2584      0

Տագնապային խանգարում.
ինչպե՞ս օգնել մտերիմին

Նրանք, ովքեր չգիտեն ինչ է տագնապային խանգարումը, դժվար պատկերացնեն, թե դրանց նոպաներն ինչպես են կաթվածահար անում մարդուն: Ի՞նչ է պետք իմանալ, որպեսզի նման պահերին ճիշտ օգնենք մեր մտերիմին: Այդ մասին, իհարկե, ամենից լավ կպատմեն հենց իրենք՝ տագնապային խանգարումով տառապող մարդիկ:

Եվ այսպես, ի՞նչ են ապրում տագնապային խանգարում ունեցող մարդիկ նոպայի պահին, ինչպիսի՞ օգնություն ու աջակցություն են սպասում մտերիմներից:

Լավագույնը, որ կարող եք անել, մինչև վերջ լսելն է

Ոչ ոք ձեզնից որևէ պատասխան չի սպասում: Դուք չեք կարող «բուժել» մեզ, եթե նույնիսկ շատ եք ուզում: Պարզապես լսեք մինչև վերջ: Հասկացրեք, որ մեր կողքին եք և պատրաստ օգնության: Չափից դուրս կպչուն մի եղեք, եթե տեսնում եք, որ դա մեզ համար տհաճ է: Բայց  նաև բաց մի թողեք այն պահը, երբ մեզ համար կարևոր է, որ ինչ-որ մեկը գրկի մեզ:

Ձեր աջակցությունը մեզ համար ամեն ինչ է

Ես հանդիպում եմ մեկի հետ, բայց գիտեմ, որ ինձ սիրելը հեշտ չէ:  Ես հաճախ ազդում եմ նրա նյարդերի վրա, և նա չի կարողանում հասկանալ, թե ինչու եմ ինձ այդպես պահում: Բայց, երբ ես խորասուզված եմ անվերջ տարակուսանքների և տագնապային մտորումների մեջ, ինձ համար կարևոր է իմանալ, որ նա ընդունում է մեր տարբերությունները և շարունակում է սիրել ինձ նույնիսկ այն պահերին, երբ ինքս եմ դժվարանում ինձ սիրել:

Մեզ մի ասեք «ուղղակի հանգստացի»

Դա չի օգնում, այլ ընդամենը նյարդայնացնում է: Մենք սովորաբար 100%-ով գիտենք, որ մեր տագնապը ռացիոնալ չէ: Հանգստանալու ձեր առաջարկը չի օգնի կախարդական ձևով անցկացնել այն:

Ծանր օրերին մի վիրավորվեք մեր վարքից

Հիշեք, որ մեր տագնապը կապված չէ ձեզ հետ, եթե նույնիսկ ձեզ թվում է, թե դուք այն հրահրեցիք: Պարզապես մենք սարսափելի գերլարվածություն ենք զգում: Տագնապի պատճառը մասամբ կապված է մեր ուղեղի աշխատանքի հետ, և այս պահին դրա հետ ոչինչ անել չենք կարող: Բայց կան նաև արտաքին գործոններ, որնց վրա կարելի է ազդել: Օգնեք մեզ շեղվել, դա կօգնի թեթևացնել մեր վիճակը:

Հիշեք, որ տագնապները տարբեր են լինում

Ծանր դեպրեսիայով և տագնապայնությամբ տառապող մարդկանց սիմպտոմները տարբեր կերպ են դրսևորվում: Այն, ինչ օգնում է մեկին, պարտադիր չէ, որ օգնի նաև մյուսին: Ծանր պահերին մեկը կարիք ունի ֆիզիկական կոնտակտի ու աջակցության: Իսկ մյուսն ուզում է, որ իրեն հանգիստ թողնեն: Եթե հասկանաք, թե դժվար պահերին ինչ է մեզ պետք, դա շատ կօգնի մեզ:

Մենք շատ շնորհակալ ենք ձեր համբերության համար

Համբերատարությունը մարդու կարևոր արժանիքներից է: Դուք միշտ չէ, որ հասկանում եք մեր տագնապները, բայց, միևնույն է, սեր և հոգատարություն եք ցուցաբերում: Իսկ դա գլխավորն է:


Կարդացեք նաև.      6 քայլ արդյունավետ անհանգստանալու համար


Որպեսզի մեզ ավելի լավ հասկանաք, կարդացեք տագնապային խանգարումների մասին

Ավելի շատ իմացեք այն խնդրի մասին, որով մենք տառապում ենք: Դա կօգնի ձեզ հասկանալ մեր ապրումները, իմանալ, որ դրանք մեզ համար ֆիզիկական հիվանդությունից  պակաս իրական չեն:

Դուք չեք կարող «շտկել» խնդիրը, և դա նորմալ է

Մեր մտերիմները պետք է իմանան, որ տագնապի նոպայի հետ պարտադիր չէ ինչ-որ բան «անել»: Երբեմն մեզ մի քանի րոպե է պետք, որպեսզի հաղթահարենք դա:

Մեր ապրումներին լուրջ վերաբերվեք

Կարևոր է, որ մեր մտերիմները լուրջ վերաբերվեն մեր իրավիճակին, եթե նույնիսկ բժիշկներն ասում են, որ մեր կյանքին դա չի սպառնում: Մեզ համար դա շատ կարևոր է: Տագնապը երբեմն կաթվածահար է անում, և կարևոր է, որպեսզի լինի ինչ-որ մեկը, ով կհասկանա մեզ և արհամարհանքով չի ասի, որ դա «անհեթեթություն է»:

Հիշեցրեք մեզ, որ հոգ տանենք մեր մասին

Քաջալերեք մեր զբաղվելը ցանկացած առողջարար պրակտիկայով, օրինակ, յոգայով, պարով կամ զբոսանքով: Դուք կարող եք միանալ մեզ կամ պարզապես օգնել, որպեսզի դրանով զբաղվելու ժամանակ ունենանք:

Բացատրեք, որ պրոֆեսիոնալ օգնության դիմելն ամոթ չէ

Առաջարկեք համապատասխան օգնության դիմել: Տագնապային խանգարումները բուժելը կյանքն ավելի հանգիստ կդարձնի, իսկ երբեմն էլ նույնիսկ կարող է կյանք փրկել: Դա դրական ազդեցություն կունենա նաև մեր հարաբերությունների վրա:

Ծանր օրերին մեր կողքին եղեք

Եթե մեր կողքին մեզ լավ հասկացող մարդ կա, նա գիտի, որ երբեմն մեզ պետք է «թաքնվել պահարանում և որոշ ժամանակ նստել այնտեղ»: Եթե տագնապը մեզ շատ ուժեղ է տանջում, մենք չենք կարող ստիպել մեզ դուրս գալ այդ «անվտանգ թաքստոցից»: Հասկացեք դա և պարզապես մեր կողքին եղեք:

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: