John Gottman-ի «Ինչպես պահպանել ամուսնական սերը» գիրքը գրված է նրանց համար, ովքեր նոր են պատրաստվում ամուսնանալ, և ովքեր ամուսնացած են տասնամյակներ: Այս իմաստուն գրքում նշանավոր հոգեբանն ու ընտանեկան խորհրդատուն բացում է սիրո գաղտնիքները: Որտեղի՞ց է առաջանում սերը, ու՞ր է անհետանում այն: Ինչու՞ որոշները շարունակում են սիրել, երբ այլևս հարաբերություններ չկան:
Գոթմանը տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է, թե ինչպես են իրար հետ խոսում և ֆիզիոլոգիապես իրար հարմարվում ամուսնական զույգերը: Իր հետազոտությունների շնորհիվ այժմ նա կարող է պատասխանել ամուսնական սիրուն վերաբերող ցանկացած հարցի: Բարդ գիտական գաղափարները Գոթմանը վերածել է գործնական խորհուրդների, թե ինչպես ամուսնական զույգը կարող է պահպանել և վերականգնել մեծագույն պարգևը՝ սերը:
Ջոն Գոթման (John Gottman), ծնվել է 1946 թ., երկար ժամանակ եղել է Սիեթլի Վաշինգտոնյան համալսարանի հոգեբանության պրոֆեսոր, հոգեթերապևտ է, ընտանեկան հոգեբան «The Gottman Institute» ընկերության հիմնադիրը: Համաշխարհային ճանաչում է ստացել SPAFF կոդային համակարգի ստեղծման համար, որը թույլ է տալիս 95% ճշգրտությամբ որոշել հաջորդ 15 տարիների ընթացքում ամուսնության պահպանման հավանականությունը: 1986 թ. բացել է սերն ուսումնասիրող նմանը չունեցող լաբորատորիա: Ուսումնասիրելով զույգերի միմիկան, խոսքի դարձվածքները, ինտոնացիան, ժեստերը, պրոֆեսորը մեծ ճշգրտությամբ որոշում է ընտանեկան հարաբերությունների զարգացման հեռանկարայնությունը:
Մի քանի մեջբերում «Ինչպես պահպանել ամուսնական սերը» գրքից
∴∴∴
Մարդիկ, ովքեր իսկապես մտերիմ են, պահանջ են զգում կիսվել իրար հետ նրանով, ինչն իրենք համարում են համատեղ կյանքի նպատակն ու իմաստը: Երբ ամուսինները, միտումնավոր կամ ոչ, խուսափում են լուրջ թեմաներ քննարկել, միմյանց նկատմամբ նրանց կրած պատասխանատվությունը մնում է մակերեսային: Որպեսզի դա կանխվի, ամուսինները պետք է անպայման ժամանակ հատկացնեն իրենց կյանքի նպատակները և մտադրություններն իրար հետ քննարկելուն՝ առանց սպասելու դրա համար հարմար պահի:
∴∴∴
Դավաճանությունը կարող է վտանգի ազդանշան լինել, որը ցույց է տալիս իրար նկատմամբ ուշադրության պակասը, ինչն էլ բերում է նրան, որ պարտնյորներից առնվազն մեկն իրեն միայնակ և ավելորդ է զգում:
∴∴∴
Վատ հարաբերություններն առողջության համար քայքայիչ են, բայց վիճակագրությունն ասում է, որ մշտական միայնակությունն ավելի վտանգավոր է:
∴∴∴
Եթե պարտնյորի հետ հարաբերություններում ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, բոլոր հնարավոր միջոցներով դա նրան հասկացնել տվեք: Իհարկե, ավելի լավ է ամեն ինչ տակտով անել, մտքերն արտահայտել բարյացկամորեն, այլ ոչ թե դրանց ուղիղ քննադատության ձև տալ, ինչը կարող է ընկալվել որպես հարձակում:
∴∴∴
Յուրաքանչյուրն ունի սթրեսակայունության իր անհատական աստիճանը և գերագնահատում է այն այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտնվում սահմանին կամ ամբողջությամբ չի ընկնում ապատիայի մեջ:
∴∴∴
© 2025 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը:
Բարև ձեզ այս գիրքը կարո՞ղ եք ուղարկել ինձ.
Բարև Ձեզ: Հարգելի Անիտա, ցավոք Ձեր ուզած գրքերի էլեկտրոնային տարբերակը չունեմ: