Շատերն են իրենց կամ շրջապատող մարդկանց վատ տրամադրությունը, մռայլ բնավորությունը, տխրությունը վերագրում դեպրեսիային: Հոգեթերապևտ Սինտիա Լյուբոուն օգնում է հասկանալ, թե որն է դեպրեսիայի և բացասական էմոցիաների տարբերությունը:
Սինտիա Լյուբոու (Cynthia W. Lubow)- հոգեթերապևտ, դեպրեսիայի բուժման մասնագետ, «Վերջ տալ տխրությանը. դեպրեսիայի դեմ պայքարի գաղտնիքները հոգեթերապևտի կողմից» («Ending the Blues: A Psychotherapists’s Secrets to Living Depression-Free», 2010) գրքի հեղինակը:
Միշտ չէ, որ տխրելը կամ վշտանալը վատ է: Շատ իրավիճակներում դա բնական է: Մոտ մարդուն կորցնելը, կյանքի անհաջողությունները, աշխարհում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների հետ կապված ապրումները…
Տխրությունը կարող է լինել և´ լուսավոր, և´ դառը-քաղցր, և´ նույնիսկ ոգևորող: Իսկ այ դեպրեսիայի դեպքում չկա այդ լուսավոր պսակը, այն կաթվածահար է անում ստեղծագործական սկիզբը, իսկ վատագույն դեպքում կարող է բերել հաշմանդամության կամ ինքնասպանության:
«Դեպրեսիա» ախտորոշվում է մի քանի սիմպտոմների առկայության դեպքում (բայց պարտադիր չէ, որ բոլորը միանգամից դրսևորվեն).
1. Որևէ բանի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը, հաճույքի զգացողության կորուստը (անգեդոնիա).
2. Չափից շատ ուտելը կամ ուտելուց հրաժարվելը:
3. Անքնությունը կամ մշտական քնկոտությունը:
4. Անհանգստությունը կամ դանդաղեցված ռեակցիաները:
5. Գերհոգնելիությունը, ուժերի անկումը:
6. Սեփական անօգտակարության և չափազանց մեծ մեղքի զգացումը:
7. Ուշադրությունը կենտրոնացնելու հետ կապված խնդիրները, որոշումներ կայացնելու անկարողությունը:
8. Ինքնասպանության մտքերը և փորձերը:
9. Նախկին հետաքրքրությունների նկատմամաբ անտարբերությունը:
10. Վատատեսությունը, հուսահատության, դատարկության զգացումը:
Դեպրեսիայով տառապող մարդը հաճախ ընկնում է թմրության մեջ: Նա ոչ տխրում է, ոչ ուրախանում, ոչ էլ բարկանում: Առօրյա գործերը նրա մոտ բավարարավածության զգացում չեն առաջացնում, նա տառապում է ներքին ունայնությունից ու դատարկությունից:
Տխրությունը կարող է արտահայտվել ալկոհոլից և թմրանյութերից կախվածությամբ, խաղամոլությամբ, աշխատամոլությամբ: Դրանք օգնում են մարդուն թաքցնել ներքին խնդիրները և ճնշել տխրությունը սաղմնային վիճակում՝ հնարավորություն տալով ժամանակավոր թեթևություն զգալ կամ նույնիսկ էյֆորիայի մեջ ընկնել:
Տխրությունը կարող է վերափոխվել այլ էմոցիաների, օրինակ, դյուրագրգռության և զայրույթի: Այսինքն, նրանք, ում համար ավելի «հարմարավետ» է վախի և ցավի փոխարեն ագրեսիա դրսևորելը, չեն հասցնում «տխրել»: Նրանց վատ տրամադրությունն անմիջապես վերափոխվում է ագրեսիվ իմպուլսի:
Տխրությունը կարող է նաև վերածվել կպչուն մտքերի: Այս դեպքում մարդը մշտապես մտքերով վերադառնում է, օրինակ, սիրահարվածության օբյեկտին, անցյալի այն պահերին, որոնց համար ափսոսում է, կարող է հաճախակի անհեթեթ մտքեր ունենալ, ասենք՝ «կարո՞ղ է արդուկը միացրած եմ թողել», «արդյոք չե՞մ մոռացել փակել դուռը»:
Տխուր ապրումները կարող են առաջացնել տարբեր հոգեսոմատիկ (հոգեմարմնական) վիճակներ. միգրեն, մարսողության հետ կապված խնդիրներ, մեջքի ցավեր: Դեպրեսիայի դեպքում իրավիճակը հակառակն է. մտացրիվ սկլերոզը, վահանաձև գեղձի դիսֆունկցիան, գլխուղեղի ուռուցքները կամ վնասվածքները, բորբոքային պրոցեսներն իրենք կարող են դառնալ դեպրեսիայի պատճառ:
Երբ մենք՝ ընկղմվելով վշտի անդունդը, ապրում ենք մտերիմ մարդու կորուստը, մեր մութ թագավորությունում երբեմն լուսի շող է երևում: Դեպրեսիայի մեջ գտնվող հիվանդների մասին այսպիսի բան հազվադեպ կարելի է ասել:
Երբ մեկը տխուր է, գանգատվում և թեթևանում է: Դեպրեսիայի դեպքում արցունքներն ու գանգատները թեթևություն չեն բերում: Տխրությունը ինքնասպանության մտքեր չի առաջացնում, չի բերում իրականության ընկալման աղճատմանը և իրականությունից կտրվելուն, չի խոչընդոտում այլ էմոցիաների դրսևորմանը: Դեպրեսիայի դեպքում ողջ էմոցիոները դառնում են աղոտ և միագույն:
Դեպրեսիայով տառապող մարդկանց մեծ մասը ենթադրում է, որ իր հետ ինչ-որ բան կարգին չէ: Այդ մասին կռահում են նաև շրջապատողները: Դեպրեսիան հնարավոր չէ թաքցնել: Անկախ նրանից, ձեր վիճակը ճշգրտորեն համընկնում է դեպրեսիայի նկարագրությանը, թե ոչ, եթե ներքին անհանգստությունը տևում է ամիսներ, դա արդեն մասնագետին դիմելու պատճառ է:
Աղբյուրը. Good Therapy
© 2025 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: