5020      0

Երեխայի
գլխացավերը

«Այսօր չեմ գնա դպրոց, գլուխս ցավում է», — երեխաների այս խոսքերը հաճախ են լսում ծնողներն ու ուսուցիչները: Եվ անմիջապես հարց է ծագում, հավատա՞լ, թե ոչ: Պիտի խոստովանենք, որ մեծերս հազվադեպ ենք հավատում նման պատճառաբանությունների ճշմարտացիությանը: Եվ որպես կանոն, դրան տալիս ենք «տրամաբանական բացատրություն»՝ շատ ես նստել համակարգչի առջև, դասերդ չես սովորել, մոռացել ես ճաշել և այն:

Երբեմն էլ խնդրի լուծումը տեսնում ենք երեխային որևէ ցավազրկող տալով: Եվ ցավն անցնում է: Ժամանակավորապես: Այնուհետև վերադառնում կրկնակի ուժեղ՝ ուղեկցվելով սրտխառնոցով, գլխապտույտով, երեխայի պասիվությամբ ու կամակորությամբ: Ամեն ինչ դառնում է ոչ այնքան պարզ, ինչպես թվում էր սկզբում:

Դա հիվանդություն է

Գոյություն ունի՞ արդյոք այդպիսի հիվանդություն՝ «մանկական գլխացավ»: Գոյություն ունի, բայց այն լինում է տարբեր, և դասակարգվում է տարբեր նշաններով: Օրինակ,

  • մշտական (երեխայի գլուխը գրեթե մշտապես ցավում է),
  • պարբերական
  • նոպայաձև:

Կարող են լինել թույլ ու ձգձգված, կամ ուժեղ և սուր՝ հարվածի նման:

Դրանց բոլորի ընդհանրությունն այն է, որ բացասական է անդրադառնում երեխայի հոգեկան ու հուզական աշխարհի վրա: Մեզանից շատեր լավ գիտեն, թե ինչ է լինում, երբ ցավից այնպես ես սպառվում, որ չես ցանկանում որևէ մեկին տեսնել ու լսել:

Երեխան պետք է զարգանա ներդաշնակ, կարողանա ճանաչել շրջապատող աշխարհը: Բայց եթե նա գլխացավերի պատճառով չշփվող, անտարբեր, տխուր ու չարացած է դառնում, ուրեմն հիվանդ է:

Ե՞րբ դիմել բժշկին

Ու՞մ դիմել բուժվելու համար՝ թերապևտին, հոգեբույժին թե՞ հոգեբանին: Իհարկե, առաջին հերթին պետք է պարզել, արդյո՞ք գլխացավերը կապված չեն գլխուղեղի օրգանական ախտահարումների հետ:

Այսպես կոչված, «ռիսկի խմբին» են պատկանում այն երեխաները, ովքեր ունեն գլխի՝ ծննդի կամ հետծննդյան վնասվածքներ: Ախտորոշման համար պետք է դիմել բժշկի և անցնել գլխուղեղի համապատասխան մասնագիտացված հետազոտություններ: Այն գլխացավերը, որոնք կապված են գլխուղեղի օրգանական հիվանդությունների հետ, ունեն, այսպես կոչված, կողմնակի ախտանիշներ:

Օրինակ, գիտակցության կորուստ, սրտխառնոց: Եթե երեխայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի օրգանական ախտահարում, պետք չէ հուսահատվել: ժամանակակից բժշկությունն այդպիսի հիվանդությունների բուժման բազմաթիվ մեթոդներ ունի: Կաևոր է, որ հիվանդությունը չմնա բացիթողի:

Պատճառը ֆրուստրացիան է

Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, երեխաների գլխացավերի մոտ 70%-ը գլխուղեղի օրգանական հիվանդությունների հետ կապ չունեն: Դրանց բնույթը հոգեբանական է, իսկ ավելի հաճախ՝ ֆրուստրացիայի հողի վրա առաջացող նևրոզ:

Ֆրուստրացիա առաջանում է այն ժամանակ, երբ ինչ-որ արգելքներ, խոչընդոտներ խանգարում են նպատակին հասնելուն կամ պահանջմունքը բավարարելուն: Այս դեպքում երեխայի գլխացավերը տրավմատիկ իրավիճակի նկատմամբ նրա չարտահայտած զգացմունքներն են՝ զայրույթը, չարությունը, վիրավորանքն ու խանդը:

Օրինակ, երեխան չի կարողանում ինքնուրույն հաղթահարել այն, ինչը նրան հուզում և անհանգստացնում է: Նա չի կարող իրեն թույլ տալ բացեիբաց մոր կամ հոր նկատմամբ արտահայտել իր բարկությունը, զայրանալ եղբոր կամ ուսուցչի վրա: Զգացմունքները ճնշվում են, կուտակվում և, վերջին հաշվով, ելք են գտնում գլխացավերի ձևով: Այսպես երեխան դանդաղ և մեթոդաբար իրեն քայքայում է ներսից:

Անդրադառնանք, որ բոլոր ուժեղ հույզերը մարդու օրգանիզմում որոշակի հորմոնալ պայթուն են առաջացնում (սրա հետ է կապված դեռահասային տարիքում անկայուն և փոփոխական տրամադրությունը): Դա կարող է օգտակար լինել վտանգի պահին, երբ տեղի է ունենում օրգանիզմի ուժերի մոբիլիզացիա: Բայց այլ է,երբ երեխան այդ իրավիճակում է մշտապես:

Ֆրուստրացիայի հողի վրա առաջացող գլխացավերը հաճախ ուղեկցվում են նաև ֆիզիոլոգիական հիվանդություններով. գաստրիտ, խոլեցիստիտ, հիպերտոնիա: Հենց դրանք էլ կարող են լրացուցիչ ազդանշան լինել, որ երեխայի մոտ նևրոզ կա:

Ծնողները և մանկավարժները պետք է հնարավորություն տան երեխային բնական ձևով արտահայտել իրենց զգացմունքները, խոսել այն մասին, ինչը նրան անհանգստացնում է կամ դուր չի գալիս: Եթե երեխայի գլուխը ցավում է, փորձեք հետաքրքրվել և պարզել, թե արդյոք ի՞նչն է նրան իրականում անհանգստացնում:

Եթե գլխացավերը դարձել են հաճախակի և երեխային անհանգստացնող, պետք է շտապ լուրջ միջոցներ ձեռնարկել: Ճիշտ կլինի գործել միաժամանակ երկու մակարդակներում՝ ֆիզիոլոգիական և հոգեբանական:

Ֆիզիոլոգիական ազդեցություն

Թուլացած նյարդային համակարգով երեխային անհրաժեշտ է բալանսավորված սնունդ և վիտամինային բուժում: Նևրոզը բացասական է անդրադառնում նաև աղիների միկրոֆլորայի ֆրա, այդ պատճառով երեխան պետք է բիֆիդոբակտերիաներ և լակտոբակտերիաներ պարունակող միջոցներ ընդունի (իհարկե, միայն բժշկի նշանակումով): Դա ամրացնում է օրգանիզմը, բարձրացնում տրամադրությունը:

Հնարավորինս պետք է հրաժարվել քաղցրից, որը երեխաները հաճախ մեծ քանակությամբ ուտում են սթրեսի հետևանքով:

Լավ հանգստացնող միջոց է ջուրը: Լավ կլինի, որ գլխացավեր ունեցող երեխան հաճախի լողավազան, ընդունի հանգստացնող և մերսող վաննաներ: Եթե երեխան շատ փոքր է, նրան հաճույք են պատճառում խաղերը ջրի մեջ:

Տարբեր հուզական խնդիրներ ունեցող երեխաների մոտ գլխացավերի պատճառով կարող են դիտվել մկանային սպազմներ և քնի խանգարում: Դրանից խուսափելուն, երեխայի բացասական տրամադրվածությունը, կամակորությունը, նյարդայնությունը վերացնելուն շատ է օգնում մերսումը (միայն բժշկի նշանակումով և գրագետ կատարվող):

Այն լավացնում է արյան շրջանառությունը, վերականգնում արյան հոսքը, որի արդյունքում թթվածինը սկսում է հասնել գլխուղեի բջիջներ: Գլխացավեր ունեցող բոլոր երեխաները պետք է հաճախ լինեն մաքւուր օդում, զբաղվեն ֆիզիկական վարժություններով:

Իհարկե, չպետք է մոռանալ նաև երեխայի հետ ջերմ, զգացմունքներ արտահայտող ֆիզիկական կոնտակտի դրական ազդեցությունը:

Հոգեբանական ազդեցություն

Երեխայի գլխացավերի համալիր բուժումը ենթադրում է գտնել այն իրական պատճառները, որոնք ընկած են դրանց հիմքում: Այդպիսի պատճառ է հոգեկան, հուզական դիսբալանսը: Համապատասխան հոգեբանական աշխատանքի օգնությամբ երեխան կարող է (և պետք է) սովորի վերլուծել իրեն հուզող իրավիճակները, հասկանա իր գլխացավերի իրական պատճառները, իր վրա վերցնի իր զգացմունքների պատասխանատվությունը, վերահսկի դրանք և չընկնի դրանց ազդեցության տակ:

Անկարողությունից զայրույթին և չարությանը տեղի չտալու համար, երեխան նաև որոշակի հնարքներ պետք է սովորի. եթե շփման ժամանակ բարկացել է, «դադար» վերցնի, պատասխան չարություն զգալիս, հարցնի դիմացինին, թե ինչը նրան դուր չի գալիս, նաև սովորի տարբեր ձևերով արտահայտել իր զայրույթը:

Բայց ամենակարևորը, որի կարիքը բոլոր դեպքերում ունի երեխան, ուշադրությունն է, հոգատաությունը և սերը: Հոգեթերապևտիկ բուժման ամենալավ միջոցը սեփական օրինակն է: Մենք՝ մեծերս պետք է հաճախ երեխային ցույց տանք, թե ինչպես է պետք արժանապատվորեն հաղթահարել դժվարությունները, իր իսկ մասին լավ կարծիք ունենալ, գործել սեփական համոզմունքներից ելնելով, գնահատել ինքն իրեն: Միայն այդպես կարելի է հոգեպես առողջ, լիարժեք մարդ դաստիարակել:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: