4176      0

Ինչպե՞ս պետք է
դաստիարակի
հայրիկը

Երեխայի կյանքի և դաստիարակության հարցում մոր ունեցած մեծ դերի մասին շատ է ասվել և ասվում գրողների, պոետների, նկարիչների, գիտնականների կողմից, և այդ դերն ակնհայտ է: Այս անգամ անդրադառնանք հոր՝ ընտանիքում և երեխաների դաստիարակության հարցում հավասար կարևորություն ունեցող դերին:

Վ. Ի. Գարբուզով (06.01.1930-28.04.2013) – Սանկտ-Պետերբուրգ: Պրոֆեսոր, հոգենևրոլոգ, հոգեթերապևտ, փիլիսոփա, գրող: Բազմաթիվ գիտական աշխատանքների և գրքերի հեղինակ է: Կյանքի վերջին տարիներին եղել է հոգեվերլուծության Արևելա-Եվրոպական ինստիտուտի հոգեթերապիային ամբիոնի պրոֆեսոր:

Որպեսզի մանկությունը ոչ միայն երջանիկ լինի, այլև պատրաստի ապագա կյանքին, երեխան և´ անվերապահ, և´ պահանջկոտ սիրո կարիք ունի:

Սերն անվերապահ է, երբ երեխային սիրում են այնպիսին, ինչպիսին կա: Դա չափազանց կաևոր է հատկապես կյանքի արշալույսին: Երեխան ոչ շատ գեղեցիկ է, ոչ էլ շատ խելացի, բայց եթե զգում է, որ ծնողները սիրում են իրեն, ուրեմն նա երջանիկ է, խաղաղ, բավարարված, զգում է իր արժեքն ու կարևորությունը:

Պահանջկոտ սերը ձեռքբերումների, հաղթահարումների համար սերն է, այն պետք է վաստակել: Պահանջկոտ սերը դրդում է երեխային լավը լինել, վարվել արժանավայլել, հաղթահարել ինքն իրեն և դժվար իրավիճակները: Այդպիսի սերը դաստիարակում է:

Հայրը որդուն սիրում է պահանջկոտ, իսկ դստերն անվերապահ

Որպեսզի տղան իսկական տղամարդ դառնա, անհրաժեշտ է, որ վաղ մանկությունից՝ ի դեմս հոր, իր աչքի առջև վարքի տղամարդկային ձև ունենա: Սկզբում երեխայի մոտ տպավորվում են վարքի արտաքին ոճն ու դրսևորումները, այնուհետև՝ մոտ 5 տարեկանից սկսած, նա սկսում է ընկալել հոր ներքին աշխարհը, նրա վերաբերմունքը մարդկանց, իրադարձություններին, կյանքին, դժվարություններին և անհաջողություններին:

Ընտանիքում տղամարդու և հոր դերը ձևավորվել է դարերի ընթացքում: Հայրը հենարան է, պաշտպանություն, արդար դատավոր: Եվ եթե նրա կերպարը երեխայի աչքում չի աղավաղվել հենց իր՝ հոր վարքով, եթե տղամարդը չի նսեմացվել կնոջ կողմից, ուրեմն նրա այդ դերը պահպանվել է նաև մեր օրերում:

Հայրը սովորեցնում է կատարել իր պարտքը հասարակության առջև, էքստրեմալ իրավիճակներում իր վրա է վերցնում պատասխանատվությունը: Հայրը հանգիստ է, երբ բոլորը վտանգի և սպառնալիքի առջև շփոթված են: Հայրը ձևավորում է կնոջ նկատմամբ հարգանք, գթասրտություն ծերության հանդեպ, մեծահոգություն թույլի նկատմամբ, հաստատում է իսկական ուժի բարի լինելը: Հայրը սովորեցնում է ղեկավարել և ենթարկվել, կազմակերպված լինելու և գիտակցված կարգապահության օրինակ է ծառայում:

Լիարժեք ընտանիքում աղջիկն իրեն ավելի ինքնավստահ և պաշտպանված է զգում, ժամանակին է հասկանում տղամարդկային բնավորության առանձնահատկությունները: Այս դեպքում, մեծանալով, նա ավելի ճիշտ է ընտրում ապագա ամուսնուն և ավելի հաճախ է բարեհաջող ընտանիք ունենում:

Իսկ եթե պետք է, որդուն պատժում է հայրը: Վատ է, որ դա ստիպված է անել մայրը, քանի որ ընտանիքում հոր և մոր դերերը բաշխվել են դեռևս վաղնջական ժամանակներից: Որդուն անվերապահ սիրով սիրող մոր համար դա անբնական և ուժերից վեր է: Պատժում է նա, ով սիրում է պահանջկոտ: Հետևաբար, դստերը պատժում է մայրը, իսկ որդուն՝ հայրը:

 Մայրը որդուն սիրում է անվերապահ, իսկ դստերը՝ պահանջկոտ:                                                         Հայրը դստերն է սիրում անվերապահ, իսկ որդուն՝ պահանջկոտ:

Այս դեպքում երեխաները ստանում են ճիշտ դաստիարակություն, ինչը նրանց օգնում է երջանիկ մարդ մեծանալ:

Վ. Ի. Գարբուզովի նյութերի հիման վրա :

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: