6775      0

Կարևոր
մթերքներ
կանանց համար

Նատուրոպատ Սելին Տուատին  կարծում է, որ յուրաքանչյուր կին, առնչվելով քաշի կտրուկ ավելացման, տրամադրության փոփոխականության, մեջքի ցավերի և խրոնիկ հոգնածության խնդիրների հետ, կարող է հաղթահարել դրանք սննդաբաժնին ավելացնելով  մի շարք կոնկրետ մթերքներ:

Սելին Տուատի (Céline Touati) – նատուրոպատ և առողջ սնվելու մասնագետ,                    http://www.naturopathe-courbevoie.com բլոգի հեղինակը:

Մագնիում նախամենստրուալ սինդրոմի դեմ

Դյուրաբորբոք լինելը, լալկանությունը, հոգնածությունը, մեջքի ցավերը սովորաբար ընդունված է միավորել մեկ ընդհանուր՝  ՆՄՍ հապավման մեջ (նախամենստրուալ սինդրոմ): ՆՄՍ-ի հիմնական պատճառը համարվում է մագնիումի պակասը ցիկլի երկրորդ փուլում: Ընդհանրապես, մագնիումի պակասն այսօր տարածված խնդիր է:

Դրա պատճառը ժամանակակից ռաֆինացված սննդի մեջ այդ քիմիական էլեմենտի պարունակության նվազելն է: Մագնիումի պակասն օրգանիզմում առաջացնում է անհանգստության, նյարդայնության, անքնության և հոգնածության վիճակ: Մարդիկ հաճախ գանգատվում են գլխացավերից, շուտ հոգնելուց, տագնապայնությունից, առանց կասկածելու, որ պարզապես իրենց օրգանիզմում մագնիումի պակաս կա:

Որտե՞ղ փնտրել: Մագնիում շատ կա լոբու, կակաոյի, մուգ շոկոլադի, արևածաղկի սերմերի, ընկուզեղենի (գետնընկույզ, նուշ, բրազիլական), քունջութի հալվայի, սոյայի ալյուրի, թեփահան ալյուրի հացի մեջ: Իմացեք, որ ջերմամշակման դեպքում կորչում է մագնիումի կեսը, իսկ սառեցնելիս 1/3-ը:

Օմեգա-3 ցավի և սպազմների դեմ

Օմեգա-3 –ը արդյունավետ միջոց է կրիտիկական օրերին արգանդի մկանների սպազմից առաջացող տհաճ զգացողությունների, բորբոքային պրոցեսների դեմ: Բացի այդ, Օմեգա-3-ը կարգավորում է հորմոնալ տատանումները և լավացնում տրամադրությունը:

Որտե՞ղ փնտրել: Պատահական չէ, որ Օմեգա-3 –ն անվանում են անփոխարինելի ճարպաթթու: Այն չի արտադրվում օրգանիզմում և կարելի է ստանալ միայն դրսից: Ամենաշատ  Օմեգա-3 պարունակում է ձկան յուղը: Այդ պատճառով, դիետոլոգները խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախ ուտել կարմրախայտ, թյունիկ, սարդինա, տափակաձուկ, ծովատառեխ և այլ յուղոտ ձկնատեսակներ, ինչպես նաև չիայի (իսպանական եղեսպակ) և կտավատի սերմեր:

Կալցիում օստեոպարոզի դեմ

Օստեոպարոզը (ոսկորների փխրունությունը) կանանց մոտ սովորաբար սկսում է զարգանալ 50 տարեկանից հետո: Բանն այն է, որ ոսկորների ամրությունը կախված է օրգանիզմում սեռական հորմոնների մակարդակից: Կլիմաքսի սկսվելուն զուգընթաց դրանց քանակն էապես նվազում է, ինչի արդյունքում ոսկորները դառնում են փխրուն:

Դրանք կարող է ավելի ամուր դարձնել կալցիումը: Երկար ժամանակ համարվում էր, որ կաթնամթերքներն այս էլեմենտի լավագույն աղբյուրն են: Բայց, որպեսզի դրանից ստանանք օրգանիզմին անհրաժեշտ օրական 1000-1500 մգ չափաբաժինը, պահանջվում է օրական ուտել 1 կգ կաթնաշոռ կամ խմել 1-1,5 լիտր կաթ: Ընդ որում, կաթնամթերքներից ստացած կալցիումը դժվար է յուրացվում օրգանիզմում դրանցում եղած կենդանական սպիտակուցների բարձր պարունակության պատճառով:

Որտե՞ղ փնտրել: Մեծ քանակությամբ կալցիում է պարունակվում ջրիմուռներում, օրինակ, սպիրուլինում (1100 մգ 100 գրամում): Կալցիումի աղբյուր են հանդիսանում նաև կակաչի սերմերը, նուշը, քունջութը, չորացրած թուզը և խուրման: Իհարկե, չի կարելի անտեսել նաև պանիրը, կաթնաշոռը և մյուս կաթնամթերքները:

Ընդեղենը և հատիկաբույսերը լավ տրամադրության համար

Այս մթերքները, հարուստ լինելով բջջանյութերով և դանդաղ ածխաջրերով, օգնում են երկար պահպանել կուշտ լինելու զգացողությունը և խուսափել արյան մեջ շաքարի խիստ նվազելուց, որը բերում է թուլության և աշխատունակության անկման: Բացի այդ, ընդեղենը և հատիկաբույսերը նպաստում են սերատոնինի, այսպես կոչված, երջանկության հորմոնի սինթեզին, ինչը նշանակում է պայքար վատ տրամադրության, նյարդայնության և ուժերի անկման դեմ:

Որտե՞ղ փնտրել: Ամենօրյա սննդաբաժնում ընդգրկեք ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ, բրինձ, թեփահան ալյուրի հաց:

Ավելի քիչ աղ

Աղը օրգանիզմում է պահում ջուրը, ինչը բերում է այտուցների, ոտքերի և որովայնի ծանրության զգացումի հատկապես կրիտիկական օրերին: Որպեսզի նվազեցնեք աղի օգտագործումը, ուտելիք պատրաստելիս դրա փոխարեն շատ այլ համեմունքներ և գինու քացախ օգտագործեք: Սննունդը կստացվի համեղ և բուրումնալից, իսկ աղի պակասը գրեթե չի զգացվի:

Աշխատեք հազվադեպ ուտել երշիկեղեն, ապուխտեղեն, աղ դրած ձուկ, սոյայի սոուս: Եթե ուտելիք պատրաստելիս օգտագործում եք պահածոյացված բանջարեղեն, անպայման այն լվացեք հոսող ջրով:

Աղբյուրը՝ http://www.naturopathe-courbevoie.com բլոգը

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: