2496      0

Գազլայթինգ. պասիվ ագրեսիա և մանիպուլյացիա

Գազլայթինգը հոգեբանական բռնության և մանիպուլյացիայի ձև է, որի նպատակն է ստիպել մարդուն կասկածել տեղի ունեցող երևույթների և իրականության սեփական ընկալման օբյեկտիվությանը, մարդուն ներկայացնել որպես «ոչ նորմալ», «խելագար», որպեսզի նա կորցնի շրջապատող իրականության հետ կապը:

Գազլայթերը (ով կիրառում է գազլայթինգը) մեթոդաբար համոզում է զոհին, որ վերջինս սխալվում է իր և կյանքի վերաբերյալ ունեցած պատկերացումներում, մտքերում ու զգացմունքներում, որ դրանք իրական չեն և առաջացել են, օրինակ, հոգնածությունից, ոչ բավարար կոմպետենտությունից, թաքնված հոգեբանական խանգարումներից և շատ ու շատ այլ պատճառներից:

Այսինքն, այն, ինչը զոհի մոտ հարցեր կամ դժգոհություն է առաջացնում, անմիջապես «բացատրություն» է տրվում ագրեսորի կողմից: Աստիճանաբար զոհը սկսում է հաշտվել այն մտքի հետ, որ իր հետ ինչ-որ բան կարգին չէ, ընդունում է ագրեսորի իշխանությունը, որովհետև միայն նա է «ճիշտ հասկանում» տեղի ունեցածը:

Գազլայթինգ տերմինը սկսել են օգտագործել այն ժամանակից, երբ էկրան բարձրացավ «Գազի լույսը» («Gaslight», 1944 թ.) ֆիլմը: Ըստ սյուժեի, ամուսինը փորձում է կնոջը միտումնավոր հասցնել խելագարության: Ֆիլմի հերոսուհին վկա է դառնում տարօրինակ, կրկնվող երևույթների, իսկ ամուսինը՝ որի գործողություններով են տեղի ունենում այդ երևույթները, վստահեցնում է, որ այդ ամենը նրան թվում է, որով էլ նրան գրեթե հասցնում է փսիխոզի:

Հոգեբանությունն առանձնացնում է գազլայթինգի ամենատարբեր պատճառներ և հիմնավորումներ: Գլխավոր բառերն ու արտահայտություններն են. «դու այդպես ես մտածում, որովհետև դեպրեսիայի մեջ ես», «դու չափազանց սուր ես արձագանքում սովորական դիտողություններին» և նմանատիպ այլ խոսքեր:

Ավելի հաճախ գազլայթինգը կապված է նրա հետ, ինչը մարդը չի կարող փոխել: Օրինակ, երբ մարդուն անընդհատ հոգեբանորեն ճնշում են, պատճառաբանելով, որ նա այլևս այն տարիքում չէ, այն սեռի չէ, որ նա չունի այն սոցիալական կարգավիճակը կամ դիրքը ընտանիքում. «Դեռ բերանիդ կաթը չի չորացել…», «Չէ՞ որ դու կին ես, ինչպես չես ամաչում…», «Դու իմ պետը չես…», «Դու տան գլխավորը չես, որ ինձ ցուցում տաս…»: Նման օրինակներ կարելի է շատ բերել:

Գազլայթինգն առաջանում է այն մարդկանց հարաբերություններում, ովքեր բավականին շատ են միասին ժամանակ անցկացնում՝ ընտանիքում, աշխատանքում, ընկերների միջև: Հաճախ գազլայթինգի զույգեր են կազմում ծնողները և երեխաները, կինը և ամուսինը, ղեկավարը և ենթական:

Ակսինքն, գազլայթինգը երկար ժամանակահատվածում դրսևորվող վարքի ձև է: Շատ դժվար է մեկ անգամով մարդու անձն այնքան արժեզրկել, որ նա դառնա անինքնանվստահ, ինքն իրեն սկսի համարել անկարող և խղճալի: Բացի այդ, գազլայթերն, ըստ էության, «էմոցիոնալ վամպիր» է և մեծ բավականություն է ստանում զոհի ստորացմանը երկար ժամանակահատված հետևելուց:

Ի՞նչ անել, եթե գազլայթինգի զոհ ես: Այստեղ հոգեթերապևտները և սոցիոլոգները ամենատարբեր խորհուրդներն են տալիս: Սկսած «չարաշահողի հետ մտերմիկ խոսելուց» մինչև «նրա հետ դերերը փոխելը»: Բայց մի բան հաստատ է. ոչ մի դեպքում չկասկածել ինքն իրեն, չփորփրել հիշողությունը՝ փորձելով վերականգնել իրադարձությունը, չարդարանալ և իր մեջ պատճառներ չփնտրել:

Շատերն էլ ցանկանում են ագրեսորին տեղը դնել, վրեժխնդիր լինել, վերադաստիարակել: Սա միայն մեծ էներգիա է խլում, որն առանց այդ էլ խլել էր գազլայթերը:  Այդ պատճառով, կարևոր է առաջին հերթին միջոցներ ձեռք առնել, որպեսզի պահպանեք խելամիտ և ինքնուրույն դատելու ձեր ունակությունը, բարձր ինքնագնահատականը և արժանապատվությունը, առաջ գնալ՝ անկախ խոչընդոտներ ստեղծելու գազլայթերի մշտական փորձերից:

Խորհուրդ է տրվում առավելագույնս սահմանափակել շփումը գազլայթերի հետ, և աստիճանաբար ընդհանրապես դադարեցնել: Պետք է սովորել այնպես ապրել, որտեղ տեղ չլինի ցավին և նվաստացմանը: Պետք է քաջություն ունենալ և որքան հնարավոր է արագ բաժանվել նրանից, ով քո կյանքը վերածում է մղձավանջի:

Եթե, այնուամենայիվ, գազլայթինգի ազդեցությունը բերում է այնպիսի լուրջ հոգեբանական, հուզական խնդիրների, որոնք արդեն դժվար է միայնակ հաղթահարել, խորհուրդ է տրվում դիմել մասնագիտական օգնության՝ ստեղծված իրավիճակը ադեկվատ հասկանալու, անձնային ռեսուրսները, ուժերն ու կարողությունները ճիշտ օգտագործելու և խնդրային իրավիճակից դուրս գալու նպատակով:

Կարևոր է հիշել մի բան. գազլայթինգում թույլ օղակը ոչ թե զոհն է, այլ ագրեսորը: Հենց նա է տառապում մի շարք թերություններից, որոնք ցանկանում է պրոյեկտել զոհի վրա՝ դրանով ավելի լավ լույսի ներքո ներկայացնելով իրեն, փորձում է պահպանել սեփական արժանապատվությունը դիմացինին ստորացնելու միջոցով: Գազլայթինգն ամենաիսկական մանիպուլյացիա է:

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: