46      0

Ինչու՞ է խաղն
ավելի կարևոր,
քան դպրոց գնալը

Ամերիկացի հոգեբան, պրոֆեսոր Պիտեր Գրեյը տարիներ շարունակ ուսումնասիրել է երեխաների խաղը և ապացուցում է, որ այն ավելի կարևոր է, քան դպրոց գնալը:

Պիտեր Գրեկ (Peter Gray) -ԱՄՆ, հոգեբանության և նյարդաբանության հետազոտող պրոֆեսոր: Երեխաների բնական (ինքնակարգավորվող) կրթության և էվոլյուցիոն հոգեբանության հայտնի մասնագետ: Երկար տարիներ ուսումնասիրել է երեխայի ազատ խաղը և դրա ազդեցությունը նրա  հուզական ոլորտի, սոցիալական և ճանաչողական  ունակությունների զարգացման վրա։ Մի շարք գրքերի՝ այդ թվում շատ նշանավոր  «Free to Learn» գրքի հեղինակն է:

Ես մեծացել եմ 50-ականներին: Այն ժամանակ երեխաները ստանում էին երկու տեսակի կրթություն՝ դպրոցական և, ինչպես ես եմ անվանում, որսորդական-հավաքչական: Ամեն օր, դպրոցից հետո հարևան երեխաներով դուրս էինք գալիս փողոց խաղալու և, սովորաբար, վերադառնում մթին: Խաղում էինք բոլոր հանգստյան օրերին և ողջ ամառը: Հասցնում էինք ուսումնասիրել, ձանձրանալ, ինքնուրույն զբաղմունք գտնել, տարբեր պատմությունների մեջ ընկնել և դուրս պրծնել դրանցից, կարդալ ոչ միայն հանձնարարված, այլև մեր ուզած գրքերը:

Արդեն ավելի քան 50 տարի մեծերը քայլ առ քայլ զրկում են երեխաներին ազատ խաղալու հնարավորությունից: Ամերիկացի պատմաբան, պրոֆեսոր Հովարդ Չուդակոֆն (Chudacoff) իր՝ «Երեխաները խաղալիս. ամերիկյան պատմություն» գրքում 20-րդ դարի առաջին կեսն անվանել է մանկական խաղերի ոսկե դար: 1900-ականներին երեխայի աշխատանքի սուր պահանջարկն աստիճանաբար վերացավ և ավելացավ նրա ազատ ժամանակը:

Բայց 1960-ականներից սկսած մեծերն անցան այդ ժամանակը կրճատելուն՝ աստիճանաբար մեծացնելով երեխաների դպրոցական և այլ պարապմունքների քանակը՝ ավելի ու ավելի քիչ հնարավորություն տալով նրանց խաղալ ինքնուրույն:

Բակային խաղերի տեղն սկսեցին գրավել սպորտային պարապմունքները, հոբբիների փոխարեն՝ մեծերի վարած արտադպրոցական խմբակները:  Վախը ստիպում էր ծնողներին ավելի ու ավելի հազվադեպ երեխաներին միայնակ փողոց թողնել:

Մանկական խաղերի մայրամուտը համընկնում է մանկական հոգեկան խանգարումների թվի աճի հետ: Անցկացվել են ամերիկացի դպրոցականների տագնապային վիճակներն ու դեպրեսիան բացահայտող կանոնավոր կլինիկական հարցումներ:

Դրանց արդյունքներով տագնապային խանգարումով և դեպրեսիայով տառապող երեխաների քանակն այսօր 5-8 անգամ մեծ է, քան 1950-ականներին: Նույն ժամանակահատվածում 15-24 տարեկան երիտասարդների շրջանում ինքնասպանությունների տոկոսն ավելացել է ավելի քան երկու անգամ, իսկ 15 տարեկան երեխաների շրջանում՝ ավելի քան 4:

Ամերիկյան քոլեջներում 1970-ականների վերջերից կանոնավոր անցկացվող հարցարանները ցույց են տալիս, որ երիտասարդությունը դառնում է ավելի ու ավելի քիչ հակված էմպատիայի, և ավելի ու ավելի շատ՝ նարցիսիզմի:

Բոլոր կաթնասունների ձագերը խաղում են: Ինչու՞ են նրանք էներգիա ծախսում, ռիսկի դիմում կյանքով և առողջությամբ: Էվոլյուցիոն տեսության տեսանկյունից առաջին անգամ այդ հարցին փորձել է պատասխանել գերմանացի փիլիսոփա և բնախույզ Կարլ Գրոոսը: 1898 թվականին «Կենդանիների խաղը» գրքում նա այն ենթադրությունն է անում, որ խաղն առաջացել է բնական ընտրության արդյունքում՝ գոյատևելու և բազմանալու անհրաժեշտ հմտությաններ ձեռք բերելու համար:

Խաղը սոցիալական հմտություններ ձեռք բերելու լավագույն միջոցն է։ Պատճառը դրա կամավոր բնույթն է։ Մասնակիցները ցանկացած պահի կարող են դուրս գալ խաղից, եթե այն դուր չի գալիս։ Հետևաբար, յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է շարունակել խաղը, հաշվի է առնում ոչ միայն իր, այլև մյուսների ցանկություններն ու կարիքները: Սոցիալական խաղից բավականություն ստանալու համար պետք է լինել համառ, բայց ոչ չափից դուրս ավտորիտար: Կարելի է ասել, որ դա վերաբերում է նաև սոցիալական կյանքին ընդհանրապես:

Հետևեք խաղացող երեխաների խմբին: Նրանք մշտապես փոխզիջումներ են փնտրում,  համաձայնության գալիս, որոշում սցենարը, բաժանում դերերը: Կանոնները սահմանում են երեխաները, ոչ թե մարզիչներն ու խաղավարները: Խաղացողներն իրենք պետք է բաժանվեն թիմերի, որոշեն ինչն է արդարացի, ինչը ոչ, փոխգործեն հակառակորդ թիմի հետ: Բոլորի համար կարևոր է շարունակել խաղը և դրանից բավականություն ստանալ:

Կենդանիների խաղն ուսումնասիրող գիտնականները պնդում են, որ խաղի գլխավոր նպատակներից մեկը վտանգները հուզականորեն և ֆիզիկապես հաղահարել սովորելն է: Կենդանիների ձագերը նորից ու նորից իրենց դնում են չափավոր վտանգավոր իրավիճակներում, կռվում իրար հետ, հերթով հայտնվում խոցելի իրավիճակներում:

Ազատ խաղացող երեխաներն էլ նույնն են անում: Նրանք աստիճանաբար, քայլ առ քայլ մոտենում են այն ամենաուժեղ վախին, որին կարող են դիմանալ: Երեխան միայն ինքը կարող է անել դա, ոչ մի դեպքում չի կարելի ստիպել կամ հրահրել նրան:

Դաժան է ստիպել մարդուն ապրել այն վախը, որին նա պատրաստ չէ: Բայց հենց այդպես են վարվում, օրինակ, ֆիզկուլտուրայի ուսուցիչները, երբ պահանջում են, որ դասարանի բոլոր երեխաները պարանով մագլցեն մինչև առաստաղ կամ ցատկեն մարզական արգելքի  վրայով: Նման պայմաններում արդյունքը կարող է լինել խուճապը կամ ամոթի զգացումը, որոնք միայն նվազեցնում են վախը հաղթահարելու ունակությունը:

Խաղալիս հնարավոր է ունենալ նաև զայրույթի զգում։ Այն կարող է առաջանալ պատահական կամ դիտավորյալ հրումից, ծաղրելուց կամ սեփական ցանկությունը պնդելու անկարողությունից։ Սակայն այն երեխաները, որոնք ցանկանում են շարունակել խաղը, գիտեն, որ զայրույթը կարելի է վերահսկել և ճիշտ օգտագործել սեփական շահերը պաշտպանելու համար։

Դպրոցում մեծահասակները պատասխանատվություն են կրում երեխաների համար, նրանց փոխարեն որոշումներ կայացնում, լուծում նրանց խնդիրները։ Իսկ խաղի ընթացքում երեխաներն այդ ամենն անում են ինքնուրույն։ Երեխայի համար խաղը հասուն դառնալու փորձառություն է: Այդպես նա սովորում է կառավարել իր վարքը, պատասխանատվություն կրել իր համար:

Ժամանակակից երեխաներն իրար հետ խաղում են շատ ավելի քիչ, քան 60 տարի առաջ, և անհամեմատ քիչ, քան այն ժամանակները, երբ մարդիկ զբաղվում էին որսով և հավաքչությամբ: Կարծում եմ դրա արդյունքներն ակնհայտ են և այս ամենը դադարեցնելու ժամանակն է:

Պիտեր Գրեյ (Peter Gray) 

աղբյուրը. 

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացիր մեր էջին
iHerb WW

© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: