2168      0

Կարպմանի
եռանկյունին
(զոհի երեք դեմքը)

Ամերիկացի հոգեթերապևտ Լինն Ֆորեստի (Lynne Forrest)՝ «Զոհի երեք դեմքը» հոդվածը Կարպմանի եռանկյունու մասին:

Կարպմանի եռանկյունին (անգլ. Karpman drama triangle, այլ կեպ անվանում են «ճակատագրի եռանկյունի») մարդկանց միջև փոխհարաբերությունների հոգեբանական և սոցիալական մոդել է, որն առաջին անգամ նկարագրել է Սթիվեն Կարպմանը (Stephen Karpman) 1968 թվականին իր՝ «Fairy Tales and Script Drama Analysis» հոդվածում:

Մոդելը նկարագրում է երեք հոգեբանական դերեր, որոնք մարդիկ հաճախ ընդունում են տարբեր իրավիճակներում. Զոհ (victim), Հետապնդող (ով ճնշում, պարտադրում ու հետապնդում է Զոհին, persecutor), Փրկիչ (իր կարծիքով, միջամտում է իրավիճակը կամ Զոհին փրկելու համար, rescuer).

Գիտենք այդ մասին, թե ոչ, բայց գրեթե բոլորս մեզ պահում ենք Զոհի պես: Ամեն անգամ, երբ հրաժարվում ենք պատասխանատվություն վերցնել մեր վրա, մենք անգիտակցաբար ընտրում ենք Զոհի դերը: Դա անխուսափելիորեն մեր մեջ ծնում է զայրույթի, մեղքի կամ անլիարժեքության զգացում, մենք զգում ենք, որ մեզ դավաճանել կամ օգտագործել են:

Զոհի հոգեբանության մեջ կարող են ընդգծված լինել երեք դերեր, որոնք առաջին անգամ սխեմատիկ պատկերել է հոգեբույժ և տրանսակտ անալիզի մետր Սթիվեն Կարպմանը: Նա այդ նկարն անվանել է դրամատիկ եռանկյունի: Երբ երեսուն տարի առաջ ինձ համար բացահայտեցի այդ սխեման, այն դարձավ իմ անձնական և մասնագիտական կյանքի ամենակարևոր գործիքներից մեկը: Որքան ավելի շատ եմ ուսումնասիրում, թե ինչպես կիրառել Կարպմանի եռանկյունին, այնքան ավելի եմ արժևորում մարդկային փոխհարաբերությունների կառուցվածքը հասկանալու այս պարզ ու ճշգրիտ գործիքը:

Վստահ եմ, որ յուրաքանչյուր դիսֆունկցիոնալ փոխազդեցություն ինքներս մեր կամ ուրիշների հետ, տեղի է ունենում եռանկյան Զոհի դերից: Բայց քանի դեռ մենք չենք գիտակցում այդ դինամիկան, մենք չենք կարող որևէ բան փոխել:

Կարպմանի դրամատիկ եռանկյունում երեք դեր կա՝ Զոհ, Հետապնդող և Փրկիչ: Կարպմանը դրանք նկարագրել է որպես զոհի երեք ասպեկտներ կամ դեմքեր: Կարևոր չէ, թե ինչ դեր ենք մենք խաղում եռանկյունում տվյալ պահին, վերջին հաշվով միշտ վերածվում ենք Զոհի: Եթե եռանկյան մեջ ենք, ուրեմն ապրում ենք ինչպես Զոհ:

Ամեն մեկս ունենք մեր հիմնական կամ մեզ առավել ծանոթ դերը, որով սովորաբար մտնում ու «տեղավորվում» ենք եռանկյունում: Այդ դերը վերցնում ենք մեր ծնողական ընտանիքում: Չնայած սկսում ենք դերերից մեկից, բայց հայտնվելով դրամատիկ եռանկյունու մեջ, օրը բազմաթիվ անգամ՝ երբեմն հաշված րոպեների կամ նույնիսկ վայրկյանների ընթացքում, անցնում ենք բոլոր երեք դերերով:

Փրկիչներն իրենց տեսնում են որպես «օգնականներ» և «դաստիարակներ»: Իրենց կարևոր և պետքական զգալու համար նրանք պետք է փրկեն ինչ-որ մեկին: Նրանց համար դժվար է զոհ լինել, քանի որ նրանք սովոր են լինել նա, ով ունի ցանկացած հարցի պատասխանը:

Հետապնդողները հաճախ իրենց համարում են իրավիճակի զոհ: Նրանք հրաժարվում են ընդունել, որ իրենց տակտիկան մեղադրելն է: Երբ նրանց ասում են այդ մասին, նրանք պնդում են, որ հարձակվելը արդարացված է և անհրաժեշտ ինքնապաշտպանության համար: Փրկչի և Հետապնդողի դերերը Զոհի երկու հակադիր դերերն են: Բայց, անկախ այն բանից, թե եռանկյունում որտեղից ենք սկսում գործել, վերջին հաշվով անպայման ընկնում ենք Զոհի դերի մեջ: Դա անխուսափելի է:

Հետապնդողը և Փրկիչը կարծում են, որ իրենք Զոհից ավելի լավն են, ուժեղ և խելացի: Զոհը միշտ իրեն նվաստացած է զգում և վաղ թե ուշ, վերածվելով Հետապնդողի, սկսում է վրեժխնդիր լինել: Հետապնդողը կամ Փրկիչն այդ պահին վերածվում է Զոհի:

Օրինակ, հայրն աշխատանքից տուն վերադառնալով տեսնում է, որ մայր ու տղա վիճում են. «Հավաքիր սենյակդ, թե չէ …», — սպառնում է մայրը: Հայրն անմիջապես օգնության է հասնում. «Թող երեխան հանգստանա: Ամբողջ օրը դպրոցում է եղել»:

Դրանից հետո իրավիճակը կարող է զարգանալ մի քանի տարբերակով: Մայրը կարող է սկզբում իրեն Զոհ զգալ, այնուհետև դառնալ Հետապնդող և իր զայրույթն ուղղել ամուսնու վրա: Այդպես հայրը Փրկչից դառնում է Զոհ: Նրանք կարող են մի քանի արագ անցում կատարել եռանկյունով՝  որդուն թողնելով դրանից դուրս:

Կամ, որդին զգալով, որ հայրը հարձակվում է մոր վրա, սկսում է փրկել մորը. «Քո գործը չէ, հայրիկ: Ես քո պաշտպանության կարիքը չունեմ»: Տարբերակները շատ են, բայց դա միշտ  տեղափոխություն է Կարպմանի եռանկյան գագաթներով: Շատ ընտանիքների համար դա փոխահարաբերությունների միակ իրենց ծանոթ ձևն է:

Այն դերը, որի միջոցով մենք ամենից հաճախ ենք մտնում եռանկյունի, դառնում է մեր ինքնության կարևոր մասը: Յուրաքանչյուր դեր աշխարհին նայելու և արձագանքելու սեփական յուրահատուկ ձևն է:

Սալլի մայրը թմրամոլ էր: Նույնիսկ իր ամենավաղ հիշողություններում Սալլին մոր համար պատասխանատվություն էր կրում: Ծնողներից օգնություն ստանալու փոխարեն, նա դարձել էր փոքրիկ ծնող իր մոր համար, ով անօգնական երեխայի դեր էր խաղում: Երեխա հասակից Սալլին յուրացրել էր Փրկչի դերը, որը դարձել էր նրա՝ այլ մարդկանց հետ փոխհարաբերությունների հիմնական ձևը:

Փրկիչը չգիտակցված համոզմունք ունի, որ իր պահանջմունքները կարևոր չեն, որ իրեն գնահատում են միայն այն բանի համար, ինչ նա կարող է անել ուրիշների համար: Իսկ այս գաղափարը պահանջում է, որ կյանքում միշտ լինի մեկը, ում նա կարող է փրկել:

Սալլին երբեք չի ընդունում իր Զոհ լինելը, որովհետև իր պատկերացումներում ինքը միակն է, ով ունի բոլոր հարցերի պատասխանները: Այնուամենայնիվ, նա պարբերաբար դառնում է նահատակ՝ բարձրաձայն դժգոհելով. «Այն ամենից հետո, ինչ արել եմ քեզ համար…, ահա շնորհակալությունը»:

Հետապնդողները չեն համարում, որ իրենք օգնության կարիք ունեցող Զոհ են: Իրենց վրեժխնդիր վարքը նրանք հեշտությամբ արդարացնում են նրանով, որ դիմացինը ստացել է այն, ինչին արժանի է: Նրանց հիմնական համոզմունքն է, «աշխարհը վտանգավոր է, դրա համար ես պետք հարվածեմ առաջինը՝ նախքան նրանք ինձ ցավ կպատճառեն»:

Բոբը բժիշկ է, ով հաճախ է նեղացնում ուրիշներին: Անհարմարությունների, հիասթափության կամ ցավի դեմ պայքարի նրա հիմնական միջոցը հարձակումն է: Օրինակ, նա պատմում է գոլֆի դաշտում իր և հիվանդի միջև տեղի ունեցածը: «Լին, կարո՞ղ եք հավատալ, որ հիվանդը հանդգնեց խնդրել ինձ բուժել իր ծունկը հենց այնտեղ, գոլֆի դաշտում, իմ միակ հանգստյան օրը»:

Ես պատասխանեցի. «Այո, որոշ մարդիկ ուղղակի չեն հարգում ուրիշների սահմանները: Դուք ինչպե՞ս արձագանքեցիք դրան»:

«Բուժման համար ես նրան իմ աշխատասենյակ կանչեցի: Ամեն ինչ կարգին է, — քմծիծաղ տվեց նա, ես նրան այնպես ցավոտ սրսկեցի, որ նա երբեք դա չի մոռանա»: Այլ խոսքերով, Բոբը փրկեց անքաղաքավաի հիվանդին, բայց այնպես, որ «պատժի» նրան հանդգնության համար: Բոբը դա համարում է ռացիոնալ և նույնիսկ արդարացված: Հիվանդը ոտնձգություն էր արել նրա ազատ ժամանակի նկատմամբ, դրանով արժանացել կոպիտ վերաբերմունքի և ստացել այն:

Սա Հետապնդողի դատողության վառ օրինակ է: Որպես տվյալ իրավիճակից դուրս գալու միջոց, Բոբի մտքով չէր անցել սահմաններ դնել և ուղղակի «ոչ» ասել հիվանդի խնդրանքին: Հոգու խորքում նա համարում էր, որ իր հետ անարդարացի են վարվել, այդ պատճառով ինքն իրավունք ուներ բավարարություն ստանալ:

Նրանք, ովքեր Զոհի դերից են սկսում ճամփորդել եռանկյունով , կարծում են, որ չեն կարող իրենք իրենց մասին հոգ տանել: Նրանք Փրկչին նայում են ներքևից վեր և ասում. «Դու միակն ես, ով կարող է ինձ օգնել»: Իսկ սա այն է, ինչ ցանկանում է լսել Փրկիչը:

Զոհի կայուն դերի ձևավորման վրա, որպես կանոն, ազդում են մանկության դիրքորոշումները: Օրինակ, ծնողը ժամանակին իր երեխաներին չի ուղղորդել, որպեսզի նրանք իրենց տարիքին համապատասխան պատասխանատվություն վերցնեն իրենց վրա: Դառնալով հասուն, նրանք իրենց մասին հոգ տանելու հարցում կարող են լինել ոչ ադեկվատ, վիրավորվել մեծերից, երբ նրանցից օգնություն չեն ստանում:

Տարբերակներ շատ կան, յուրաքանչյուր դեպք պետք է անհատական դիտարկել: Մենք եռանկյունով շարժվում ենք ոչ միայն ուրիշների հետ ունեցած փոխհարաբերություններում, մենք խաղում ենք այդ դերեը մեր իսկ սեփական գլխում: Օրինակ, կարող ենք ինքներս մեր վրա հարձակվել ավարտին չհասցրած գործի համար: Մենք բարկանում ենք մեր վրա ծուլության, թերությունների համար՝ զգալով աճող զայրույթն ու սեփական ոչնչության զգացումը: Երբ այլևս ի վիճակի չենք դիմանալ դրան, դիմում ենք «փախուստի» (երեկույթի, խմիչքի, կամ այլ ձևերով): Դա նման է ինքն իրեն փրկելուն և կարող է տևել մի քանի րոպեից մինչև օրեր:

Դրանից հետո մենք ամոթի զգացում ենք ունենում, այդ պատճառով Կարպմանի եռանկյունին ես անվանում եմ ամոթի գեներատոր: Այդ եռանկյան միջոցով մենք կարող ենք նորից ու նորից արթնացնել հին վերքերի կամ խնդիրների հետ կապված ամոթը:

Մենք չենք կարող դուրս գալ եռանկյունուց, քանի դեռ չենք ընդունել, որ գտնվում ենք այնտեղ: Հենց որ մենք գիտակցված ենք մոտենում խնդրին, սկսում ենք հետևել ուրիշների հետ ունեցած մեր փոխհարաբերություններին՝ հասկանալու համար, թե ի՞նչ ձևով ենք սկսում գործել եռանկյունում, ի՞նչն է մեզ համար որպես խայծ, սկզբնական դրդիչ հանդիսանում:

Ամեն դեր ունի իր սեփական լեզուն, համոզմունքները և վարքը: Դրանք իմանալն օգտակար է և կօգնի հասկանալ, թե երբ ենք մտնում եռանկյունի, երբ ենք տարվում մեզ նետած խայծով և սկսում դերի մեջ մտնել: Եկեք յուրաքանչյուր դերն ավելի մանրամասն ուսումնասիրենք:

Շարունակությունը. Փրկիչ

Բնօրինակ

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: