915      0

Կարպմանի
եռանկյունին
(Հետապնդող)

Ամերիկացի հոգեթերապևտ Լինն Ֆորեստի (Lynne Forrest)՝ «Զոհի երեք դեմքը» հոդվածը Կարպմանի եռանկյունու մասին

Շարունակություն: Նախորդը, Կարպմանի եռանկյունի (Փրկիչ)

Հետապնդողի (հալածողի) դերը բնորոշ է նրանց, ովքեր մանուկ հասակում ենթարկվել են հոգեկան   և/կամ ֆիզիկական բռնության: Ներքուստ նրանք հաճախ տանջվում են ամոթից, ունեն զայրույթի զգացում, և այս երկու զգացումները կառավարում են նրանց կյանքը:

Նրանք կարող են ընդօրինակել մանուկ հասակում իրենց նեղացնողին՝ նախընտրելով նման լինել նրանց, ովքեր ուժ և իշխանություն ունեն: Հետապնդողը կարծես ասում է. «Աշխարհը դաժան է, և միայն անսիրտները կարող են գոյատևել: Ես էլ նրանցից մեկը կլինեմ»: Այսպիսով, այն ինչ Փրկիչն է՝ մոր ստվերն է, ինչ Հալածող՝ հորը:

Հետապնդողը անօգնականության և ամոթի զգացումը հաղթահարում է ուրիշների վրա հարձակվելով: Փոխհարաբերություններում ամենից հաճախ դրսևորվող ոճը դառնում է իշխելը: Իսկ դա նշանակում է, որ նա պետք է միշտ իրավացի լինի: Նրա մեթոդներն են՝ վախեցնելը, խրատներ տալը, սպառնալը, մեղադրելը, խրատ կարդալը, հարցաքննելը և ուղիղ հարձակումները:

Փրկչին պետք է մեկը, ում փոխարեն ինքը կարող է որոշումներ կայացնել: Իսկ Հետապնդողին պետք է մեկը, ով մեղավոր կլինի: Հետապնդողները ժխտում են իրենց խոցելիությունն այնպես, ինչպես Փրկիչները ժխտում են իրենց պահանջմունքները: Ամենից շատ նրանք վախենում են անօգնական լինելուց: Նրանց զոհ է պետք, որպեսզի նրա վրա պրոյեկտեն իրենց անօգնականությունը:

Որպես կանոն, հետապնդողները փորձում են ներքին անպետքության զգացումն ու ամոթը կոմպենսացնել արտահայտված բացասական պահելաձևով: Սա խորը անլիարժեքության կոմպենսացիա և քողարկում է:

Հետապնդողի համար ամենադժվարը ուրիշին ցավ պատճառելու համար իր վրա պատասխանատվություն վերցնելն է: Նրանց կարծիքով, մյուսներն արժանի են նրան, ինչ ստանում են:

Իոսիֆը նշանավոր, հարուստ ընտանիքից էր: Նրա ծնողները բաժանվեցին, և հայրը՝ բարկացած ու օտարացած, իր փողերն օգտագործում էր, որպեսզի վերահսկի ուրիշներին: Նրա մայրը հարբեցող էր, և տուն էր բերում տղամարդկանց, ովքերը չարաշահում էին նրան և Իոսիֆին՝ վերջինիս ողջ նախադեռահասային և դեռահասային տարիքում: Նա շատ վաղ տարիքում իմացավ, որ գոյատևելու իր միակ հնարավորությունը պայքարելն է: Եվ իր կյանքն այնպես կառուցեց, որպեսզի այնտեղ միշտ լինի թշնամի, որի հետ ստպված էր պայքարել:

Արտաքինից Իոսիֆը այնպիսի տեսք ուներ, կարծես հայտարարում էր «թքած ունեմ»: Բայց ներքուստ նրա համար դառն էր ու տհաճ: Նա մշտապես ներքաշված էր դատական պրոցեսներում և նույնիսկ կռիվներում: Այդ բոլոր իրադարձությունների իմաստն այն էր, որ միշտ ինչ-որ մեկը, ուրիշը մեղավոր է: Նա չէր կարողանում  հակադրվել իր այն զգացումին, որ դա արդարացված փոխհատուցում է:

Իոսիֆը դասական Հետապնդողի (հալածողի) օրինակ է, ով վատ մարդ չէ, այլ պարզապես վիրավորված մեկը, ով աշխարհը տեսնում է որպես վտանգավոր տեղ: Դա պահանջում է պատասխան հարված հասցնելուն մշտապես պատրաստ լինել:

Հետապնդողներն իրենց այդպիսին չեն համարում և իրենց որպես Զոհ են ընկալում: Նրանց մոտ պատկերը մոտավորապես հետևյալն է.  «Ես ուղղակի փորձում էի օգնել (Փրկիչ), իսկ նրանք հարձակվեցի ինձ վրա (Զոհ), այնպես որ ես ստիպված էի պաշտպանվել (Հետապնդող)»:

Եթե Հետապնդողն ազնիվ լինի ինքնիր հետ, ստիպված պետք է լինի ընդունել, որ վտանգավոր է ուրիշների համար, որի արդյունքը իրեն մեղավոր զգալն է: Որպեսզի դա թույլ չտա, նրան միշտ պետք է ինչ–որ մեկը, որպեսզի նրան մեղադրի ամեն ինչում: Զայրույթը Հետապնդողին ապրելու էներգիա է տալիս այնպես, ինչպես ուրիշներին առավոտյան սուրճը:

Ինչպես և մյուս դերերի դեպքում, Հետապնդողն իր այս դերից դուրս գալու համար պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա: Որքան էլ տարօրինակ թվա, բայց եռանկյունուց դուրս գալը ամենից հեշտ ստացվում է հենց Հետապնդողի դերից:

Բնօրինակ

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: