174      0

Պաշտպանեք
երեխային
«ինֆորմացիայի հեղեղից»

Ինչպե՞ս օգնել երեխային ձևավորել գրագետ և անվտանգ հարաբերություններ «համաշխարհային սարդոստայնում»: Ի՞նչ անել, եթե երեխան շատ է ժամանակ անցկացնում գաջեթներում։

Ժամանակակից երեխայի կյանքը բաժանված է իրական և վիրտուալ աշխարհների։ Իրականությունում ծնողներն են, դպրոցը, ընկերները, իսկ վիրտուալում՝ գայթակղիչ ինտերնետն ու խաղերի անսահման հնարավորությունները։

Ինչպե՞ս օգնել երեխային ձևավորել գրագետ և անվտանգ հարաբերություններ «համաշխարհային սարդոստայնում»: Ի՞նչ անել, եթե երեխան շատ է ժամանակ անցկացնում գաջեթներում։ Ինչպե՞ս պաշտպանել նրան «աղբից», որով լցված է համացանցը։

Այս հարցերին է պատասխանում Յուլիա Գիպպենրեյտերը՝ հոգեբանական գիտությունների դոկտոր, փորձարարական հոգեբանության մասնագետ, Լոմոնոսովի անվան համալսարանի հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսոր։

Հաճախ ծնողներն այն կարծիքին են. որ հնարավոր չէ երեխային պաշտպանել վիրտուալ աշխարհի  «տեղեկատվական հեղեղից»: Բայց դա այդպես չէ: Ծնողը կարող է վստահ լինել, որ պաշտպանելու միջոց կա։ Դա ընտանիքն ու այն միջավայրն է, որտեղ երեխան մեծանում է: Մինչև դպրոց գնալը նրա մոտ արդեն դրոշմվում են ընտանեկան արժեքները, կնոջ և տղամարդու վարքի մոդելները, ազնվությունը, աշխատասիրությունը, այլ անձի նկատմամբ հարգանքը:

Երեխան նախ և առաջ յուրացնում է այն, ինչը տեսնում և լսում է ծնողներից։ Այդ տարիքում նրանք երեխայի գլխավոր հեղինակություններն են։ Պետք չէ երեխային դասախոսություններ կամ խրատներ կարդալ։ Նա պարզապես ուշադիր հետևում և ընդունում է այն, ինչը գնհատում, սիրում, ճիշտ և կարևոր է համարում ծնողը։  Եվ հակառակը, ինքն էլ չի ընդունում այն, ինչը ծնողի մոտ առաջացնում է հակակրանք, մերժում։ Ծնողի հուզական «դրսևորումներն» ամենից շատն են ազդում երեխայի վրա։

Ծնողն իր վարքով, իրադարձությունների, մարդկանց, «մոդայիկի» նկատմամբ իր վերաբերմունքով կարող է պաշտպանել երեխային «ինֆորմացիայի հեղեղի» վնասակար ազդեցությունից` միևնույն ժամանակ նրան տալով կյանքի հուսալի հենարաններ և ուղենիշներ։ Պարզապես պետք է ծնողն ամենայն լրջությամբ վերաբերվի իր այս բացառիկ կարևոր գործառույթին՝ մեծացնել երեխային բարձր ու անվիճելի արժեքների մթնոլորտում։

Բայց  համակարգիչները միայն խաղեր չեն, այլ նաև ուսուցում, ինչն ունի երկակի բնույթ։ Մի կողմից այն խնդիրների արագ լուծում է, տեղեկատվության ստացում, մյուս կողմից՝ կենդանի, հուզական շփման փոխարինում։ Օրինակ՝ Անգլիայում դպրոցում երեխաներին թույլատրվում է համակարգչով զբաղվել օրական ընդամենը 40 րոպե։ Մնացած ժամանակը բացատրություններն ու քննարկումներն են։ Ուսուցչի հետ փոխազդեցությունը, մտածողության խթանմանը արձագանքելը, կատակը կամ նույնիսկ բարկանալը անհասանելի է համակարգչային տեխնոլոգիաներին

Օրինակ, հայտնի շվեյցարացի հոգեբան և փիլիսոփա Ժան Պիաժեն 3–4 տարեկան երեխաների հետ աշխատում էր այսպես․ երեխան հաշվում է փայտիկները՝ մեկ, երկու, երեք, չորս, հինգ։ Այնուհետև նույն հինգ փայտիկները դրվում են իրարից մեծ հեռավորությունների վրա և հարցին «փայտիկները շատացա՞ն, թե՞ քանակը նույնն է», երեխան պատասխանում է, որ «շատացել են»: Նույնիսկ եթե նա նորից է հաշվում և ստանւմ հինգ, դա երեխային չի շփոթեցնում, նա մնում է նույն կարծիքին:

Պիաժեն սա բացատրում է երեխայի մտածողության առանձնահատկությամբ: Թեև երեխան արդեն կարողանում են հաշվել, նրա մոտ դեռևս ձևավորված չէ թիվ հասկացությունը։ Դրա համար անհրաժեշտ են մեծահասակի հետ զրույցներ և առարկաների հետ գործողություններ։

Իսկ ինչպե՞ս ձևավորել թիվ հասկացությունը, երբ դու պարզապես նայում ես էկրանին, որտեղ ցատկոտող, վազվզող նապաստակներ ու մկներ են։ Շուտով սկսելու ենք հաշվել ինչպես հին աբորիգենները՝ «մեկ, երկու, երեք, շատ»։

Ի՞նչ անել, եթե 11-ամյա երեխան է չափից շատ ժամանակ անցկացնում համակարգչում և սոցիալական ցանցերում

Սա քաղաքակրթության գլոբալ հարցերից է։ Իսկ ի՞նչ անել այն փաստի հետ, որ հացն այլևս չեն թխում վառարանում, այլ գնում են խանութից։ Որ երեխաները գնում են խանութ, այլ ոչ թե աշխատում դաշտում։ Կյանքի ողջ կառուցվածքն ու հաղորդակցման միջոցները ենթարկվում են շատ ուժեղ վերափոխման։ Այս հարցին ուղիղ պատասխան չունեմ։

Ի՞նչ է սպասում ծնողն իր երեխայից։ Կյանքի ի՞նչ չափանիշներ է սահմանում նրա ներկայի և ապագայի համար։ Հավանաբար, ցանկանում է, որ շփվի կենդանի մարդկանց հետ, վարի ակտիվ սոցիալական կյանք։ Տեխնիկական առաջընթացի այսօրվա մատուցած վտանգը երեխայի ընկղմվելն է վիրտուալ, արհեստական կյանքի մեջ։

Ծնողը՝ հաշվի առնելով երեխայի ներկայի և ապագայի վերաբերյալ իր պատկերացումները, պետք է պարզապես ինքը սահմանի գաջեթների օգտագործման սահմանափակումները: Եվ  որքան շուտ՝ այնքան լավ։ Գիտենք, որ շոկոլադը համեղ է, բայց ոչ ոք երեխային միայն շոկոլադով չի կերակրի, որքան էլ վերջինս միայն դա ցանկանա։

Համակարգչային խաղերն ամբողջովին արհեստական կյանք են։ Սոցիալական ցանցերի միջոցով շփումը կարող է հուզականորեն գրավել, սակայն այն խիստ սահմանափակ է և զրկված այնպիսի կարևոր բաղադրիչներից, ինչպիսիք են անմիջական տեսողական կոնտակտը, ձայնի ինտոնացիանաները, ֆիզիկական շփումները, ժեստերը։ Այս բոլոր տարրերը ստեղծում են իրական շփման յուրահատուկ և անփոխարինելի դաշտ ու մթնոլորտ:

Աշխատեք համակարգիչն օգտագործել առավելագույնս կառուցողական, ծանոթացնել երեխային դրա բազմաթիվ կրթական հնարավորություններին։ Օրինակ, երեխային կարող է հետաքրքրել ինչ-որ բառերի թարգմանությունը կամ բացատրությունը, կրթական ֆիլմերի դիտումը, ուսուցողական ծրագրերը:

Ըստ հայտնի բժիշկ և մանկավարժ Մոնտեսորիի, ծնողի և ուսուցչի վրա դրված է կարևորագույն պարտականություն՝ հարստացնել միջավայրը։ Հարստացված միջավայրը խաղալիքներն են, գրքերը, հեքիաթները, և, ի վերջո, այնպիսի մարդիկ, որոնցից կարելի է շատ բան սովորել։

Երեխային համակարգչով հասանելի է տարբեր ռեսուրսների շատ մեծ ծավալ, բայց միաժամանակ անհրաժեշտ է մեծացնել նաև կենդանի մարդկանց հետ շփման և կյանքը «բնական» միջավայրում անցկացնելու ժամանակը։ Քաղաքակրթությունը մեզ տանում է մի ծայրահեղության, հետևաբար պետք է ուժեղացնել մյուսը։

Որո՞նք են օգտագործվող տեխնոլոգիաների առանձնահատկությունները: Նախ, խաղերի ժամանակ երեխան անմիջապես ստանում է հետադարձ կապ և չի սովորում, որ իր գործողությունների արձագանքը կարող է լինել ոչ անմիջապես: Երկրորդ, գաջեթներում «առարկաների» հետ ֆիզիկական փոխազդեցությունը սահմանափակ է և աղավաղված: Երրորդ, համակարգչային խաղերում էմոցիոնալ հարաբերությունները կրճատ ու սահմանափակ են:

Կարևոր է հասկանալ, թե իրական աշխարհի հատկություններից և բազմազանությունից որն է պակասում տեխնոլոգիաներում: Երբ երեխային սահմանափակում եք գաջեթներից, նրա ազատված ժամանակը պետք է լցնեք այն ակտիվությամբ, ինչը տեխնոլոգիաները նրան չեն տալիս:

Շարժուն պարապմունքները, առարկաների հետ ռեալ գործողությունները, էմոցիոնալ շփումը մայրիկի ու հայրիկի հետ, իրական հարաբերություններն ընկերների հետ ձևավորում են սեր իրական աշխարհի նկատմամբ:

Մրցակցեք գաջեթների հետ, գործով ապացուցեք երեխային, որ իրական շփումը վիրտուալից ավելի հետաքրքիր է:

Աղբյուրը. «О воспитании ребенка: беседы и ответы на вопросы» / Ю.Б. Гиппенрейтер

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացիր մեր էջին
iHerb WW

© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: