1808      0

Ուզում եմ ու կանեմ
(հատված գրքից)

Հատված Միխայիլ Լաբկովսկու «Ուզում եմ և կանեմ. ընդունել ինքն իրեն, սիրել կյանքը և դառնալ երջանիկ»  գրքից:

Հոգեբան Միխայիլ Լաբկովսկին համոզված է, որ մարդը կարող է և իրավունք ունի լինել երջանիկ, զբաղվել սիրած գործով: Այս գրքում հեղինակն ուսումնասիրում է այն պատճառները, որոնք խոչընդոտում են հոգեպես առողջ ապրելակերպին. որտեղի՞ց են մեր գիտակցված և չգիտացված տագնապները, վախերը, ինքներս մեզ լսել և այլ մարդկանց հետ հարաբերություններ կառուցել չկարողանալը:

(հատված գրքից)

Առաջին կանոնի մասին

«Անել միայն այն, ինչը դու ես ցանկանում» խորհուրդը մեր քաղաքացիներն ընկալում են որպես անարխիայի կոչ: Իրենց ամենամեծ ցանկությունները նրանք համարում են ցածր, արատավոր և շրջապատի համար վտանգավոր: Մարդիկ պարզապես վախենում են իրենց ազատություն տալ, որովհետև վստահ են, որ իրենք «թաքնված սանձարձակներ» են: Այստեղ ես տեսնում եմ համընդհանուր նևրոզի լուրջ ախտանիշներ:

Մարդուն ասում ես. «Արա, այն, ինչը դու ես ցանկանում»: Իսկ նա. «Ի˜նչ եք ասում: Ինչպե՞ս կարելի է»: Պատասխանում եմ. «Եթե դուք ձեզ լավ մարդ եք համարում, ուրեմն այո: Կարելի է և պետք է»: Լավ մարդու ցանկությունները համընկնում են շրջապատողների շահերի հետ:

Այս վեց կանոնները, որոնք տասնյակ մարդկանց են օգնել ազատվել նևրոզից, 30 տարվա պրակտիկայի արդյունք են: Դա չի նշանակում, որ ես դրանք ստեղծելու համար մտածել եմ 30 տարի: Ավելի շուտ, դրանք տարերայնորեն շարվել են, ինչպես Մանդելեևի աղյուսակը նրա գլխում:

Կանոններն առաջին հայացքից պարզ են.

  1. Անել միայն այն, ինչը ցանկանում ես:
  2. Չանել այն, ինչն անել չես ցանկանում:
  3. Անմիջապես ասել այն մասին, ինչը դուր չի գալիս:
  4. Չպատասխանել, երբ չեն հարցնում:
  5. Պատասխանել միայն հարցին:
  6. Հարաբերություններ պարզելիս խոսել միայն սեփական անձի մասին:

Բացատրեմ, թե դրանք ինչպես են աշխատում: Դեռ մանուկ հասակում յուրաքանչյուր նևրոտիկ որոշակի նյարդայնացնող, բորբոքող ազդակներ է ստանում, և ամենայն հավանականությամբ, ոչ մեկ հատ: Քանի որ դրանք կպչուն ձևով կրկնվում են, երեխայի հոգեկանում ձևավորում են դրանց արձագանքելու միևնույն ստերեոտիպ ռեակցաները: Օրինակ, երբ ծնողները բղավում են, երեխան վախենում և փակվում է իր մեջ: Իսկ երբ նրանք բղավում են մշտապես, երեխան նույնպես մշտապես գտնվում է վախի և ճնշված վիճակում:

Նա մեծանում է, և վարքը շարունակում է ամրապնդվել: Այդպես անցնում են տարիներ: Այդ ընթացքում ուղեղում ձևավորվում են ամուր նյարդային կապեր, այսպես կոչված, ռեֆլեկտորային աղեղ՝ որոշակի ձևով դասավորված նյարդային բջիջներ, որոնք ստիպում են ցանկացած նմանատիպ ազդակին արձագանքել նույն ձևով: (Իսկ եթե երեխային ծեծել կամ լքել  ե՞ն: Պատկերացնու՞մ եք, թե կյանքի նկատմամբ ինչ ռեակցիաներ են նրա մոտ ձևավորվում ):

Ուրեմն, որպեսզի օգնենք մարդուն հաղթահարել վախերը, տագնապները, անվստահությունը, ցածր ինքնագնահատականը, այդ աղեղը պետք է կոտրել և ստեղծել նոր կապեր: Առանց լոբոտոմիայի* կիրառության, դա անելու միայն մեկ միջոց կա՝ այնպիսի արարքների միջոցով, որոնք անսովոր են նևրոտիկի համար:

Նա պետք է սկսի այլ կերպ գործել, կոտրի իր վարքային ստերեոտիպները: Իսկ եթե կան հստակ հրահանգներ, թե ինչպես վարվել յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում, փոխվելն ավելի հեշտ է դառնում: Առանց մտածելու, առանց անդրադառնալու, առանց սեփական (բացասական) փորձին դիմելու: Ընդհանուր առմամաբ, կյանքի համար նշանակություն չունի, թե դուք ինչ եք մտածում: Նշանակություն ունի միայն այն, թե ինչ եք զգում և ինչ եք անում:

Իմ կանոններն առաջարկում են վարքի ձևեր, որոնք բացարձակապես բնորոշ չեն նևրոտիկներին: Ճիշտ հակառակը՝ հատուկ են հոգեպես առողջ մարդկանց. հանգիստ, անկախ, բարձր ինքնագնահատականով, ովքեր սիրում են իրենց:

Այդ կանոններից ամենամեծ դիմադրություն, մեծ թվով հարցեր և կասկածներ, ինչպես նաև իմ հասցեին ուղղված մեղադրանքներ առաջացնում է առաջին կետը: Ինձ ասում են. «Ի՞նչ է դա, սիրիր քեզ, թքած ունեցիր բոլորի վրա և կյանքում քեզ հաջողությու՞ն է սպասում»: Չնայած նրան, որ «բոլորի վրա թքած ունենալու» մասին ես երբեք և ոչ մի տեղ չեմ խոսում:

Չգիտես ինչու, բոլորը համառորեն համարում են, որ ապրել այնպես, ինչպես ինքդ ես ցանկանում, նշանակում է ապրել ի վնաս շրջապատողների: Բացի այդ, մեր հասարակությունում տարածված է արհամարհական վերաբերմունքը սեփական ցանկությունների նկատմամբ, կարծես դրանք անպայման ցածր ու արատավոր են: Ես նույնիսկ կասեի, որ մեր քաղաքացիներն իրենց ցանկություններին վերաբերվում են զգուշորեն կամ վախով:

Կոնցեպցիան հետևյալն է. «Հենց ազատություն ստացա, ինձ էլ հնարավոր չի լինի կանգնեցնել» (սեքս, թմրանյութեր, ռոքն-ռոլլ, կամ, ասենք, «Բոլորին կմորթեմ», «Ես զայրացած սարսափելի եմ): Եթե իսկապես սա է ինչ որ մեկի ցանկությունը, ուրեմն ինչպիսի՞ մարդ է նա: Սովորաբար, հետագայում նա նաև խոստովանում է, որ իրեն կոշտ ձեռք է պետք, ամուր կապանք և այլն: Ըստ իս, սա կոչվում է ստրուկի հոգեբանություն:

Մի կոնցեպտ ևս կա: Մոր սիրած բացականչությունը հետևյալն էր. «Դու չես կարող ապրել այնպես, ինչպես ուզում ես…»: Տատիկն էլ խոսք ուներ. «Ապրում ենք ոչ թե ուրախության, այլ խղճի համար», ու ամբողջ ընտանիքի համար նախանշան կար. եթե այսօր շատ ենք ծիծաղում, ուրեմն վաղը լաց ենք լինելու:

Արդյունքը՝ տագնապային հոգեբանությամբ մարդն օրգանապես չի կարողանում անել այն, ինչ ցանկանում է: Նույնիսկ չի կարողանում որոշել, թե ինքն ինչ է ցանկանում: Նա կարծես նախապես մեղավոր է և վստահ, որ իրականացած ցանկությունների համար պետք է հատուցել: Այդ պատճառով էլ նախապես իրեն պահում է այնպես, ինչպես «պետք է»:

«Անել այն, ինչը դու ես ցանկանում»-ը նաև հաճախ շփոթում են «եսասեր լինելու» հետ: Բայց դրանց միջև մեծ տարբերություն կա: Եսասերը չի ընդունում իրեն և ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ: Նա բացարձակապես կենտրոնացած է իր, սեփական խնդիրների և ներքին ապրումների վրա, որոնցից գլխավորը վիրավորվածության զգացումն է:

Նա չի կարող օգնել կամ կարեկցել ձեզ ոչ այն պատճառով, որ այդքան վատն է, այլ այն, որ դրա համար չունի հոգեկան ուժեր: Չէ որ նա ինքն իր հետ գտնվում է բուռն ու տպավորիչ հարաբերությունների մեջ: Եվ բոլորին թվում է, թե նա աննրբանկատ, չոր և սառը մարդ է, որ նա թքած ունի բոլորի վրա: Իսկ նա այդ ժամանակ մտածում է, որ հենց մնացածն իր վրա թքած ունեն: Եվ շարունակում է կուտակել վիրավորանքը:

Իսկ ո՞վ է այն մարդը, ով սիրում է ինքն իրեն: Նա, ով միշտ ընտրում է այն, ինչն իր սրտով է: Իսկ երբ պետք է որոշել, թե ինչպես վարվել, նա մի գուցե և ասի, թե ինչն է արդյունավետ, ինչն է խելամիտ, ինչ է ասում պարտքի զգացումը, բայց հետո կանի այնպես, ինչպես ՈՒԶՈՒՄ է: Եթե նույնիսկ դրա պատճառով փող է կորցնում: Եվ շատ այլ բան կարող է կորցնել:

Այս դեպքում, ու՞մից պետք է նա վիրավորվի: Նրա մոտ ամեն ինչ լավ է… Նա ապրում է նրանց կողքին, ում սիրում է, աշխատում է այնտեղ, որտեղ դուր է գալիս…Նրա մոտ ինքն իր հետ ամեն ինչ համաձայնեցված ու ներդաշնակ է: Այդ պատճառով, նա բարի է ուրիշների նկատմամբ և անկեղծ աշխարհի հետ: Նա նաև հարգում է ուրիշների ցանկություններն այնպես, ինչպես իրենը:

Եվ իմիջիայլոց, հենց այդ պատճառով նրա մոտ չկա այն ներքին կոնֆլիկտը, որը բնորոշ է երկակի կյանքով ապրող նևրոտիկներին: Օրինակ, կնոջ հետ՝ պարտքի զգացումի պատճառով ապրողին, իսկ սիրուհու հետ՝ ուղղակի զգացումի: Այդ ժամանակ կնոջ համար նա նվեր է գնում, որովհետև «այդպես պետք է», այլ ոչ թե նրա համար, որ ՈւԶՈՒՄ է նրան ուրախացնել: Կամ, աշխատանքի է գնում, որովհետև նրան դուր է գալիս իր գործը, այլ ոչ թե նրա համար, որ վարկ ունի և հույս ունի ևս հինգ տարի դիմանալ այդ դժոխքին: Ահա սա է երկատվածությունը:

Ցանկանալով արդյունքների հասնել, շատերն իրենց պարտքն են համարում պայքարել իրենք իրենց հետ, ճնշել հույզերը, ասել ինք իրեն «Ոչինչ, կսովորեմ»: Երևում է, առանց պայքարի և ինքնահաղթահարման ձեռք բերածը նրանց չի ուրախացնում: Ահա այդպիսի պայքարի մի տարածված օրինակ. աղջկը մի կողմից ցանկանում է ուտել, մյուս կողմից՝ նիհարել: Այդ պատճառով, եթե նա նույնիսկ նիհարում է, պարտվում է: Պարտվում է ինքն իրեն, որովհետև, միևնույն է, մտածում է տորթի մասին, ցանկանում է ուտել, հատկապես գիշերվա ժամը մեկին:

Մոտավորապես հենց սա էլ ասում եմ իմ այցելուներին, երբ նրանց բացատրում եմ իմ վեց կանոններից առաջինը և, երևի, ամենակարևորը: Որոնցով, իմիջիայլոց, ձգտում եմ ապրել նաև ես: Չեմ ձևացնեի, թե դա ինձ հեշտ է տրվել: Որպեսզի ապրեք «այնպես, ինչպես դուք էք ցանկանում», սկզբում շատ ջանք է պահանջվում:

Հոգեկանը սովորաբար տանում է կոմպրոմիսների և վախի ճանապարհով, իսկ դու բռնում ես քո ձեռքն ու ասում. «Կանգ առ, այս ի՞նչ եմ ես անում: Չ՞է որ ես դա չեմ ցանկանում»: Եվ այսպես շատ անգամներ, որոնցից հետո որոշում ընդունելն ավելի ու ավելի հեշտ է դառնում: Ձեր օգտին, բայց ոչ ի վնաս ինչ-որ մեկի: Չէ՞ որ ես գիտեմ, որ լավ մարդ եմ, և իմ ցանկությունները խնդիրներ չեն ստեղծի:

Եվ, անկեղծ ասած, ապրելն ավելի ու ավելի հեշտ է դառնում: Ավելին, այդպես մարզվելով, որոշ ժամանակ անց դու արդեն այլ կերպ չես կարողանում: Երբեմն նույնիսկ մտածում ես ցանկությանն ու կամքին հակառակ «խելամիտ վարվել», իսկ օրգանիզմն արդեն դիմադրում է: Այնքան ժամանակ, մինչև կհրաժարվես այն բանից, ինչն իսկապես չես ցանկանում, չնայած միգուցե պետք է: Եվ վրա է հասնում ուրախությունը: Ճիշտ է, այդ ձևով ես վերջերս զրկվեցի մի զգալի եկամուտից, բայց ավելի լավ է եկամուտից, քան առողջությունից և ուրախությունից:

Միխայիլ Լաբկովսկի, կարդացեք ընդարձակ հատված գրքից.  «Ուզում եմ և կանեմ. ընդունել ինքն իրեն, սիրել կյանքը և դառնալ երջանիկ»

*Լոբոտոմիա – հոգեկան հիվանդությունները բուժելու վիրաբուժական մեթոդ:

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: