1700      0

Երեխաների և դեռահասների բարեհաջողության բանալին

Գորդոն Նյուֆելդը «Երեխաների և դեռահասների բարեհաջողության բանալին. ինչու՞ պետք է երեխաները մեծանան ընտանիքներում, որոնք իրենց հերթին, պետք է ստանան հասարակության և պետության աջակցությունը» գրքում հակիրճ կիսվում է իր ողջ կյանքում կատարած աշխատանքի արդյունքներով՝ երեխաներին հասկանալու փորձով:

Զարգացման տեսության, տարբեր գիտական հետազոտությունների, սեփական կլինիկական դիտարկումների հիման վրա Նյուֆելդը ստեղծում է մարդու զարգացման մոդելը: Եթե այդ մոդելը ճիշտ է, այն դառնում է երեխաների, դեռահասների, և, հետևաբար, ողջ հասարակության բարեհաջողության բանալին:

Զարգացման հոգեբանության տեսանկյունից, բարեհաջողությունն ամենալավ ձևով արտահայտվում է նրանով, թե որքանով է մարդը ռեալիզացրել իրեն:

Գրքում մանրամասն դիտարկվում են հետևյալ առանցքային հարցերը.                                                    ի՞նչ է նշանակում ամբողջովին ռեալիզացնել անձնային պոտենցիալը,                                                  ի՞նչ է պետք երեխաներին, որպեսզի իսկապես հասունանան:

Գորդոն Նյուֆելդ — Կանադա, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, զարգացման հոգեբանության ճանաչված մասնագետ, պրոֆեսոր: Ավելի քան 40 տարի աշխատում է երեխաների, երիտասարդների և նրանց շրջապատող մեծերի հետ: Դասախոսություններով հանդես է գալիս աշխարհի շատ երկրներում: Մի շարք գրքերի հեղինակ է: Ստեղծել է միջազգային բարեգործական կազմակերպություն՝ Նյուֆելդի Ինստիտուտը:

Հատված «Երեխաների և դեռահասների բարեհաջողության բանալին» գրքից:

∴∴∴

Մենք պետք է սկսենք սահմանելուց, թե որն է երեխաների և դեռահասների բարեհաջողությունը: Այս հարցին կարելի է մոտենալ տարբեր կողմերից: Զարգացման հոգեբանության տեսանկյունից ամենակարևորը անձնային պոտենցիալի բացահայտումն է: Որպես զարգացման հոգեբանության մասնագետ, ես ելնում եմ նրանից, որ ամեն երեխա լիարժեք և հումանիստ մարդ դառնալու պոտենցիալ ունի, բայց ամեն մեկը չէ, որ այդ պոտենցիալը ռեալիզացնում է:

Այլ կերպ ասած, անձնային պոտենցիալի բացահայտումը սպոնտան է, բայց ոչ անխուսափելի: Անկասկած, սրանում է կայանում մարդ դառնալու էությունը: Ինչպես ասում են, մենք բոլորս մեծանում ենք, բայց բոլորս չէ, որ հասունանում ենք: Երեխային  իսկապես «մեծացնել» նշանակում է նրան տանել անձնային պոտենցիալի լիարժեք բացահայտման: Ես խոսում եմ ոչ թե անհատական, այլ մարդկությանը՝  homo sapiens տեսակին բնորոշ պոտենցիալի մասին: Բարեհաջողության այսպիսի սահմանումը պետք է տարբերել նաև սոցիալական և ֆինանսական ձեռքբերումներից:

Ի՞նչ է նշանակում լիակատար ռեալիզացնել անձնային պոտենցիալը:

Առաջին. ամեն երեխա ծնվում է առանձին էակ դառնալու պոտենցիալով՝ ունակ ինքնուրույն մտածել, անկախ գործել, իրեն առանձնացնել մյուսներից: Սա ինչպես բջջի, այնպես էլ օրգանների, ուղեղի կիսագնդերի, պտղի զարգացման պրոցեսի ֆունդամենտալ ձեռքբերումն է:

Սա նաև վերաբերում է զարգացման բոլոր ոլորտներին՝ կենսաբանական, ֆիզիկական, էմոցիոնալ, հոգեբանական: Ամեն երեխա ինքնուրույն դառնալու, սահմաններ ունենալու, սեփական որոշումներն ընդունելու պոտենցիալ ունի: Բայց ոչ բոլոր երեխաներն ու մեծերն են ռեալիզացնում այդ պոտենցիալը:

Երկրորդ. ամեն երեխա ծնվում է պոտենցիալ ունակությամբ հարմարվել այն հանգամանքներին, որոնք նա չի կարող վերահսկել, արմատապես փոխվել այն բանի ազդեցությամբ, ինչի վրա նա չի կարող ազդել:

Հարմարվողականությունը հանդիսանում է մարդկային էության հիմնական բաղկացուցիչը: Բայց կրկնում եմ, սա անխուսափելի չէ: Եվ երեխաները, և մեծերը տարբեր կերպ են ռեալիզացնում այս հիմնական մարդկային ունակությունը:

Երրորդ ամեն երեխա հասարակության լիարժեք անդամ դառնալու պոտենցիալ ունի: Դառնալու մարդ, ով ունակ է միավորվել և, միևնույն ժամանակ, առնվազն որոշակի աստիճանով պահպանել իր առանձնության զգացումը: Մարդկային սոցիալական պոտենցիալն իր մեջ ներառում է շատ ավելին, քան պարզապես միասին ապրելն ու իրար հետ լեզու գտնելը:

Մենք կարող ենք միմյանց նկատմամբ սիրալիր լինել բավականին անառողջ պատճառներով: Կարող ենք վշտացնելու վախից կամ լավ տպավորություն թողնելու և դուր գալու պահանջմունքից դրդված զոհաբերել սեփական անկեղծությունը:

Բայց մեր պոտենցիալը միասնության զգացումն է առանց կորցնելու առանձնությունը և, ընդհակառակը, առանձնության զգացումը՝ առանց կորցնելու միասնությունը: Սա հեշտ գործ չէ, և այսպիսի ունակությունը զարգացնելու համար շատ տարիներ են պահանջվում: Մտածեք, թե որքան դժվար է նման հասունության հասնել, օրինակ, ամուսնությունում: Ինչպես երեխաներին, այնպես էլ մեծերին տարբեր աստիճանով է հաջողվում զարգացնել այս ունակությունը:

Բոլորիս ցանկությունը պետք է լինի, որ մեր երեխաները կենսունակ դառնան որպես առանձին անհատներ, ունակ լինեն հարմարվել այն հանգամանքներին, որոնք չեն կարող փոխել, կարողանան ուշադիր լինել այլ մարդկանց նկատմամբ՝ միևնույն ժամանակ չկորցնելով իրենց: Զարգացման հոգեբանության տեսանկյունից սրանում է կայանում բարեհաջողության էությունը:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: