաջարկում է հետևյալ կարևոր հարցը տալ ինքներս մեզ.

«Ո՞վ եմ ես, եթե մի կողմ դնեմ  իմ կենսագրությունն ու այն բոլոր դերերը, որոնք ունեմ կյանքում»:

Երեխաներն այս հարցի պատասխանը գիտեն: Բայց հետո, մեծանալով, սկսում են նույնականանալ իրենց սոցիալական դերերի հետ: Պատասխանել  «Ո՞վ եմ ես առանց իմ սոցիալական դերերի»  հարցին նշանակում է վերադառնալ սեփական իրական «Ես»-ին։

Եթե կյանքի առաջին կեսում կարևորվում է հաջողության հասնելը շրջապատի, հասարակության աչքում , ապա երկրորդ կեսում  հաջողությունը կարևոր է դառնում մեր իսկ համար: Այս գործընթացը կոչվում է ինդիվիդուացիա` վերադարձ դեպի մեզ:

Ինդիվիդուացիա — ըստ Կարլ Գուստավ Յունգի, անձի ինքնակայացման և ամբողջականության զարգացման գործընթացն է, որի ընթացքում մարդը միավորում է իր գիտակցական և անգիտակցական աշխարհները՝ դառնալով այն, ինչ իրականում կա՝  իր իսկական «Ես»-ը։

Իր գրքում Հոլիսը հիշեցնում է, որ ամենքս էլ ունենք կյանքի մեր մշտական ուղեկիցը, ով միշտ մեր կողքին է, պատրաստ աջակցել, դառնալ մեր ընկերը, երեխան ու ծնողը: Այդ ուղեկիցը մենք ինքներս ենք:

Նա, ով կարողանում  է հենարան գտնել իր մեջ, այլ ոչ թե շրջապատում, ունակ է հասնել այն հասունությանը, որն անհրաժեշտ է ներքին հավասարակշռության և խաղաղության համար:

Հեղինակը կոչ չի անում հրաժարվել ընկերությունից, սիրուց կամ այլոց հոգատարությունից:: Սակայն, կարևորում է ինքն իրեն վերադառնալու կարողությունը՝ որպես հասունության, ներքին կայունության, հանգստության և ներդաշնակության հիմնական պայման։

Չկան երջանկության պատրաստի և համընդհանուր բանաձևեր: Բայց կան գրքեր, որոնք օգնում են մտածել կյանքի իմաստի, միայնության, անելանելիության և ներքին ճգնաժամերի մասին, հաղթահարել անորոշությունն ու ծանր ապրումները, դառնալ ավելի ուժեղ, ավելի ազնիվ ու ավելի գիտակից թե՛ ինքներս մեր,  և թե՛ ուրիշների հանդեպ;

Աղբյուրը.  «Կյանքի կես ճանապարհին»  

Ծանոթություն. գրքի վերնագիրն ըստ բնագրի . «The middle passage»,  ռուսերեն թարգմանությունը՝ «Перевал в середине пути»: Վերնագիրն անգլերենից հայերեն թարգմանվել է ոչ ուղղակի՝ պահպանելով իմաստը:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացիր մեր էջին
iHerb WW

© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: