1621      1

Ուղեղն աշխատունակ
պահելու 5 պարզ միջոց

Նևրոլոգներն առաջարկում են ուղեղն աշխատունակ և առույգ պահելու հինգ պարզ միջոց:

Բժշկության նվաճումների շնորհիվ մարդիկ սկսել են ավելի երկար ապրել: Այդ պատճառով ստիպված ենք ավելի մեծ ջանքեր ներդնել, որպեսզի տարիքի հետ ուղեղը մնա աշխատունակ: Պարտադիր չէ, որ կյանքի տևողության երկարելը հանգեցնի ուղեղի ֆունկցիաների խանգարմանը, բայց, ըստ կանխատեսումների, 2025 թվականին միայն Ալցհեյմերի հիվանդությամբ և միայն  Ամերիկայում հիվանդ կլինի ավելի քան 7 միլիոն տարեց մարդ:

Բարեբախտաբար, առաջատար տերխնոլոգիաները հնարավորություն են տալիս հետազոտողներին հասկանալ, թե ինչպես է աշխատում ուղեղը, ինչի՞ն է արձագանքում, և նույնիսկ ինչպես այն վերասովորեցնել:

Օրինակ, գիտենք, որ ուղեղի համար օգտակար են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ պարունակող մթերքները (հապալաս, կաղամբ, ընկուզեղեն): Գիտենք, որ միջերկրածովյան դիետան, որը հիմնականում կազմված է բուսական սննդից և հարուստ է ամբողջական հացահատիկներով, ձկնեղենով, մրգերով և կարմիր գինով, կարող է լավացնել ուղեղի աշխատանքը: Գիտենք նաև, որ ժպիտը կարող է ստիպել ուղեղին բացասականի փոխարեն փնտրել դրական հնարավորություններ:

Քանի տարեկան էլ որ լինեք, 25 թե 65, արժե փորձել այս հինգ պարզ միջոցները, որոնք, գիտնականների կարծիքով, կօգնեն ուղեղին արտադրել նոր բջիջներ, ձևավորել նոր նեյրոնային ուղիներ, պահպանել աշխարհի վերաբերյալ դրական և սուր հայացքը:

1. Շնորհավորեք ձեզ փոքրիկ հաղթանակների առիթով

Հաջողության հաճախականությունը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան դրա մասշտաբը: Որպեսզի շնորհավորեք ձեզ, պետք չէ սպասել մեծ հաջողությունների, — ասում է Ստենֆորդի համալսարանի մոտիվացիոն տեխնոլոգիաների լաբորատորիայի տնօրեն BJ Fogg-ը: Դրա փոխարեն ձեզ համար գտեք ամենօրյա փոքրիկ հաղթանակներ: Ձեր ուղեղի համար տարբերություն չկա մեծ և փոքր առաջընթացների միջև:

Առաջընթացը և անհաջողությունը ուժեղ ազդեցություն ունեն մեր էմոցիաների վրա: Որքան շուտ ձեզ զգաք հաջողության հասած մարդ, այնքան ավելի լավ, որովհետև դրա հետ կապված հույզերը կարող են օգնել այնպիսի վարք դրսևորել, որը կօգնի հաջողության հասնել: Մենք մեզ երջանիկ և ոգևորված ենք զգում մեր էներգիայի մակարդակի մեծացմանը զուգընթաց, իսկ դրա նվազման դեպքում ունենում ենք անհանգստության զգացում և նույնիսկ դեպրեսիա:

2. Պահպանեք ֆիզիկական ակտիվությունը

Նևրոլոգ Etienne van der Walt-ի  խոսքերով, ֆիզիկական ակտիվությունը ուղեղի առողջությունը լավացնելու ամենալավ միջոցներից մեկն է: Իսկ ֆիզիկական վարժանքների կոնկրետ ձևերը, պարզվում է, որ շատ օգտակար են ուղեղի …աճի համար:

Պարզ ասած, երբ մենք մարզվում ենք, մեր սրտի ռիթմը մեծանում է, թթվածինը ուղեղ է հասնում շատ ավելի արագ, և զարգանում են ուղեղի նոր բջիջներ: Որքան շատ ուղեղի բջիջներ ենք մենք արտադրում, այնքան դրանք ավելի հեշտ են փոխգործում միմյանց հետ՝ զարգացնելով նոր նեյրոնային ուղիներ: Վերջին հաշվով, մեր ուղեղը դառնում է ավելի արդյունավետ և պլաստիկ, ինչը նշանակում է ավելի լավ մտավոր արտադրողականություն:

Նույնիսկ կարիք չկա, որ ուղեղը լավ վիճակում պահելու համար շատ մարզվեք: Ինչպես ցույց են տվել հետազոտության արդյունքները, 20 րոպեանոց մարզումը բավական է, որպեսզի փոխեք  ուղեղի կողմից ինֆորմացիայի մշակման պրոցեսը և հիշողության ֆունկցիան: Եթե որոշել եք պահպանել ուղեղի ակտիվությունը, ուղղակի շատ շարժվեք:

3. Մարզեք ուղեղը

Շատ կարևոր է ակտիվ ձևով օգտագործել ուղեղը: Հակառակ դեպքում այն, ինչպես մյուս օրգանները, ի վերջո կարող է կորցնել իր աշխատունակությունը:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ավագ դասախոս Tara Swart-ը նշում է, որ կարևոր է գործի դնել ուղեղի այն բաժինները, որոնք այնքան էլ հաճախ չենք օգտագործում: Օրինակ, լավ վարժանքներ են նոր լեզու կամ երաժշտական գործիքի վրա նվագել սովորեը:

4. Ուղիղ նստեք

Ողջ աշխարհի մայրերն իսկապես ինչ-որ բան գիտեն, որ այդպես համառորեն երեխայից պահանջում են ուղիղ նստել: Ըստ 2013 թ. Հարվարդում անցկացված հետազոտությունների արդյունքների, ուղղահայաց դիրքը ոչ միայն բարձրացնում է էներգիայի մակարդակը և լավացնում ընդհանուր տրամադրությունը, այլև մեծացնում է ինքնավստահությունը:

Զուտ կոգնիտիվ տեսանկյունից, մարմնի կորացած դիրքը մեր ուղեղը դարձնում է ավելի հակված անհուսալիության զգացողությանը, դեպրեսիվ հիշողություններին և մտքերին: Ինչպես գրում է Amy Cuddy-ն  իր «Ներկայություն» («Presence») գրքում, այդ ֆենոմենը ամրացած է մեր կենսաբանության մեջ և պայմանավորված է նրանով, որ մարմնի լեզուն «սերտ կապված է կենդանական աշխարհում դոմինանտության հետ»:

Սան-Ֆրանցիսկոյի համալսարանում հոգեֆիզիոլոգիա ուսումնասիրող պրոֆեսոր Erik Peper-ը խորհուրդ է տալիս հեռախոսներից և համակարգիչներից օգտվելիս ուշադրություն դարձնել մարմնի դիրքին, իսկ փոքրիկ գաջեթներն այնպիսի դիրքում պահեք, որ ստիպված չլինեք դրանց նայել վերևից ներքև՝ կորացած մարմնով:

5. Գիշերը հեռախոսը հեռացրեք գլխի մոտից

Շատ միֆեր և կիսաճշմարտություններ կան, որ սմարթֆոնը կարող է ազդել ուղեղի վրա: Այս հարցում դեռ շատ հետազոտություններ պետք է անցկացվեն, բայց կարծես այսօր էլ արդեն պարզ է, որ էլեկտրոնային էկրանի (այդ թվում սմարթֆոնի) արձակած կապույտ լույսի և քնի միջև գոյություն ունի կապ: Իսկ քնի փուլերի խանգարումը կամ փոփոխությունը վատ է մի շարք առումներով: Օրինակ, բավարար խորությամբ քնի պակասը կարող է խանգարել, որ ուղեղը մաքրվի վնասակար բետա-ամիլոիդից:

Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտի ավագ դասախոս, քնի և ուղեղի հարցերով մասնագետ Swart-ի խոսքերով, ուղեղի բնական մաքրման համակարգը 6-8 ժամ քուն է պահանջում: Առանց դրա ուղեղում մեծ քանակությամբ բետա-ամիլոիդներ՝ նեյրոտոքսիններ են կուտակվում, առաջացնելով ամենատարբեր նևրոլոգիական խանգարումներ (օրինակ, թուլամտություն, Ալցհեյմերի հիվանդություն):

Այսպիսով, ի՞նչ հեռավորության վրա է պետք պահել խելացի սարքերը: Մենք այնքան էլ վստահ չենք, բայց Swart-ն ասում է, որ բավական է այն չդնել գլխի կողքին:

Վերջին հաշվով, ուղեղի առողջությունը պահպանելը կամք և հետևողականություն է պահանջում այնքան, որքան մարմնի մյուս մասերը: Եվ, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ընդամենը որոշակի ջանքեր գործադրելով հնարավոր է մեր բանականությունը մարմնի հետ համահունչ պահել:

Բնօրինակ

  Метки:
Обсуждение: есть 1 комментарий
  1. Չիվթչյան Մելինեասում է՝

    Լիովին համաձայն եմ վերում նշվածի հետ, ինձ հետաքրքիր է նաև ինչ մեթոդներով է ուղեղում արտադրվում T linfocit, քանի որ դրանք ակտիվ պայքարում են ուղեղի քաղցկեղի դեմ:

    Պատասխանել

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: