1965      0

Հոր դերը. 7 կարևոր
բացահայտում

Բոլորս էլ գիտենք, որ ընդունված է երեխայի կյանքում մայրիկի դերն ավելի կարևորել, քան հայրիկինը՝ վերջինիս ավելի շատ վերագրելով ընտանիքը նյութապես ապահովողի դերը: Իհարկե, դա նույնպես շատ կարևոր է, բայց երեխայի համար ամենևին չի փոխարինում հայրիկի հետ շփմանը: Իրականում հոր դերը որդու կամ դստեր կյանքում շատ ավելի կաևոր է, քան պատկերացնում ենք:

Ծանոթացեք հայրությունն ուսումնասիրող կենսաբանների, հոգեբանների, սոցիոլոգների և նեյրոֆիզիոլոգների կողմից արված 7 գիտական բացահայտումներին, որոնք հաստատում են դա: Դրանք վերաբերում են երեխայի զարգացման բոլոր էտապներին՝ բեղմնավորումից մինչև դեռահաս դառնալը: Այդ հետազոտությունների արդյունքները և հետևությունները ներկայացված են գիտական թեմաներով լրագրող Paul Raeburn-ի «Կարևո՞ր են արդյոք հայրերը» գրքում:

Paul Raeburn, ծնվ. 1950թ., Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ: Business Week-ի գիտական խմբագիրը: The Associated Press-ի գիտական խմբագիրը և գլխավոր գիտական թղթակիցը: «Կարևո՞ր են արդյոք հայրերը» («Do Fathers Matter?», 2014) գրքի հեղինակ:

Բեղմնավորում. պայքար ռեսուրսների համար: Հարվարդի համալսարանի կենսաբան Դեվիդ Հեյգի ուսումնասիրության համաձայն, էմբրիոնում մոր և հոր գեները տարբեր ֆունցիաներ են կատարում և իրենց տարբեր կերպ են պահում: Մայրական գեներն աշխատում են պաշտպանել մորը և սահմանափակել արգանդում՝ մոր օրգանիզմի հաշվին երեխային սննդարար նյութերով ապահովելը: Եվ հակառակը, հայրական գեները ստիպում են պտղին մոր օրգանիզմից՝ նույնիսկ ի վնաս մոր առողջության, ստանալ առավելագույն քանակի սննդարար նյութեր և էներգիա:

Սա բացատրվում է նրանով, որ մայրական գեների համար կարևոր է մոր առողջությունը, իսկ հայրական գեներն «ուզում են», որ երեխային հնարավորինս շատ օգտակար ռեսուրսներ բաժին հասնեն:

Հղիություն. ռիսկի նվազեցում: Մինչև վերջերս համարվում էր, որ հղիության ընթացքում հայրը որևէ կերպ չի կարող ազդել երեխայի առողջության և զարգացման վրա: Ֆլորիդայի համալսարանի գիտնականները հերքում են այդ պնդումը: Նրանց ուսումնասիրությունների համաձայն, այն երեխաները, որոնց հայրերն իրենց հղի կանանց կողքին են եղել և աջակցել են նրանց, շատ ավելի հազվադեպ են թերհաս կամ նորմայից ցածր քաշով ծնվել: Նաև 4 անգամ նվազել է կյանքի առաջին տարում մահանալու ռիսկը:

Իսկ այն ապագա մայրիկների մոտ, ում կողքին չի եղել երեխայի հայրը, մեծացել է այնպիսի բարդությունների ռիսկը, ինչպիսիք են անեմիան և հիպերտոնիան:

Ծննդաբերություն. տղամարդու ներկայությունը թեթևացնում է երկունքի ցավերը: Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, եթե տղամարդը ներկա է ծննդաբերությանը, կանայք ավելի քիչ են բողոքում ցավերից: Իսկ ծննդաբերությանը ներկա եղած տղամարդիկ խոսում են փոքրիկի հետ իրենց մեծ կապվածության մասին և շատ ավելի ակտիվորեն են մասնակցում նրա խնամքին: Ինչպես գրում է Raeburn-ը, հայրիկներին ծննդարան թույլ տալը «բերեց շատ դրական արդյունքներ, ինչպիսիք ոչ ոք չէր սպասում»:

Հետծննդյան դեպրեսիա. էմոցիոնալ կապը հոր հետ և երեխայի զարգացումը: Երեխայի կյանքում հոր և մոր ներկայությունը կյանքի առաջին ամիսներին հատկապես կարևոր է: Այն շատ բանով պայմանավորում է, թե ինչպես կզարգանա երեխան ֆիզիկապես, հուզականորեն և հոգեբանորեն: Օրինակ, այն երեխաները, ում հայրը տառապում է հետծննդյան դեպրեսիայով (ըստ Raeburn-ի տվյալների, յուրաքանչյուր 10-րդ երիտասարդ հայրը), 8 անգամ ավելի հաճախ են ունենում վարքային և  36 անգամ ավելի հաճախ հասակակիցների հետ շփման խնդիրներ:

1 – 3 տարեկան. հոր ներկայությունը նվազեցնում է երեխայի ագրեսիվությունը: Օքսֆորդի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են մեկ և ավելի տարեկան երեխաներին և եկել այն հետևության, որ այն երեխաները, ում բավարար ժամանակ չեն հատկացրել հայրերը, համեմատած այլ երեխաների, շատ ավելի հաճախ են ագրեսիվ վարք դրսևորում: Ընդ որում, անկախ այն բանից, թե որքան ժամանակ է նրանց հատկացրել մայրը:

Իսկ շվեդ գիտնականներն ի մի են բերել դաստիարակության հարցում հոր և մոր դերի վերաբերյալ 24  հետազոտությունների արդյունքները և եկել հետևության, որ եթե հայրերը մասնակցել են երեխայի խնամքին, խաղացել են նրանց հետ, տարբեր իրավիճակներում բավարար ժամանակ են միասին անցկացրել, նրանց որդիներն ու դուստրերը վաղ դեռահասային տարիքում ավելի հազվադեպ են վարքային խնդիրներ ունենում:

Վաղ մանկություն. ո՞վ է նոր բառեր սովորեցնում: Երեխայի խոսքի զարգացման հարցում հայրերն ավելի կարևոր դեր ունեն, կան մայրերը: Գիտնականները համեմատել են գյուղական ընտանիքում երեխայի խոսքի զարգացման հարցում ծնողների դերը: Այն երեխաները, որոնց համար հայրերը կանոնավոր գիրք են կարդացել, 3 տարեկանում բավականին զարգացած խոսք են ունեցել և ավելի հաճախ գործածել են բառեր հայրական, այլ ոչ թե մայրական բառապաշարից:

Ընդ որում, դա կախված չի եղել մոր կրթության մակարդակից և երեխաների հետ նրա բանավոր շփման առանձնահատկություններից: Գիտնականները սա բացատրում են նրանով, որ մայրերն ավելի շատ ժամանակ են անցկացնում երեխաների հետ, գիտեն նրանց բառապաշարը և աշխատում են երեխայի հետ խոսել նրա տարիքին, զարգացման մակարդակին և նրան հասկանալի լեզվով: Իսկ հայրերն այս հարցում ավելի քիչ են ծանոթ երեխայի հնարավորություններին և գործածում են ավելի «հասուն» բառապաշար:

Դեռահասային տարիք. հայրական հոտը: Էվոլյուցիոն կենսաբանները վաղուց են նկատել մի օրինաչափություն (որն, իմիջիայլոց, չեն կարողացել բացատրել). առանց տղամարդու դաստիարակության մեծացող աղջիկներն ավելի վաղ են սկսում սեռական կյանքը և ավելի հաճախ հղիանում դեռահասային տարիքում: Տեխասի համալսարանի հոգեբան Սառա Հիլը դա բացատրում է նրանով, որ հոր բացակայությունը ենթագիտակցական մակարդակում աղջկան ազդանշան է տալիս, որ «տղամարդիկ կնոջ կողքին երկար չեն մնում, պետք է արագ պարտնյոր գտնել ու ամեն ինչ հասցնել»:

Նման վաղ սեռական հասունացման և դեռահասային հղիության հակաթույն կարող է դառնալ հոր հոտը: Կենդանիների հետ անցկացրած փորձի արդյունքներով, հենց հայրական ֆերոմոնների ազդեցությունն է արգելակում դստեր սեռական հասունացումը:

Այս բոլորն իմանալը և հաշվի առնելն իհարկե կարևոր և անհրաժեշտ է: Բայց, ինչպես Raeburn-ը, այնպես էլ շատ հայրիկներ, ամենայն հավանականությամբ կասեն. «Որախ եմ իմանալ, որ իմ ներկայությունը օգնում է երեխաներին: Բայց ես նրանց հետ ժամանակ եմ անցկացնում ոչ դրա համար: Ես պարզապես սիրում եմ նրանց»:

Ըստ Paul Raeburn-ի «Կարևո՞ր են արդյոք հայրերը» («Do Fathers Matter?», 2014թ.) գրքի:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: