1151      0

Կարպմանի
եռանկյունին
(Փրկիչ)

Ամերիկացի հոգեթերապևտ Լինն Ֆորեստի (Lynne Forrest)՝ «Զոհի երեք դեմքը» հոդվածը Կարպմանի եռանկյունու մասին

Շարունակություն: Սկիզբը. Կարպմանի եռանկյունին (զոհի երեք դեմքը)

Փրկչի դերում մոր հանդես գալը կարող է վտանգավոր լինել: Աջակցության և դաստիարակության դերն ադեկվատ ձևով արտահայտելու փոխարեն, Փրկիչը, որպես կանոն, փորձում է դիմացինի մեջ «խեղդել» նախաձեռնողականությունը՝ մանիպուլյացիաների և կառավարելու նպատակով: Եվ այդ բոլորն, իհարկե, «դիմացինի իսկ բարօրության համար»: Փրկչի խնդիրը սխալ պատկերացում ունենալն է, թե հատկապես ինչ է պետք դիմացինին խրախուսելու, աջակցելու և պաշտպանելու համար:

Փրկիչը, որպես կանոն, փնտրում է կախվածություն ունեցող մարդկանց, նրանց նկատմամբ իրեն դրսևորում է որպես բարյացկամ, հոգատար մարդ, նա՝ ով կարող է «ուղղել» կախվածության մեջ գտնվողին: Փրկչին անհրաժեշտ է զգալ, որ իրեն գնահատում են: Իսկ ինքն իրեն կարևոր զգալու ավելի լավ միջոց չկա, քան Փրկչի դերը:

Փրկիչները, որպես կանոն, մեծանում են այն ընտանիքներում, որտեղ նրանց պահանջմունքներն ու կարիքները հաշվի չեն առնում: Հոգեբանական փաստ է, որ ինքներս մեզ վերաբերվում ենք այնպես, ինչպես մեզ վերաբերվել են մեր մանկությունում:

Քան որ սկսնակ Փրկիչը մեծանում է այն միջավայրում, որտեղ նրա կարիքները հաճախ հաշվի չեն առնվում, որպես կանոն, նա ինքն էլ իրեն վերաբերվում է նույնքան անփույթ, որքան նրան վերաբերվել են երեխա ժամանակ: Նրան թույլատրված չէ հոգ տանել իր և իր պահանջմունքների մասին, այդ պատճառով նա հոգ են տանում ուրիշների մասին:

Այս ամենի հիմքում ընկած է հետևյալ համոզմունքը. «Եթե ես բավականաչափ հոգ տանեմ ուրիշների մասին, ապա, վաղ թե ուշ, նրանք էլ հոգ կտանեն իմ մասին»: Բայց այդպես հազվադեպ է պատահում: Երբ մենք օգնում ենք կարիքավորին, մենք հակառակը չենք կարող սպասել, որովհետև կարիքավորը նույնիսկ իր մասին չի կարող հոգ տանել: Այդ ժամանակ Փրկիչը վերածվում է Զոհի, իսկ ավելի ճիշտ, նահատակի:

Դավաճանության, օգտագործված լինելու և հուսահատության զգացումները բնորոշ են Զոհ — Փրկչին: Տանջված Փրկչի սովորական արտահայտություններն են. «Այն ամենից հետո, ինչ արել եմ քո համար, ահա քո շնորհակալությունը…», «Ինչքան էլ անեմ, միևնույն է, երբեք բավական չի լինում…», կամ «Եթե ինձ սիրեիր, ինձ այդպես չէիր վերաբերվի…»:

Փրկչի ամենամեծ վախն ի վերջո միայնակ մնալն է: Նրանք կարծում են, որ իրենք ավելի են արժևորվում, երբ ավելի շատ բան են անում ուրիշների համար: Նրանք անգիտակցաբար խրախուսում են կախվածությունը, որովհետև հավատում են. «Եթե ես ձեզ պետք եմ, դուք ինձ չեք լքի»:

Նրանք փորձում են անփոխարինելի դառնալ, որպեսզի խուսափեն միայնությունից: Որքան շատ են փրկում նրանք, այնքան քիչ են պատասխանատվություն վերցնում նրանք, ում մասին նրանք հոգ են տանում: Որքան քիչ են պատասխանատվություն վերցնում նրանց խնամարկյալները, այնքան ավելի շատ են նրանք փրկում նրանց: Սա չվերջացող սպիրալ է, որը կարող է աղտով ավարտվել:

Երկու դեռահաս որդիների մայրը լավ է նկարագրել դա.  «Ես մտածում էի, որ, որպես լավ մայր, պետք է համոզված լինեմ, որ իմ որդիները ճիշտ են վարվել: Այդ պատճառով, ես ինձ պատասխանատու էի համարում նրանց կատարած ընտրության համար, նրանց ասում էի ինչ անել և փորձում էի վերահսկել նրանց վարքը» :

Այդ դեպքում ինչու զարմանալ, որ նրա որդիներն իրենց սեփական սխալ որոշումների հետևանքների համար մեղադրում են իրենց շուրջը բոլորին: Նրանք սովորել են մտածել, որ իրենց վարքը մոր պատասխանատվությունն է, այլ ոչ թե իրենց: Նրանց վերահսկելու մոր անվերջ և անարդյունք փորձերը նրանց միջև եղած մշտական պայքարի պատճառն է: Մայրն ակամա սովորեցրել է որդիներին իրենց համարել Զոհ, ում անհաջողությունների պատճառը միշտ ուրիշներն են: Մեծ հավանականությամբ, նրանք հետագայում կդառնան Հետապնդող:

Այդպիսի մայրը համոզված է, որ իր որդիները ի վիճակի չեն ճիշտ որոշում կայացնել: Նա մի շարք ապացույցներ ունի, որոնք ամրապնդում են իր դիրքորոշումը և արդարացնում որդիների ընտրությունը վերահսկելու իր «պարտականությունը»: Բայց երբ նրանք դեռահաս դառնան, մոր համար դժվար կլինի մնալ նույն՝ Փրկչի դերում:

Այդ դեպքում մայրն անխուսափելիորեն իրեն զգալու է անօգնական և անհաջողակ, այսինքն Զոհ: Նա կամ կզիջի որդիներին, կամ չենթարկվելու համար «կհալածի» նրանց: Այսպես թե այնպես, մայրը և որդիներն իրեց վատ են զգալու: Որդիների մեղքի և զղջման զգացումը մորը կարող են դրդել նորից մտնել նախկին՝ Փրկչի դերի մեջ, որպեսզի ամեն ինչ նորից սկսի:

Ես արդեն գրել եմ Սալլիի մասին, ով մեծացել էր մորն անօգնական և անպաշտպան տեսնելով: Դեռևս վաղ տարիքից նա մեծ պատասխանատվություն էր զգում: Տարիների ընթացում նա հազիվ էր զսպում մոր հանդեպ զայրույթը, որ վերջինս այդպես թույլ է եղել: Որպես Փրկիչ նա անելու է ամեն բան, որպեսզի օգնի մորը՝ նորից ու նորից իրեն պարտված զգալով, քանի որ մայրը չէր փորձում որևէ բան փոխել:

Անխուսափելիորեն վիրավորանքն իր գործը կանի, և Սալլին, տեղափոխվելով Հետապնդողի դեր, կսկսի ատելությամբ վերաբերվել մորը: Դա կդառնա շփման նրա հիմանական մոդելը ոչ միայն մոր հետ, այլև այլ հարաբերություններում: Այն ժամանակ, երբ մենք հանդիպեցինք, նա հուզականորեն, ֆիզիկապես և հոգեպես ուժասպառ էր՝ կյանքն անցկացնելով մեկը մյուսի հետևից խնամելով հիվանդ և կախվածության մեջ գտնվող մարդկանց:

Կողքին Զոհ ունենալն անհրաժեշտ է, որպեզի Փրկիչը կարողանա պահպանել պատրանքն այն մասին, որ ինքն ինչ-որ մեկին պետք է: Սա նշանակում է, որ Փրկչի կյանքում միշտ գոյություն կունենա առնվազն մեկը, ով կլինի հիվանդ, թույլ, հիմար, և, հետևաբար, նրանից կախված: Եթե Զոհը սկսի պատասխանատվություն վերցնել իր վրա, Փրկիչը ստիպված կլինի կամ նոր Զոհ գտնել, կամ նախկինին վերադարձնել իր սովորական դերի մեջ:

Եթե դուք Փրկչի դերում եք, դա չի նշանակում, որ չեք կարող սիրող, մեծահոգի և բարի լինել: Հստակ տարբերություն կա իսկապես օգտակար լինելու և Փրկչի միջև:

Իսկական օգնականը գործում է առանց փոխադարձության հույսի: Նա գործում է այնպես, որ դրդի դիմացինին իր վրա պատասխանատվություն վերցնել, այլ ոչ թե խրախուսում է կախվածությունը: Նա այն կարծիքին է, որ ամեն մարդ սխալվելու իրավունք ունի և երբեմն էլ սովորում է վատ հետևանքների միջոցով: Նա հավատում է, որ դիմացինն այնքան ուժ ունի, որ կարող է առանց Փրկչի ապրել:

Փրկիչներն իրենց սեփական պահանջմունքերի համար չեն պայքարում: Նրանք դա անում են ուրիշների համար՝ փորձելով հաստատել կամ զգալ, որ իրենք պետքական են, կամ ապահովել դիմացինի կախվածությունը իրենցից: Այդ պատճառով, վերջին հաշվով, Զոհի դերը նրանց համար անխուսափելի է:

Շարունակություն. Հետապնդող (hալածող)

Բնօրինակ

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: