5127      8

Թաքնված
դեպրեսիայի 12 նշան

Երբ խոսք է գնում դեպրեսիվ վիճակի մասին, պատկերացնում ենք մռայլ, անտարբեր, նեգատիվ դատողություններով, անկումնային տրամադրությամբ, ցածր ինքնագնահատականով, կյանքի վերաբերյալ տխուր հայացքներով մեկին:

Բայց գոյություն ունի նաև, այսպես կոչված, թաքնված կամ քողարկված դեպրեսիա: Այդ վիճակում գտնվողն իր ապրումները թաքցնում է շատ խորը և հաճախ նույնիսկ ինքն էլ չի գիտակցում իր իրական խնդիրը:

Թաքնված դեպրեսիայի ախտանիշները: Գործողություններ և սովորություններ, որոնց հակված են այս խնդիրն ունեցող մարդիկ:

1. Խնդիրը շրջապատի համար աննկատ է

Չնայած շատ խորը ապրումներին, թաքնված դեպրեսիա ունեցողները կարող են թողնել միանգամայն հանգիստ, որևէ լուրջ խնդիր չունեցող, նույնիսկ ուրախ մարդու տպավորություն: Նրանք թաքցնում են իրենց հոգեկան ապրումները, որպեսզի որևէ մեկին նեղություն չպատճառեն: Հաճախ դրանք չափազանց բարձր պատասխանատվության զգացում ունեցող մարդիկ են և սովոր են ամեն ինչ վերահսկել: Առավել ևս՝ իրենց վիճակը:

2. Անսպասելի էմոցիոնալ պոռթկումներ

Առանց պատճառի հաճախ լաց են լինում կամ դիմացինի հետ կոպիտ վարվում: Էմոցիաների բուռն դրևորումից հետո հանգստանում են և իրենց պահվածքը բացատրում, օրինակ, հոգնածությամբ կամ աշխատանքային խնդիրներով:

3. Շատ վատ կամ լավ ախորժակ

Քողարկված դեպրեսիայով մարդիկ հաճախ չափից շատ կամ քիչ են ուտում: Նրանք հաճախ են հակված լինում ուտելուց հրաժարվելուն (անորեքսիա) կամ մեծ քանակությամբ ուտելուն (բուլեմիա): Փորձում են իրենց ապրումները կոմպենսացնել գաստրոնոմիական էքսպերիմենտների հաշվին:

4. Քնի խանգարում

Հաճախ արագ քնում են՝ հույս ունենալով թաքնվել իրենց ապրումներից: Բայց նրանց քունն անհանգիստ է և, ինչպես քնում, այնպես էլ արթնանում են շատ արագ: Կարող են նաև երկար, օրը մոտ 15 ժամ քնել՝ մշտապես գտնվելով քնկոտ և թույլ վիճակում:


Նյարդային խանգարման 7 նշան:


5. Մշտապես դեղեր են ընդունում

Դեպրեսիայի բուժման ժամանակ հաճախ նշանակվում են հակադեպրեսանտներ, անցկացվում հոգեթերապևտիկ սեանսներ: Բայց խորը դեպրեսիա ունեցողները միշտ չէ, որ դիմում են մասնագետի օգնությանը: Հաճախ իրենք են իրենց համար բուժում հորինում, չնայած նրան, որ կարող են դրանով վնասել իրենց:

6. Տրամադրության փոփոխություն

Տրամադրությունը (հաճախ նաև վարքը) փոփոխվում է ալկոհոլ, քաղցրավենիք, կոֆեին և նման այլ մթերքներ օգտագործելուց հետո: Ալկոհոլից կարող են ընկնել են ծանր մտորումների մեջ, իսկ շոկոլադից կարող է բարձրանալ տրամադրությունը:

7. Կպչուն վիճակների սինդրոմ

Այս մարդկանց մոտ հաճախ են նկատվում կպչուն վարքի դրսևորումներ. օրինակ, ինչ-որ բան են հաշվում (ասենք, փողոցում որոշակի գույնի հագուստով մարդկանց), ունքի, շրթունքի, գլխի ջղային ցնցումներ են ունենում, որևէ առարկայով ռիթմիկ թակում են…

8. Ծայրահեղ խոցելի են հարազատների հետ հարաբերություններում

Թաքնված դեպրեսիայով մարդկանց համար հարազատների և ընկերների հետ շփվելը յուրատեսակ փրկարար օղակ է: Բայց նրանց թվում է, որ եթե պատմեն իրենց խնդիրների մասին, իրենցից երես կթեքեն: Այդ պատճառով, սիրելի մարդկանց կորցնելու վախից նրանք թաքցնում են իրենց ապրումները:

9. Մշտապես իմաստ են փնտրում

Կյանքի նպատակի, աշխարհում իրենց տեղի և դերի վերաբերյալ հոգնատանջ անող մտքերը միշտ նրանց հետ են: Սովորաբար, առօրյա բանով ուրախանալը նրանց համար բավարար չէ, նրանք մշտապես անավարտության զգացում են ունենում:

10. Հոգեմարմնական հիվանդություններ

Այս մարդիկ հակված են հոգեծին ցավերի: Օրինակ, գլխացավեր են ունենում, բայց բժշկի մոտ հետազոտվելուց որևէ խնդիր չի հայտնաբերվում: Նրանք իրենց ճնշված վիճակի պատճառները փնտրում են առողջության հետ կապված խնդիրներում: Այլ խոսքով, հիվանդություններ են հորինում, որպեսզի չզբաղվեն սեփական խնդիրները փորփրելով:

11. Հորինված պատրվակներ

Շրջապատից խնամքով թաքցնում են իրենց ապրումները: Օրինակ, անտրամադիր լինելու պատճառով չեն ցանկանում ճաշել, բայց  դա բացատրում են նրանով, որ արդեն կերել են: Չցանկանալով որևէ մեկին ծանրաբեռնել իրենց տխուր մտքերով և խնդիրներով, նրանք հորինում են հարմար պատրվակներ: Մարդկանց մեջ հաճախ ներկայանում են լավ տրամադրությամբ, որպեսզի խուսափեն ավելորդ հարցերից:

12. Երբեմն էլ աջակցություն են փնտրում

Որոշ դեպքերում քողարկված դեպրեսիայով մարդը կարող է մտերիմին ակնարկներ անել իր հոգեվիճակի վերաբերյալ: Այս դեպքում կարևոր է հոգեկան ցավը կիսողի նկատմամբ ուշադիր լինել:

Ի՞նչ անել, եթե մտերիմ մարդու մոտ թաքնված դեպրեսիա է:

Եթե ձեր մտերիմների մեջ կա մեկը, ում մոտ դրսևորվում են վերը ներկայացված նշաններից թեկուզ մի քանիսը, ուրեմն պետք է դրան հատուկ ուշադրություն դարձնել: Իհարկե, ճիշտը համապատասխան մասնագետի օգնության դիմելն է: Բայց, խնդիրն այն է, որ թաքնված դեպրեսիայի դեպքում, անկախ ունեցած ապրումներից, մարդը միշտ չէ, որ պատրաստ է ինքն իրեն խոստովանել, որ հատուկ օգնության կարիք ունի:

Սակայն դա չի նշանակում, որ իրավիճակն անելանելի է: Հուսալի մեկը, մտերմիկ զրույցը, բարի խոսքն ու աջակցությունը նույնպես իրենց նշանակությունն ունեն: Իսկ եթե դրան էլ ավելացնենք ժամանակին ցուցաբերված մասնագիտական օգնությունը, կարող ենք օգնել մարդուն դուրս գալ այդ վիճակից:


Տագնապային խանգարում: Ինչպես օգնել մտերիմին:


  Метки:
Обсуждение: 8 коммент.
  1. Շուշանասում է՝

    ՈՒՆԵՄ ՆՅԱՐԴԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ,ԻՆՁ ԹՎՈՒՄ Է ՄՈՏՍ ԴԵՊՐԵՍԻՈՆ ՇՐՋԱՆ Է.

    Պատասխանել
    1. iverhասում է՝

      Բարև Ձեզ, հարգելի Շուշան: Փաստն ե՞ք նշում, թե՞ հարց եք տալիս: Եթե աջակցության կարիք ունեք, կարող եք դիմել:
      Հարգանքով՝ Հասմիկ:

      Պատասխանել
  2. Hripsimeասում է՝

    Isk es inchpes karox em haskanal im xmdirn inchum e. Vorovhetev tvyal nyuti hamarya bolor axtanshannern uneyi

    Պատասխանել
    1. iverhասում է՝

      Հարգելի Հռիփսիմե, Ձեր հարցի պատասխանն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:

      Պատասխանել
  3. Шушанասում է՝

    Բարև Ձեզ։Իմ սկեսրայրի մոտ տրամադրության կտրուկ անկումներ,զայրույթի պոռթկում չնչին հարցերում,հարազատների հետ չշփվել,նույնիսկ թոռնիկների,մահվան մասին խոսել շատ է հաճախացել։Ասեք ,խնդրում եմ,դեպրեսիայի նման երևույ՞թ է դա և եթե այո,ապա ինչպե՞ս կսնխարգելել կամ ինչ մասնագետի դիմել։Շնորհակալություն։

    Պատասխանել
    1. iverhասում է՝

      Հարգելի Շուշան, Ձեր հարցի պատասխանն ուղարկել եմ նշված էլ. հասցեին:

      Պատասխանել
  4. Lenaասում է՝

    նկարագրվածներից հիմնականում ոչինչ չի համապատասխանում, բայց կա ախորժակի, հետևաբար նաև քաշի կորուստ, քիչ արտահայտված ձեռքերի բռունցքում, երկար քուն։ Հնարավո՞ր է, որ դա ևս դեպրեսիա է։

    Պատասխանել
    1. iverhասում է՝

      Բարև Ձեզ: Պատասխանն ուղարկել եմ Ձեր էլեկտրոնային հասցեին:

      Պատասխանել

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: