2189      0

Մի´ արգելեք երեխայի կպչուն վարքային սովորությունը

Երեխան կրծում է եղունգներն ու շրթունքները, պոկում մազերը, նյարդային շարժումներով ինչ-որ բան է պտտում ձեռքում, սկսել է կմկմալ կամ կակազել, տարօրինակ հազում է, թարթում աչքերը…

Երեխայի այսպիսի կրկնվող, «անհարմար» գործողությունները, կամ, այլ կերպ ասած, կպչուն վարքային սովորությունները զայրացնում և անհանգստացնում են ծնողներին: Ի՞նչ պետք է անեն նրանք, եթե երեխայի վարքում նման դրսևորումներ են նկատել:

Առաջին հերթին, երբեք չպետք է փորձեն արգելել այն, ինչն արգելել չի կարելի: Որքան էլ դժվար լինի ծնողի համար, պետք է հիշի, որ վարքի այսպիսի նևրոտիկ դրսևորումները պատասխան ռեակցիա են սթրեսին, և երեխայի կողմից դրևորվում են միանգամայն չգիտակցված: Ընդ որում, շատ հնարավոր է, որ այդ սթրես առաջացնող իրավիճակները ծնողները միանգամից չնկատեն:

Երեխայի կպչուն վարքային սովորությունների պատճառով ծնողները սկսում են անհանգստանալ, տագնապել և, շատ հաճախ, իրենց արձագանքով և դիտողություններով փորձում են դրանք ուղղակի արգելել: Նման իրավիճակներում շատ կարևոր է, որ ծնողները պահպանեն մի շարք կանոններ, որպեսզի չստանան հակառակ արդյունքը՝ չսրեն և չամրապնդեն վարքի այդ անցանկալի դրսևորումները:

1. Երեխայի ոչ մի տեսակի վարք չի կարելի արգելել ու «անջատել» միանգամից: Առավել ևս, չի կարելի արգելել կպչուն, ավտոմատ կրկնվող գործողությունները: Երեխան չի կարող դրանք պարզապես դադարեցնել, իսկ շրջապատող նշանակալի մեծերի մշտապես կրկնվող պահանջները երեխայի մոտ ամրապնդում են այն զգացումը, որ մայրիկն ու հայրիկը չեն սիրում իրեն, որովհետև ինքն «այն չէ», ինչ նրանք են ուզում:

2. Որպես ծնող, ձեր ապրումները միանգամայն հասկանալի են, բայց աշխատեք երեխային ցույց չտալ դրանք: Եթե երեխան տեսնում է ձեր վախը, տարակուսանքն ու հիասթափությունը, հաստատ նրա վիճակը դրանից դեպի լավը չի փոխվի:

3. Երեխայի նևրոտիկ վարքին մի արձագանքեք ուղղակի, հենց նրա «ճակատին»: Մի պահանջեք երեխայից, որ անմիջապես դադարեցնի: Երեխայի կպչուն վարքի նկատմամբ ցանկացած նման դրսևորում կարող է միայն սրել վիճակը:

Մի շատ կարևոր պահ ևս: Հաճախ ծնողների կարծիքով կպչուն վարքային սովորությունը երեխային դարձնում է պակաս գեղեցիկ ու ներդաշնակ, նրանց թվում է, որ իրենց երեխան դարձել է ոչ այնքան «կատարյալ»:

Արդյունքում, որպեսզի ազատվեն այդ ապրումներից ու զգացումներից, ծնողները սկսում են «ճակատ-ճակատի»  պայքարել երեխայի կպչուն վարքի դեմ: Իսկ դրա արդյունքը լինում է այն, որ ծնողները երեխայի նևրոտիկ դրսևորումը կարծես «քշում» են մի տեղից մյուսը՝ կպչուն վարքի մի ձևը փոխարինելով մյուսով:

Օրինակ, ծնողին դուր չի գալիս, որ երեխան կրծում է եղունգները: Նա սկսում է ուղղակի արգելելով պայքարել երեխայի այդ սովորության դեմ: Բայց շատ հնարավոր է, որ նևրոտիկ վարքի պատճառ հանդիսացող սթրեսի գործոնը նախկինի պես դեռ առկա է:

Այս դեպքում երեխայի կպչուն վարքային սովորությունը չի անցնում, այլ պարզապես տեղափոխվում է և, որպես կանոն, շատ ավելի անհարմար տեղեր: Եթե երեխան նախկինում կրծում էր եղունգները, հիմա արդեն կարող է պոկել մազերը, գլխի ինչ-որ շարժումներ անել, զննել սեռական օրգանները:

Ինչպե՞ս ճիշտ արձագանքեն ծնողները: Առաջին հերթին պետք է ուշադիր ետևեն, որպեսզի պարզեն, թե ո՞ր պահերին և ի՞նչ պայմաններում է դրսևորվում երեխայի նևրոտիկ վարքը: Սա շատ կարևոր ինֆորմացիա է սթրեսի պատճառը հասկանալու և դրա հետ աշխատանք տանելու համար:

Իսկ պատճառները կարող են շատ տարբեր լինել. հաջորդ երեխայի ծնունդը, մայրիկի աշխատանքի վերադառնալը, ծնողների բաժանվելը, ծնողների մեծ վեճը, մտերիմ, հարազատ մարդու հիվանդությունը, նույնիսկ ֆիլմից ուժեղ տպավորվելը և այլն:

Մենք՝ մեծերս հաճախ կարողանում ենք սթրեսային իրավիճակները հաղթահարելու ինչ-որ ձևեր գտնել. այս կամ այն ձևով արտահայտում ենք մեր ապրումները, ունենք լիցքաթափվելու մեր միջոցները: Բայց երեխան չունի հոգեբանական պաշտպանության անհրաժեշտ հմտություններ, ինչի հետևանքով սթրեսային իրավիճակին արձագանքում է երեխայի մարմինը՝ նևրոտիկ նշաններով:

Դրանք երեխայի մոտ նկատելիս ծնողը պետք է առանց խուճապի մատնվելու ճիշտ և արագ արձագանքի, չպետք է կենտրոնանա երեխայի կպչուն վարքի վրա և փորձի արգելել այն, պետք է հետևի երեխային՝ պարզելու համար սթրեսի աղբյուրը և, վերջապես, պետք է դիմի համապատասխան մասնագետի օգնությանը, որպեսզի ճիշտ օգնություն ցուցաբերի երեխային:


Կարդացեք նաև.   Նյարդային երեխաներ. նևրոպաթիայի 10 դրսևորում


Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: