1409      0

Ովքե՞ր են
սոցիալական և ասոցիալ
փսիխոպաթները

Ըստ հոգեբանական բառարանի, փսիխոպաթիան բնավորության պաթոլոգիա է, որի դեպքում սուբյեկտի մոտ դիտվում են գործնականում անդառնալի առանձնահատկություններ և խոչընդոտում են սոցիալական միջավայրում նրա ադեկվատ ադապտացիային:

Բժշկական տեղեկատուներում փսիխոպաթիան սահմանվում է որպես անձի խանգարում, հոգեպաթոլոգիական սինդրոմ, որը պայմանավորված չէ ֆիզիկական հիվանդութամբ: Այն դրսևորվում է անգթությամբ ու կարեկցանքի բացակայությամբ, անհիմն զայրույթով, իմպուլսիվությամբ, ուրիշներին վնաս պատճառելու դեպքում զղջալու և  մեղքի զգացում ունենալու անկարողությամբ, ստախոսությամբ, եսակենտրոնությամբ: Պսիխոպաթների էմոցիոնալ ռեակցիաները շատ մակերեսային են, այլ մարդկանց հետ նրանք չեն կարողանում պահպանել երկարատև էմոցիոնալ հարաբերություններ:

Հոգեֆիզիոլոգ Վադիմ Ռոտենբերգը պարզաբանում է, թե ովքեր են փսիխոպաթները և ինչո՞վ են նրանք վտանգավոր:

Վադիմ Ռոտենբերգ, հոգեֆիզիոլոգ, Թել-Ավիվի (Իսրայել) համալսարանի պրոֆեսոր:          Նրա կայքը

Հենց որ փսիխոպաթները հայտնվում կյանքի դժվար իրավիճակում և իրադարձությունները զարգանում են ոչ այնպես, ինչպես իրենք են ուզում, երբ նրանց ցանկությունները չեն բավարարվում, նրանք անմիջապես ցուցաբերում են նյարդային, ագրեսիվ վարք՝ բացարձակապես հաշվի չառնելով շրջապատի արձագանքը:

Նրանց ոչինչ հետ չի պահում: Կատաղած վիճակում նրանք կարող են անցնել ուղիղ ագրեսիայի: Սոցիալական նորմերն արհամարհող այս վարքը ստացել է փսիխոպաթիա անվանումը:

Ասոցիալ փսիխոպաթներ

Այսպես կոչված ասոցիալ փսիխոպաթներ շատ կան հանցագործների մեջ: Բարեբախտաբար, փսիխոպաթիան չի ազատում քրեական պատասխանատվությունից, քանի որ այն հոգեկան հիվանդություն չէ, այլ անձի զարգացման առանձնահատկություն: Ինչո՞վ են նորմալ մարդիկ տարբերվում ընդհանրապես փսիխոպաթներից և մասնավորապես՝ ասոցիալներից:

Նորմալ մարդիկ ուժեղ զսպող մեխանիզմներ ունեն՝ իրենց սոցիալական մոտիվները: Դա վարքի ընդունված նորմերը ոչ թե պարզապես պահպանելու, այլ ողջ էությամբ դրանց համապատասխանելու, սեփական աչքերում լավ մարդ լինելու ներքին պահանջմունք է:

Շնորհիվ այդ մոտիվների, մենք զգում ենք էմպատիա, կարող ենք մեզ դիմացինի տեղը դնել: Իսկ էմոցիոնալ պոռթկման, դիմացինի նկատմամաբ կոշտ լինելու համար նախ և առաջ հատուցում ենք սիրո և ինքերս մեր նկատմամաբ ունեցած հարգանքի կորստով:

Սոցիալական մոտիվները ձևավորվում են դաստիարակության ընթացքում: Դեռ վաղ մանկությունից երեխան դրանք ընդօրինակում է իրեն շրջապատողներից, նրանցից, ով սիրում է իրեն, ում նա է սիրում և ում ուզում է նմանվել:

Սրանում է մարդու և կենդանիների սկզբունքային տարբերությունը: Կենդանիների մոտ մեկ տեսակի ներսում գործում են բնածին, կենսաբանորեն պայմանավորված սոցիալական բնազդներ, որոնք ավտոմատ ձևով կանխում են փոխադարձ ոչնչացումը:

Երբ կռվող գայլերից մեկն իրեն պարտված է զգում, հնազանդորեն հաղթողին է դեմ տալիս պարանոցը: Իսկ հաղթողը, որքան էլ տաքացած լինի մենամարտից, ատամները չի խրում պարանոցի մեջ և չի սպանում մրցակցին: Սա ոչ թե վեհ արարք է, այլ բնազդով պայմանավորված գործողություն:

Մարդն այդպիսի բնազդով չի ծնվում, և եթե նրա սոցիալական մոտիվները չեն զարգացել, նա կարող է շրջապատի համար շատ ավելի վտանգավոր լինել, քան վայրի կենդանին: Հանցագործությունից նրան հետ է պահում միայն պատժվելու վախը: Բայց ասոցիալ փսիխոպաթների վրա չի ազդում նաև դա:

Պատճառն այն է, որ սոցիալական մոտիվների բացակայությունը նրանց մոտ զուգորդվում է խառնվածքի և մտածողության առանձնահատկությունների հետ. նրանք իմպուլսիվ են և ի վիճակի չեն գնահատել իրենց արարքի հնարավոր հետևանքները, նրանց ինքնավերահսկողությունը խախտված է:

Բարեբախտաբար, ասոցիալ փսիխոպաթների անձնային առանձնահատկությունները հաճախ աչք են զարկում և կարող են շրջապատի համար որպես նախազգուշացում հանդիսանալ: Դա էլ ասոցիալ փսիխոպաթին ինչ-որ առումով պակաս վտանգավոր դարձնում, քան սոցիալական փսիխոպաթն է:

Սոցիալական փսիխոպաթին հայտնաբերելը շատ ավելի բարդ է: Առաջին հայացքից նրանք լավ տպավորություն են թողնում, թվում է, թե հետաքրքրություն և ուշադրություն են դրսևորում շրջապատի նկատմամաբ: Նրանց վարքը կարգավորված է, նրանք անկառավարելի էմոցիոնալ պոռթկումներ չեն ունենում…

Եվ հանկարծ պարզվում է, որ այդ մարդն ունակ է ձեր թիկունքում ցանկացած ստորություն անել, միայն թե դա գաղտնի մնա: Ինչպես ասոցիալ փսիխոպաթների, նրանց մոտ ևս բացակայում են սոցիալական մոտիվները: Եթե նրանք ինչ-որ մեկի նկատմամաբ խանդի և նախանձի զգացում ունեն (իսկ դա հաճախ է լինում), ոչ մի բարոյական նորմ նրանց հետ չի կարող պահել:

Բայց, նրանց մոտ պահպանված է սեփական վարքի վերահսկողությունը: Նրանք իմպուլսիվ չեն, նրանց արարքները կարգավորված են և հաշվարկված: Նրանք լավ գիտեն ինչպես իրենց պահել, որպեսզի չքննադատվեն:

Միևնույն ժամանակ, սոցիալական փսիխոպաթները կարող են հրեշավոր հանցանքներ գործել նույնիսկ այն մարդկանց նկատմամբ, որոնց հետ որևէ անձնական թշնամանք չունեն: Գլխավորն այն է, որ այդ դեպքում անձամբ իրենց ոչինչ չսպառնա:

Պատերազմները ցույց են տվել, որ սոցիալական մոտիվներից զուրկ մարդիկ շատ ավելի մեծ քանակ են կազմում, քան ենթադրվում է: Նրանք անբարոյական հրամանները կատարելու իրենց պատրաստակամությունը անկեղծորեն համարում են իրենց պարտքը, իսկ հենց հրամանը՝ ցանկացած վարքի արդարացումը: Ավելին, այն, ինչ նրանք անում են, որևէ ներքին կոնֆլիկտ չի առաջացնում:

Ի՞նչ կարող ենք հակադրել փսիխոպաթիային: Ծնողները պետք է հիշեն, որ սոցիալական մոտիվները սկսում են ձևավորվել վաղ մանկությունից, եթե երեխաներն իրենց նկատմամբ ջերմ վերաբերմունք են զգում և իրենցից էլ նման վերաբերմունք են սպասում:

Երեխայի ջերմ էմոցիոնալ կապը մտերիմների՝ ծնողների, տատիկների ու պապիկների հետ, և ցանկությունը, որ նրանք սիրեն իրեն, այլ ոչ թե պարզապես հոգ տանեն իր մասին, նպաստում են սոցիալական մոտիվների զարգացմանը:

Եթե ինչ-որ մեկին հաճելի բան անելու և կարեկցելու երեխայի պահանջմունքը մշտապես աջակցություն է ստանում և հավանության արժանանում մտերիմների կողմից, փսիխոպաթիայի զարգացման շանսերը հասցվում են նվազագույնի:

Ըստ Վադիմ Ռոտենբերգի

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: